Skip to main content

Շոգից խուսափելու մոտեցումներ - Հմտություններ

Հայաստանը արևային երկիր է, որտեղ ամառը բնորոշվում է առողջության համար ոչ բարենպաստ շոգ կամ տոթ եղանակով։

Այս հոդվածում կներկայացնենք, թե ինչպես ամառվա ընթացքում պաշտպանվել արևի վնասակար ճառագայթներից և խուսափել ջրազրկումից: Կարևոր է նաև իմանալ, թե ինչպես ճիշտ նախապատրաստվել շոգ ու տոթ եղանակներին և ինչպես ցուցաբերել այդ օրերին զարգացող առողջական խնդիրների առաջին օգնությունը:

Ովքե՞ր են շոգ եղանակի նկատմամբ ավելի ռիսկային

Բազմաթիվ մարդիկ խիստ շոգ եղանակային պայմանների և օդի ջերմաստիճանի բարձրացման ալիքների ժամանակ նշում են անհարմարավետություն և թուլություն: Սակայն կան մարդիկ, ովքեր շոգ պայմաններում ինքնազգացողության վատացման նկատմամբ ավելի ռիսկային են: Մարդկանց այս խմբերից են՝

  • 75 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդիկ
  • նորածիններ և մանկահասակ երեխաներ
  • երկարատև ընթացքով կամ քրոնիկ առողջական խնդիրներով, օրինակ՝ շնչառական հիվանդություններով, դիաբետով կամ արյան շրջանառության հիվանդություններով մարդիկ
  • գեր մարդիկ
  • որոշ դեղեր ընդունող մարդիկ
  • սոցիալապես մեկուսացված մարդիկ
  • դրսում կամ տոթ և վատ օդափոխվող միջավայրերում աշխատող մարդիկ, հատկապես, եթե նման պայմաններում կատարում են գերքրտնարտադրությամբ ուղեկցվող ծանր ֆիզիկական աշխատանք
  • մարդիկ, ովքեր դեռ չեն հարմարվել (ակլիմատիզացվել) շոգ եղանակներին, օրինակ՝ հեռավոր ճանապարհորդներ:

Եթե դուք պատկանում եք այս խմբերից մեկնումեկին, ապա շոգ և արևոտ օրերին պետք է առավել զգուշավորություն դրսևորեք։

Ինչպիսի՞ առողջական խնդիներ կարող են առաջանալ շոգ պայմաններում

Ջերմային ցան (քրտնախաշ)

Սա քորով ուղեկցվող կամ ցավոտ ցանավորում է, որին երբեմն անվանում են նաև «քրտնախաշ»։ Ջերմային ցանը պատճառվում է շոգ պայմաններում գերքրտնարտադրությունից, խոնավ միջավայրից և ավելի հաճախ ի հայտ է գալիս պարուրաշորերով փաթաթված նորածինների և մանկահասակ երեխաների շրջանում։

Ախտանիշներ․ խմբավորված կարմիր մանր բշտիկային ցան, որն ի հայտ է գալիս պարանոցին, կրծքավանդակի վերին շրջանում, աճուկային և արմնկային ծալքերում կամ կրծքագեղձերի տակ։

Ի՞նչ անել․ տեղափոխվեք ավելի զով և ավելի քիչ խոնավ միջավայր։ Մաշկի ախտահարված շրջանները պահեք չոր (դեղատնային փոշիները կարող են օգնել) և խուսափեք յուղեր կամ նրբաքսուքներ (կրեմներ) օգտագործելուց, որոնք կարող են մաշկը պահել տաք և ավելի խորացնել ախտահարումը։

Ջրազրկում

Ջրազրկումը զարգանում է, երբ օրգանիզմը չունի բավարար քանակով ջուր և այլ հեղուկներ, որ ապահովի նորմալ նյութափոխանակություն։

Ախտանիշներ․ գլխապտույտ, թուլություն, դյուրագրգռություն, ծարավի զգացում, մուգ դեղին մեզ, ախորժակի անկում, ուշագնացություն։

Ի՞նչ անել․ խմեք առատ հեղուկներ կամ նոսրացված մրգահյութեր, խուսափեք թեյից, սուրճից և ալկոհոլից։ Տեղափոխվեք ավելի զով սենյակ, ցանկալի է՝ օդորակիչով հովացվող և օդափոխվող։ Եթե ունեք, ապա խմեք ռեհիդրատացիոն լուծույթներ, որոնք ձեր օրգանիզմը կապահովեն անհրաժեշտ աղերով։ Ինքնազգացողության կտրուկ վատացման դեպքում զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն։

