Եթե ցանկանում եք հղիանալ, մի՛ թողեք ձեր այս լուրջ որոշումը երջանիկ պատահականության վրա։ Իմացեք ինչպես հղիանալ՝ սկսած ձվազատման կանխատեսումից մինչև բեղմնավորման առավելագույն հնարավորության համար լավագույն պայմանների ապահովումը։
Որոշ զույգերի դեպքում թվում է, թե բեղմնավորումն ու հղիացումը հաջողվում է հենց առաջին փորձից։ Մյուսների համար կարող է պահանջվել բավականաչափ ժամանակ։ Այլոց համար գուցե առաջանա ապրելակերպի փոփոխություններ կամ համապատասխան բուժում:
Ինչպե՞ս կանխատեսել ձվազատումը
Հասկանալը, թե երբ եք ձվազատում և կանոնավոր սեռական հարաբերություն ունենալը՝ սկսած ձվազատման օրվանը նախորդող հինգերորդ օրվանից մինչև այդ օրը ներառյալ, կարող է մեծացնել բեղմնավորման հավանականությունը:
Ձվազատումը (օվուլյացիա) այն գործընթացն է, երբ ձվարանից ազատվում է հասուն ձվաբջիջ: Ազատվելուց հետո ձվաբջիջը տեղափոխվում է ներքև արգանդափողով և մնում այնտեղ մոտ 12-24 ժամ, որտեղ էլ կարող է բեղմնավորվել տղամարդու սպերմատոզոիդով: Նորմալ պայմաններում սերմնահեղուկը կարող է կանանց վերարտադրողական ուղիներում կենսունակ մնալ սեռական հարաբերությունից հետո մինչև հինգ օր հետո: Հղիանալու ձեր հնարավորությունն ամենաբարձրն է, երբ ձվազատման ընթացքում արգանդափողում առկա է կենսունակ սերմնահեղուկ:
Միջին 28-օրյա դաշտանային ցիկլի դեպքում ձվազատումը սովորաբար տեղի է ունենում հաջորդ դաշտանի մեկնարկից մոտ 14 օր առաջ: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր կնոջ ցիկլի տևողությունը, հետևաբար՝ ձվազատման ու հաջորդ դաշտանի սկզբի միջև ընկած ժամանակահատվածը կարող է տարբեր լինել: Եթե, ինչպես բազմաթիվ կանայք, դուք չունեք հստակ 28-օրյա դաշտանային ցիկլ, կարող եք որոշել ձեր ցիկլի տևողությունը և միջին կետը՝ պահելով դաշտանային օրացույց:
Օրացույցից բացի դուք նաև կարող եք ուշադրություն դարձնել ձվազատման նշանների և ախտանիշների դրսևորմանը:
- Հեշտոցային արտազատուկի փոփոխություն (վզիկային լորձ). ձվազատումից անմիջապես առաջ կարող եք նկատել թափանցիկ, խոնավ և կպչուն հեշտոցային արտադրության ավելացում: Ձվազատումից անմիջապես հետո վզիկային լորձը քչանում է և դառնում ավելի թանձր, պղտոր և ավելի քիչ նկատելի:
- Հիմնային (բազալ) մարմնի ջերմաստիճանի փոփոխություն. ձվազատման ժամանակ ձեր մարմնի ջերմաստիճանը հանգստի ժամանակ (բազալ ջերմաստիճան) մի փոքր բարձրանում է: Բազալ ջերմաստիճանը չափելու համար նախատեսված ջերմաչափով չափեք ձեր ջերմաստիճանն ամեն առավոտ՝ նախքան անկողնուց վեր կենալը: Գրանցեք արդյունքները և ուշադրություն դարձրեք ջերմաստիճանի փոփոխության օրինաչափությանը: Դուք առավել բեղմնավոր եք դառնում ձեր ջերմաստիճանի բարձրանալուց առաջ 2-3 օրվա ընթացքում:
Իմացե՛ք ավելին ձվազատման և դրա վաղ նշանների մասին:
Դուք նաև կարող եք փորձել ձվազատման հավաքածու, որը կարող է օգնել ձեզ պարզելու, թե երբ է ձեր ամենահավանական ձվազատման օրը: Ազատ վաճառքում առկա այս հավաքածուները ստուգում են ձեր մեզում հորմոնների աճը, որը գրանցվում է մինչև ձվազատումը: Ձվազատումը սկսվում է դրական արդյունքից մոտ 36 ժամ հետո:
Պտղաբերության բարելավում. ի՞նչ կարելի է անել
Հետևեք այս պարզ մեթոդներին՝ հղիանալու ձեր հավանականությունը բարձրացնելու համար:
