Օգտագործեք այս մեթոդները՝ արևայրուքը կանխելու համար, նույնիսկ զով, ամպամած կամ մշուշոտ օրերին:
Ամպամած օրերին արևի ազդեցությունը նվազում է մոտ 20%-ով։ Առանձնապես զգույշ եղեք ջրի, ձյան, բետոնի և ավազի շրջակայքում, քանի որ դրանք արտացոլում են արևի ճառագայթները: Բացի այդ, ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթներն ավելի ուժեղ են բարձր տեղանքներում, օրինակ՝ լեռնային շրջաններում:
- Խուսափեք արևի ազդեցությունից առավոտյան 10-ից մինչև 16-ը. արևի ճառագայթներն ամենաուժեղն են այս ժամերին, այնպես որ աշխատեք բացօթյա գործերը նախատեսել այլ ժամերի համար: Եթե դուք չեք կարող դա անել, սահմանափակեք արևի տակ գտնվելու ժամանակը: Հնարավորության դեպքում աշխատեք ստվերի տակ:
- Խուսափեք արևայրուքից և սոլյարիներից. սովորական արևայրուք ստանալը (загар) չի նվազեցնում արևային այրվածք ստանալու ռիսկը: Եթե օգտագործում եք մաշկը թուխ դարձնող միջոցներ, դուրս գալուց առաջ օգտագործեք նաև արևապաշտպան քսուք:
- Հաճախակի և առատորեն օգտագործեք արևապաշտպան քսուքներ. օգտագործեք ջրակայուն, լայն սպեկտրի շրթունքների բալզամ և արևապաշտպան քսուք՝ առնվազն 30 SPF-ով, նույնիսկ ամպամած օրերին: SPF-ն բացվում է որպես արևից պաշտպանության գործակից: Լայն սպեկտրի արտադրանքն առաջարկում է պաշտպանություն ուլտրամանուշակագույն A (ՈւՄԱ) և ուլտրամանուշակագույն B (ՈւՄԲ) ճառագայթներից: SPF 30-ն արգելափակում է ՈւՄԲ ճառագայթների 97%-ը: Ոչ մի արևապաշտպան քսուք չի կարող արգելափակել արևի ՈւՄ ճառագայթների 100%-ը: Դուրս գալուց մոտ 30 րոպե առաջ առատորեն քսեք ձեր արևապաշտպան քսուքը մաքուր և չոր մաշկին: Օգտագործեք առնվազն 2 ճաշի գդալ արևապաշտպան քսուք կամ 1 ունցիա՝ բաց մաշկի բոլոր մակերեսները ծածկելու համար, բացառությամբ կոպերի: Եթե օգտագործում եք արևապաշտպան սփրեյ, ցողեք այն ձեր ձեռքերում և քսեք մաշկին: Սա օգնում է արտադրանքը ներշնչելուց խուսափելուն: Մի՛ օգտագործեք սփրեյ ծխելիս կամ բաց կրակի մոտ: Եթե օգտագործում եք արտադրանք, որը պարունակում է ֆիզիկական արգելափակիչներ (տիտանի օքսիդ, ցինկի օքսիդ), կիրառեք այն ցանկացած այլ միջոցի վրա, որն օգտագործում եք, բացառությամբ միջատներին վանող նյութերի: Ֆիզիկական արգելափակիչներն ամենաարդյունավետ պաշտպանությունն են զգայուն մաշկի համար: Կրկնեք արևապաշտպան քսուքի օգտագործումը յուրաքանչյուր երկու ժամը մեկ կամ ավելի հաճախ, եթե լողում եք կամ քրտնում եք: Եթե դիմահարդարվում եք և ցանկանում եք կրկին քսել ձեր արևապաշտպան քսուքը, կարող եք դիմահարդարված դեմքի համար օգտագործել SPF փոշի: ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալությունը (FDA) պահանջում է, որ բոլոր արևապաշտպան քսուքները պահպանեն իրենց սկզբնական ազդեցությունն առնվազն երեք տարի: Ստուգեք արևապաշտպան քսուքի պիտակները պահպանման և պիտանելիության ժամկետների վերաբերյալ ցուցումների համար: Դեն նետեք արևապաշտպան քսուքը, եթե այն ժամկետանց է կամ ունի ավելի քան երեք տարվա վաղեմիություն:
- Պաշտպանեք նորածիններին և մանկահասակ երեխաներին. պաշտպանեք նորածիններին և փոքր երեխաներին արևայրուքից լայնեզր (ամառային) գլխարկներով և թեթև հագուստով, որը ծածկում է ձեռքերն ու ոտքերը: Հոգ տարեք, որ երեխաները լինեն ստվերոտ, զով և արևի ուղիղ ճառագայթներից հեռու վայրերում, ինչպես նաև խմեն շատ ջուր և հեղուկներ: Երբ դա հնարավոր չէ, Ամերիկյան մանկաբուժության ակադեմիան առաջարկում է օգտագործել առնվազն 15 SPF-ով արևապաշտպան քսուք երեխաների դեմքին և ձեռքերի դրսային մակերեսներին: Մաշկաբանության ամերիկյան ակադեմիան և FDA-ն մինչև 6 ամսական երեխաների համար խորհուրդ չեն տալիս արևապաշտպան քսուքների օգտագործումը: Եթե արևապաշտպան հագուստ և ստվեր չկա, ցինկի օքսիդ կամ տիտանի դիօքսիդ պարունակող արևապաշտպան քսուքները հաջորդ լավագույն ընտրությունն են:
- Ծածկվեք. դրսում գտնվելիս արևապաշտպան քսուքներից բացի այլ միջոցները, ինչպիսիք են հովանոցները կամ լայնեզր գլխարկները, կարող են արևից պաշտպանություն ապահովել: Խիտ գործվածքով մուգ հագուստն ապահովում է ավելի շատ պաշտպանություն: Մտածեք օգտագործել բացօթյա հարմարանքներ, որոնք հատուկ նախատեսված են արևից պաշտպանություն ապահովելու համար: Ստուգեք պիտակի վրա ՈւՄ պաշտպանության գործակիցը (UPF), որը ցույց է տալիս, թե որքան լավ է գործվածքն արգելափակում արևի լույսը: Որքան բարձր է UPF թիվը, այնքան լավ:
- Կրեք արևային ակնոցներ, երբ դրսում եք. ընտրեք ՈւՄԱ և ՈւՄԲ պաշտպանությամբ արևային ակնոցներ: Նոր ակնոց գնելիս ստուգեք պիտակի վրա նշված ՈւՄ ճառագայթման վարկանիշը: Ավելի մուգ ապակիները միշտ չէ, որ նշանակում են ՈւՄ ճառագայթներից ավելի լավ պաշտպանություն: Օգտակար կարող են լինել այն արևային ակնոցները, որոնք դրվում են ձեր դեմքին մոտ կամ ունեն դրսային շրջանակներ:
- Ուշադիր եղեք արևազգայունացնող դեղամիջոցներ և կոսմետիկա օգտագործելիս. որոշ դեղեր կարող են մաշկն ավելի զգայուն դարձնել արևի ճառագայթների նկատմամբ: Օրինակները ներառում են հակաբիոտիկներ, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր, ինչպիսին է Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) և խոլեստերինն իջեցնող դեղամիջոցներ: Խոսեք ձեր բժշկի հետ ձեր ընդունած դեղերի կողմնակի ազդեցությունների մասին: Դիմահարդարման միջոցները, որոնք պարունակում են ալֆա-հիդրօքսիթթուներ, նույնպես բարձրացնում են արևի նկատմամբ մաշկի զգայունությունը:
- Եղանակից անկախ, ստուգեք օրվա ՈւՄ գործակիցը. օդերևութաբանական ծառայությունները հաղորդում են օրվա ընթացքում ՈւՄ ճառագայթման ինտենսիվությունը որպես ՈւՄ գործակից (UV index): Նույն այս գործակիցը կարող է ներկայացնել ձեր սմարտֆոնի եղանակային ծրագիրը։ Եթե ՈւՄ գործակիցը 3 և ավելի բարձր է, պետք է տնից դուրս գալիս օգտագործել արևապաշտպան միջոցներ կամ, հնարավորության դեպքում, խուսափել արևի ուղղակի ազդեցությունից։
Հոդվածը հրապարակվել է՝ 22-06-2019
Վերջին վերանայում՝ 02-06-2024