Անպտղությունը բորոշվում է որպես 12 ամսվա ընթացքում չպաշտպանված սեռական կյանքով ապրելու ընթացքում հղիանալու բացակայություն։
Ավելի լայն իմաստով, անպտղությունը (ամլություն, չբերություն) ներառում է ոչ միայն չհղիանալը, այլև հղիանալուց հետո հղիությունը մինչև ծննաբերություն հասցնելու անկարողությունը։
Միջինը 10 զույգերից 4-ը ժամանակի ընթացքում առնչվում է սերունդ վերարտադրելու անընդունակության խնդրին։
Կան անպտղության բազմաթիվ պատճառներ։ Որոշ դեպքերում մեկ զույգի մոտ կարող են գրանցվել անպտղության մեկից ավելի պատճառներ։
Կանանց անպտղության պատճառները
Եթե դուք կին եք, ձեր պտղաբերությունը կարող է կախված լինել հետևյալ գործոններից՝
- տարիք
- ֆալոպյան փողերի հետ կապված որևէ խնդրի առկայություն (օրինակ՝ անանցանելիություն)
- էնդոմետրիոզ կամ ձվազատման հետ կապված խնդիրներ
- արգանդի միոմա (ֆիբրոիդ)
- սեռական օրգանների թերզարգացում (ինֆանտիլիզմ)
- նյարդաներզատական խանգարումներ
- փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն (ՓԿՕԲՀ)
- սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ (ՍՃՓՀ)։
Տղամարդկանց անպտղության պատճառները
Կնոջ անպտղաբերությունը կարող է պայմանավորված լինել ոչ թե իր, այլ՝ իր զուգընկերոջ ամլությամբ։ Տղամարդկանց ամլության պատճառ կարող են հանդիսանալ՝
- ՍՃՓՀ
- ամորձիների և դրանց խողովակների հետ կապված բնածին կամ ձեռքբերովի խնդիրներ
- սերմնահեղուկի քչացում
- սպերմատոզոիդների հետ կապված խնդիրներ
- նյարդաներզատական խանգարումներ
- ժառանգական խնդիրներ։
Անպտղության բուժում և կանխարգելում
Անպտղության բուժումը պետք է սկսել որքան հնարավոր է վաղ։ Բուժումը ներառում է անպտղության պատճառների վերացումը՝ բորբոքային հիվանդության բուժում, ՍՃՓՀ բուժում, արգանդափողերի անցանելիության վերականգնում, այդ թվում՝ վիրահատությամբ, ներզատական խանգարումների համալիր բուժում և այլն։
Անպտղության կանխարգելման հիմնական միջոցառումը սեռական օրգանների բորբոքային կամ վարակային հիվանդությունների ժամանակին կանխումն ու բուժումն է, աբորտից խուսափելը, անձնական հիգիենայի կանոնների պահպանումը։ Անպտղության կանխարգելման համատեքստում կարևոր է նաև մարմնի նորմալ կշռի պահպանումը, դաշտանային ցիկլի խանգարումների կարգավորումը և այլն։
Հոդվածը վերանայվել է՝ 17-05-2019