Փաստերը վկայում են, որ կան 5 քայլեր, որոնք կարող եք ձեռնարկել ձեր հոգեկան առողջությունն ու բարեկեցությունը բարելավելու համար: Դրանք փորձելը կարող է օգնել ձեզ, որ ավելի դրական զգաք և կյանքից առավելագույն օգուտ քաղեք:
1. Կապվեք այլ մարդկանց հետ
Լավ փոխհարաբերությունները կարևոր են ձեր հոգեկան բարեկեցության համար: Սոցիալական կապերը՝
- օգնում են ձեզ, որ ձևավորեք պատկանելության և ինքնագնահատման զգացումներ
- հնարավորություն են տալիս, որ կիսվեք ձեր դրական փորձով այլ մարդկանց հետ
- տրամադրում են հուզական աջակցություն և այլ մարդկանց օգնելու հնարավորություն:
Կան բազմաթիվ ձևեր, որոնք կարող եք փորձել ավելի ամուր և սերտ փոխհարաբերություններ ստեղծելու համար:
2. Եղեք ֆիզիկապես ակտիվ
Ակտիվ լինելը ոչ միայն հիանալի միջոց է ձեր ֆիզիկական առողջության և մարզավիճակի համար: Փաստերը վկայում են որ այն նաև կարող է բարելավել ձեր հոգեկան բարեկեցությունը հետևյալ ուղիներով՝
- բարձրացնում է ձեր ինքնագնահատականը
- օգնում է, որ նպատակներ կամ խնդիրներ կազմեք և հասնեք դրանց
- ձեր գլխուղեղում առաջացնում է քիմիական փոփոխություններ, որոնք կարող են օգնել տրամադրության բարելավմանը:
3. Սովորեք նոր հմտություններ
Հետազոտությունները ցույց են տալիս, որ նոր հմտություններ սովորելը նույնպես կարող է բարելավել ձեր հոգեկան բարեկեցությունը հետևյալ միջոցներով՝
- խթանում է ձեր ինքնավստահությունը և բարելավում ինքնագնահատականը
- ձևավորում է նպատակի զգացում
- հնարավորություն է տալիս շփվելու և կապեր ստեղծելու այլ մարդկանց հետ:
Նույնիսկ եթե զգում եք, որ բավարար ժամանակ չունեք կամ գուցե նոր բաներ սովորելու կարիք չունեք, կան բազմաթիվ տարբեր եղանակներ՝ ուսուցումը ձեր առօրյա կյանք բերելու համար:
4. Տվեք ուրիշներին
Հետազոտությունները ցույց են տալիս, որ նվիրաբերության և բարության գործողությունները կարող են օգնել ձեր հոգեկան բարեկեցության բարելավմանը հետևյալ ձևով՝
- ստեղծում են դրական զգացմունքներ և պարգևատրման զգացում
- տալիս են նպատակասլացության և ինքնագնահատման զգացումներ
- օգնում են, որ կապեր ստեղծեք այլ մարդկանց հետ։
Դա կարող է լինել փոքր բարության դրսևորումներ այլ մարդկանց նկատմամբ, կամ ավելի մեծ գործողություններ, ինչպիսիք են ձեր համայնքում կամավոր միջոցառումներին մասնակցելը:
5. Ուշադրություն դարձրեք ներկա պահի վրա
Ներկա պահի վրա ավելի շատ ուշադրություն դարձնելը կարող է բարելավել ձեր հոգեկան բարեկեցությունը: Սա ներառում է ձեր մտքերն ու զգացմունքները, ձեր մարմինը և ձեզ շրջապատող աշխարհը:
Այս մեթոդը նաև կոչվում է «գիտակցվածություն»: Գիտակցվածությունը կարող է օգնել, որ ավելի շատ վայելեք կյանքը և ավելի լավ հասկանաք ինքներդ ձեզ: Այն կարող է դրականորեն փոխել ձեր վերաբերմունքը կյանքի և այն բանի նկատմամբ, թե ինչպես եք վերաբերվում առկա խնդիրներին:
Իմացե՛ք ավելին գիտակցվածության մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 30-04-2024