Հոմեոպաթիան երբեմն օգտագործվում է որպես դասական բժշկությանն այլընտրանք կամ լրացում, սակայն այս մեթոդի արդյունավետությունը կամ անվտանգությունը հաստատող տվյալները խիստ աղքատիկ են կամ բացակայում են:
Ի՞նչ է հոմեոպաթիան
Հոմեոպաթիան հիմնված է այն գաղափարի վրա, որ, եթե ինչ-որ մի նյութ առողջ մարդու մոտ առաջացնում է ախտանիշներ, ապա նույն այդ նյութի խիստ փոքր քանակները կարող են բուժել հիվանդ մարդու մոտ առաջացող նույն այդ ախտանիշները:
Հոմեոպաթիկ միջոցները պատրաստվում են` վերցնելով ինչ-որ նյութ, հիմնականում՝ բուսական, կենդանական կամ քիմիական ծագման, և բազմակի անգամ ջրով կամ ալկոհոլով նոսրացնում: Հաճախ այդ նյութերն այնքան են նոսրացվում, որ սկզբնական նյութից որևէ մնացորդ չի մնում: Այսպիսի խիստ նոսրացված պատրաստուկները կարող են այնուհետև տրվել հաբերի, հեղուկների կամ քսուքների ձևով:
Արդյոք հոմեոպաթիան արդյունավե՞տ է
Որևէ ապացույց չկա այն մասին, որ հոմեոպաթիան կարող է կանխարգելել կամ բուժել որևէ հիվանդություն:
Արդյոք հոմեոպաթիան հանդիսանո՞ւմ է այլընտրանք մանկական պատվաստմանը
Ի տարբերություն հոմեոպաթիկ պատրաստուկների, բժիշկների կողմից նշանակվող «դասական» պատվաստանյութերը մինչև զանգվածային կիրառության թույլտվություն ստանալն անցնում են արդյունավետության և անվտանգության ստուգման մի շարք հետազոտություններ: Միևնույն ժամանակ, որևէ ապացույց չկա, որը կհաստատեր մանկական վարակային հիվանդությունների դեմ պաշտպանունակության գործում հոմեոպաթիկ պատրաստուկների օգտակարությունը:
Արդյոք հոմեոպաթիկ բուժումն անվտա՞նգ է
Ընդհանուր առմամբ, դժվար է իմանալ, թե արդյոք որևէ հոմեոպաթիկ պատրաստուկը բավարար անվտանգ է, քանի որ այդպիսի պատրաստուկները, որպես կանոն, չեն անցել արդյունավետության և անվտանգության ստուգման պատշաճ հետազոտություններ, որը պարտադիր պայման է հանդիսանում «դասական» դեղերի և պատրաստուկների համար:
Չի բացառվում, որ հոմեոպաթիկ դեղերը լինեն բավարար անվտանգ, եթե օգտագործվում են «դասական» դեղերի հետ միասին, սակայն դրանք չեն կարող անվտանգ համարվել առանձին օգտագործելիս, քանի որ առողջական խնդիր ունեցող մարդը փաստորեն զրկվում է ապացուցված բուժական ազդեցությամբ դեղերից):
Արդյոք հոմեոպաթիան կարո՞ղ է հանդիսանալ բուժման այլընտրանք
Ժամանակակից ուղեցույցները կտրուկ դեմ են արտահայտվում քրոնիկ կամ ծանր, ինչպես նաև ծանր բարդությունների ռիսկով հիվանդությունների բուժումը հոմեոպաթիկ միջոցներով:
Եթե դուք ընդհատեք բժշկի նշանակումները և դրա փոխարեն օգտագործեք հոմեոպաթիկ միջոցներ, կարող եք լուրջ վտանգի ենթարկել ձեր առողջությունը:
Հոմեոպաթիայի վերաբերյալ հարցեր, որոնք պետք է տաք ձեր բժշկին
Ձեր բժիշկն այն մասնագետն է, ով լավագույնս կարող է որոշել՝ ընդունել հոմեոպաթիկ որևէ միջոց, թե խուսափել նման պատրաստուկից: Ահա որոշ հարցեր, որոնք կարող եք տալ ձեր բժշկին՝
- կարո՞ղ եմ ես իմ բուժմանն ավելացնել որևէ հոմեոպաթիկ միջոց
- ինչքանո՞վ է անվտանգ հոմեոպաթիկ միջոցի օգտագործումը
- կա՞ որևէ ապացուցված տվյալ այն մասին, որ որևէ հոմեոպաթիկ միջոց կարող է օգտակար լինել իմ հիվանդության բուժման մեջ:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-06-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024