- Կանոնավոր կերպով զբաղվեք սեռական հարաբերություններով. հղիության ամենաբարձր ցուցանիշը գրանցվում է այն զույգերի մոտ, ովքեր սեռական հարաբերություններով զբաղվում են ամեն օր կամ երկու օրը մեկ:
- Սեռական հարաբերություններով զբաղվեք ձվազատման ժամանակին մոտ. եթե ամենօրյա սեռական հարաբերությունները հնարավոր չեն կամ հաճելի չեն, զբաղվեք այս գործով շաբաթական 2-ից 3 օրը մեկ՝ սկսած դաշտանի ավարտից անմիջապես հետո: Սա կարող է նպաստել, որ սեռական հարաբերություն ունենաք, երբ առավել պտղաբեր եք:
- Պահպանեք նորմալ քաշը. ավելորդ կամ պակասորդային քաշով կանայք ենթարկվում են ձվազատման խանգարումների մեծ ռիսկի:
Բացի այդ, մտածեք ձեր բժշկի հետ նախաբեղմնավորման պլանավորման թեմայով քննարկելու մասին: Բժիշկը կարող է գնահատել ձեր ընդհանուր առողջությունը և օգնել ձեզ բացահայտելու այն փոփոխությունները, որոնք կարող են բարելավել առողջ հղիության ձեր հնարավորությունները: Ձեր բժիշկը գուցե խորհուրդ տա բեղմնավորումից մի քանի ամիս առաջ ընդունել ֆոլաթթու՝ երեխայի մոտ սպինա բիֆիդայի և նյարդային խողովակի այլ արատների ռիսկը նվազեցնելու համար:
Պտղաբերության բարելավում. ինչի՞ց խուսափել
Բեղմնավորման ձեր հնարավորությունը բարելավելու համար հետևեք այս խորհուրդներին:
- Մի՛ ծխեք. ձեր ընդհանուր և պտղի վրա առողջական հետևանքներից բացի ծխախոտը ձեր բեղմնավորման ունակության վրա թողնում է բազմաթիվ բացասական ազդեցություններ: Եթե ծխում եք, խնդրեք ձեր բժշկին օգնել ձեզ ծխախոտից ձերբազատվելու հարցում՝ նախքան հղիանալու փորձերը սկսելը:
- Մի՛ խմեք ալկոհոլ. ալկոհոլի շատ օգտագործումը կարող է հանգեցնել պտղաբերության նվազեցմանը: Ընդհանուր առմամբ, եթե նախատեսում եք հղիանալ, խիստ ցանկալի է ընդհանրապես խուսափել ցանկացած տեսակի ալկոհոլային խմիչքներից:
- Սահմանափակեք կոֆեինը. հետազոտությունները ցույց են տալիս, որ օրական 200 միլիգրամից պակաս կոֆեինի օգտագործումը պտղաբերության վրա չի ազդում: Դա մոտավորապես օրական 1-ից 2 բաժակ սուրճ է:
- Մի՛ չարաշահեք ծանր ֆիզիկական վարժանքները. շաբաթական հինգ ժամից ավելի լարված, ինտենսիվ վարժությունը կապված է ձվազատման նվազման հետ:
Միևնույն ժամանակ, խոսեք բժշկի հետ ձեր ընդունած ցանկացած դեղամիջոցի մասին: Որոշ դեղամիջոցներ, նույնիսկ ազատ վաճառվող, կարող են դժվարացնել հղիանալը:
Ե՞րբ դիմել բժշկին
Առողջ զույգերի հաճախակի անպաշտպան սեռական հարաբերությունների դեպքում կանանց մեծ մասը հղիանում է մինչև մեկ տարվա ընթացքում:
Եթե 35 տարեկան կամ ավելի մեծ եք, և վեց ամիս կամ ավելի փորձում եք հղիանալ կամ եթե դուք կամ ձեր զուգընկերը գիտեք կամ կասկածում եք պտղաբերության խնդիրներ ունենալու վերաբերյալ, խորհրդակցեք բժշկի հետ:
Անպտղությունն ազդում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց վրա, և երկու դեպքում էլ բուժումը կարող է նպաստել ցանկալի հղիությանը: Կախված խնդրի պատճառից՝ ձեր գինեկոլոգը, ձեր զուգընկերոջ ուրոլոգը կամ ձեր ընտանեկան բժիշկը կարող են օգնել: Որոշ դեպքերում պտղաբերության մասնագետը կարող է առաջարկել լավագույն հնարավոր տարբերակը:
Իմացե՛ք ավելին կանանց և տղամարդկանց անպտղության մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-05-2024
Վերջին վերանայում՝ 07-05-2024