Skip to main content

Ամորձու հիդրոցելեի պլաստիկա - Վիրահատություններ

Այս էջում ձեզ կտրամադրվի հանրամատչելի տեղեկատվություն երեխաների մոտ հիդրոցելեի կամ ամորձու ջրակալման վիրահատական վերականգնման մասին:

Եթե ունեք այս թեմայի հետ կապված որևէ հարց, ապա քննարկեք այն ձեր ընտանեկան բժշկի և վիրաբույժի հետ:

Ի՞նչ է հիդրոցելեն

Հիդրոցելեն ամորձու շուրջը՝ պատյանների միջև հեղուկի կուտակմամբ պատճառված այտուցն է: Այն տղա երեխաների մոտ տարածված խնդիր է:

Բոլոր տղա երեխաների մոտ մինչև ծնվելն առկա է հաղորդակցություն որովայնի խոռոչի և փոշտի (ամորձապարկի) միջև, որը ծնվելիս սովորաբար փակված է: Եթե, այնուամենայնիվ, այս հաղորդակցությունը մնում է բաց, ապա աղիները շրջապատող հեղուկը կարող է հոսել ներքև և կուտակվել երեխայի փոշտում:

Հիդրոցելեի վերականգնումը
Հիդրոցելեի վերականգնումը տղա երեխաների մոտ

Որո՞նք են վիրահատության օգուտները

Վիրահատության շնորհիվ ձեր երեխան այլևս հիդրոցելե չի ունենա: Վիրահատությունը կկանխարգելի ձեր երեխայի տարիքի հետ հիդրոցելեի մեծացման, անհարմարավետության և ընկճվածության զգացումները:

Կա՞ արդյոք վիրահատությանը որևէ այլընտրանք

Հիդրոցելեն սովորաբար բարելավվում է, երբ կյանքի առաջին մի քանի տարվա ընթացքում փոշտի հաղորդացկությունը որովայնի հետ փակվում է: Վիրահատությունը սովորաբար խորհուրդ է տրվում, երբ այս կապը մինչև երեխայի 2-3 տարեկան հասակը չի փակվում:

Ի՞նչ է վիրահատությունը ներառում

Վիրահատությունն անցկացվում է ընդհանուր անզգայացման ներքո և տևում է մոտ մեկ ժամ:

Վիրաբույժը մաշկի կտրվածք կատարում է երեխայի աճուկի վրա:

Այնուհետև վիրաբույժը գտնում է հաղորդակցությունը, որը սովորաբար հպված է ամորձին սնուցող արյունատար անոթներին և սերմնալարին (սերմն ամորձուց տեղափոխող խողովակ): Մինչև ամորձապարկի և որովայնի խոռոչի միջև կապը վերացնելը վիրաբույժն առանձնացնում է այս կառուցվածքները միմյանցից:

Ինչպիսի՞ բարդություններ կարող են առաջանալ

Թվարկված բարդություններից որոշները կարող են լինել ծանր և անգամ բերել մահվան:

Որևէ վիրահատության ընդհանուր բարդությունները

  • ցավ
  • արյունահոսություն
  • մաշկի սպիական տգեղացում
  • վիրահատական շրջանի (վերքային) վարակ:

Այս վիրահատության առանձնահատուկ բարդությունները

  • վերքի տակ կամ ամորձապարկում արյան (հեմատոմա) կամ հեղուկի (սերոմա) կուտակում
  • աճուկի և հարակից մաշկի նյարդերի վնասում
  • ամորձու արյունամատակարարման անոթների վնասում
  • սերմնալարի վնասում:

Որքա՞ն շուտ երեխան կվերականգնվի

Սովորաբար երեխային կկարողանաք տուն տանել վիրահատության կամ հաջորդ օրը: Երեխան սովորաբար ի վիճակի է լինում դպրոց հաճախել 1-2 շաբաթ անց: Երեխաների մեծ մասը լիարժեք վերականգնվում է և անցնում իր նորմալ գործերին:

Ամփոփում

Հիդրոցելեն տարածված խնդիր է, երբ ամորձու շուրջը կուտակվում է հեղուկ: Վիրահատությունը ցուցված է, եթե հիդրոցելեն շարունակում է պահպանվել կամ մեծանալ երեխայի կյանքի երկրորդ տարին լրանալիս: Չբուժվելու դեպքում հիդրոցելեն կարող է մեծանալ և հավանական չէ, որ ինքնուրույն բարելավվի:

Հոդվածը հրապարակվել է՝ 14-06-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024