Ջերմային ցնցումներ

Ջերմային ցնցումները կարող են ի հայտ գալ այն մարդկանց մոտ, ովքեր ֆիզիկական ծանր աշխատանք կատարելիս խիստ քրտնում են՝ կորցնելով մեծ քանակով ջուր և աղեր։ Սա պետք չէ շփոթել բարձր ջերմող որոշ մանկահասակ երեխաների մոտ ի հայտ եկող տենդային ցնցումների հետ։

Ախտանիշներ․ մկանային ցավեր կամ ջղաձումներ։ Ջերմային ցնցումները կարող են նաև ի հայտ գալ որպես օրգանիզմի գերտաքացման վաղ նշաններից մեկը։

Ի՞նչ անել․ դադարեցրեք բոլոր գործերը և պառկեք զով միջավայրում, ցանկալի է՝ օդորակիչով հովացվող և օդափոխվող։ Քիչ բարձրացրեք ձեր ոտքերը։ Խմեք շատ սառը ջուր կամ նոսրացված մրգահյութեր, ընդունեք սառը ցնցուղ կամ լոգանք։ Նուրբ մերսեք ձեր ազդրերը, որ թուլացնեք մկանային ջղաձգումները։ Կարող եք նաև օգտագործել սառցեպարկեր՝ աճուկներին, պարանոցի հետևում և թևատակերին։

Եթե ձեր գանգատները շարունակվում են մեկ ժամից ավելի կամ աստիճանաբար վատթարանում են, դիմեք ձեր բժշկին կամ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն։

Գերտաքացում

Գերտաքացումն օրգանիզմի ռեակցիան է քրտնքի միջոցով կորցրած ջրի և աղերի մեծ կորստին:

Ախտանիշներ․ առատ քրտնարտադրություն, գունատված մաշկ, հաճախացած և թույլ լեցունության անոթազարկ (պուլս), մկանային թուլություն կամ ջղաձգումներ, թուլություն և հոգնածության զգացում, գլխապտույտ, գլխացավ, սրտխառնոց և փսխում, ուշագնացություն։

Ի՞նչ անել․ տեղափոխվեք զով միջավայր, ցանկալի է՝ օդորակիչով հովացվող և օդափոխվող և պառկեք։ Հանեք ավելորդ հագուստը։ Փոքր կումերով խմեք սառը հեղուկներ։ Ընդունեք սառը ցնցուղ կամ լոգանք։ Օգտագործեք սառցեպարկեր։

Եթե ձեր գանգատները շարունակվում են մեկ ժամից ավելի կամ աստիճանաբար վատթարանում են, դիմեք ձեր բժշկին կամ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն։

Ջերմային հարված

Ջերմային հարվածը զարգանում է, երբ մարմնի ջերմաստիճանը պատշաճ կերպով չի կարգավորվում և բարձրանում է մինչև 40.5°C և ավելի բարձր: Այսպիսի տենդը լուրջ առողջական խնդիր է, որը կարող է սպառնալ կյանքին: Առաջին օգնությունն ուղղված է հնարավորինս արագ կերպով մարմնի ջերմաստիճանը նվազեցնելուն:

Ախտանիշներ. մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, կարմրած և խիստ տաքացած մաշկ (քրտնարտադրության ընկճված է, թեև մարդը կարող է լինել քրտինքով պատված), չոր և այտուցված լեզու, արագացած սրտազարկ (տախիկարդիա), ծարավի խիստ զգացում, գլխացավ, սրտխառնոց և փսխում, գլխապտույտ, շփոթվածություն, հավասարակշռության խանգարումներ, խոսքի աղավաղում, ագրեսիվ կամ անհանգիստ վարքագիծ, գիտակցության կորուստ, ցնցումներ կամ կոմա:

Ի՞նչ անել. անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն: Տուժածին տեղափոխեք հով կամ ստվերոտ տեղ, հանեք ավելորդ հագուստը։ Եթե նրա գիտակցությունը պահպանված է՝ առաջարկեք փոքր կումերով սառը ջուր: Ցանկացած միջոցով փորձեք նվազեցնել նրա մարմնի ջերմաստիճանը՝ հագուստը կամ մարմինը պատեք սառը ջրով, սառցեպարկեր դրեք թևատակերի, աճուկների կամ պարանոցի հետին մասերին: Մի փորձեք տալ Ասպիրին կամ Ացետամինոֆեն (Պարացետամոլ,Թայլենոլ և այլն), քանի որ դրանք կարող են ավելի շատ վնաս տալ, քան՝ օգուտ: Անհրաժեշտության դեպքում սկսեք քայլ առ քայլ իրականացնել սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումները:

Շոգ եղանակին լավ ինքնազգացողությունը պահպանելու հմտություններ

Խմեք շատ ջուր

Շոգ պայմաններով պայմանավորված հիվանդություններից խուսափելու լավագույն տարբերակներից մեկը շատ ջուր խմելն է: Կարևոր է, որ նման վիճակում դուք շարունակեք ջուր ընդունել, նույնիսկ եթե չունեք ծարավի զգացում: Հիշեք, որ ձեր նպատակը ջրազրկման կանխարգելումն է: Խուսափեք ալկոհոլից, տաք կամ քաղցր ըմպելիքներից, այդ թվում՝ թեյից կամ սուրճից, որոնք կարող են խորացնել ջրազրկումը:

Պահեք ձեր մարմինը «հով» վիճակում

Հնարավորինս շատ մնացեք զով միջավայրում, ցանկալի է՝ օդորակիչով հովացվող և օդափոխվող և, հակառակը, խուսափեք արևի տակ մնալուց: Խմեք սառը ըմպելիքներ և փորձեք ուտել փոքր չափաբաժիններով սառը կերակուրներ, ինչպիսիք են աղցանը և միրգը: Մարմնի գերտաքացումը կանխարգելող այլ միջոցներից են բաց գույնի ծակոտկեն և բնական գործվածքով թեթև ամառային հագուստ կրելը, ինչպես նաև սառը ցնցուղը կամ լոգանքը:

Պահեք ձեր բնակարանը զով վիճակում

Դուք կարող եք ցերեկային ժամերին վարագույրով ծածկել պատուհանները՝ թույլ չտալով, որ արևի ճառագայթները թափանցեն սենյակներ և օգտագործեք օդորակիչ։ Դուք կարող եք նաև ժամանակի մեծ մասն անցկացնել ձեր բնակարանի համեմատաբար հով սենյակում, իսկ դրսում գտնվելիս՝ խուսափել արևի տակ մնալուց, այցելել օդափոխվող կինոթատրոն կամ փակ լողավազան: Տանը հնարավորինս քիչ օգտվեք գազօջախից կամ տաքացնող էլ. սարքերից, օրինակ՝ մազահարդարիչից:

Հոգ տարեք այլ մարդկանց համար

Պարբերաբար այցելեք կամ զանգահարեք ձեր մեծ տարիքով ընկերներին, հարևաններին կամ բարեկամներին։ Ստուգեք, թե արդյոք նրանք սառնարանում ունեն ջուր կամ սառը մթերքներ։ Առաջարկեք, որ շոգ եղանակներին նրանք հաճախակի սառը ջուր խմեն։ Երեխաներին նույնպես պետք է ժամանակ առ ժամանակ հիշեցնել ջուր խմելու մասին՝ անկախ ծարավ լինելուց։ Մանկահասակ երեխաներին չի կարելի թողնել ավտոմեքենայի մեջ միայնակ, նույնիսկ եթե մեքենայի օդորակիչը միացված է։

Ունեցեք գործողությունների պլան

Հետևեք օդերևութաբական կանխատեսումներին և ճշտեք, թե ինչ հեռախոսահամարներով կարելի է զանգահարել, եթե օգնության կարիք զգացվի։ Հարցրեք ձեր բժշկին, թե ինչ հատուկ քայլեր կարելի է ձեռնարկել ջերմաստիճանային կտրուկ բարձրացման օրերին։

Պահպանեք սնունդը անվտանգ պայմաններում

Համոզվեք, որ սառը պայմաններում պահպանման կարիք ունեցող բոլոր մթերքները գտնվում են սառնարանում կամ սառցարանում, այլ ոչ թե սեղանին կամ արևի տակ:

Մնացեք անվտանգ արևային օրերին

Եթե արևոտ օրերին տնից դուրս գալու անհրաժեշտություն է առաջացել, ապա հիշեք ձեր և ձեր երեխաների մաշկն արևի ճառագայթներից պաշտպանելու միջոցների մասին։ Եթե խուսափեք արևայրուքից, կնվազեցնեք մաշկի քաղցկեղի ռիսկը, որը Հայաստանի նման եղանակային պայմաններով երկրներում տարածված հիվանդություն է։

Իմացե՛ք ավելին արևապաշտպան միջոցների մասին։

Մշտապես հետևեք ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթման գործակցի թվերին: Սմարտֆոնում կամ համացանցում գտեք ձեր բնակավայրի համար տվյալ օրվա ՈւՄ ցուցանիշը (UV index), և եթե այն 3 և ավելի բարձր է, պետք է խուսափել արևի տակ մնալուց կամ օգտագործել հատուկ արևապաշտպան միջոցներ։

Երբ օրը զովանում է

Երբ երեկոյան ժամերին օդը զովանում է, շարունակեք շատ հեղուկ խմել։ Բացեք ձեր տան պատուհաններն ու դռները, որ տան օդը լիարժեք հովանա։ Ինքնազգացողության վատացման դեպքում դիմեք ձեր բժշկին։ Փորձեք ժամանակ հատկացնել երեկոյան բացօթյա զբոսանքի համար։

Հոդվածը հրապարակվել է՝ 22-06-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024