Գրադարան
Գրիպ A (ինֆլուենցա A)

3 րոպե
Գրիպ A-ն խիստ վարակիչ շնչառական հիվանդություն է, որը լրիվ տարբերվում է այլ տեսակի վիրուսներով պատճառվող մրսածությունից։
Մրսածությունը կամ սուր շնչառական վիրուսային վարակը (ՍՇՎՎ) պատճառվում է շուրջ 200 վիրուսներով և ունի ավելի մեղմ ընթացք, քան գրիպը։ Գրիպը նույնպես ունի վիրուսային ծագում և առողջ մարդկանց մոտ սովորաբար վտանգավոր չէ։ Սակայն գրիպի վիրուսի տարբեր շտամներ կարող են որոշ իրավիճակներում զարգացնել ծանր հիվանդություն։
Եթե վարակվում եք գրիպով, ճիշտ կլինի մնալ տանը և խուսափել այլ մարդկանց վարակելուց։
Ի՞նչ է գրիպ A-ն
Գրիպ կամ ինֆլուենցա A-ն վիրուսային վարակ է։
Կան գրիպի վիրուսի երեք տեսակներ՝ A, B և C։ Գրիպ A-ն ավելի ծանր վարակ է, քան մյուս երկուսը։ Գրիպ A-ն միակ տեսակն է, որը կարող է առաջացնել վարակի մեծ բռնկումներ։
Գրիպի վիրուսը մշտապես փոփոխվում և զարգանում է, և աշխարհի տարբեր տարածաշրջաններում յուրաքանչյուր տարի հայտնվում են վիրուսի նոր շտամներ, որոնք միմյանցից տարբերվում են մի շարք հատկություններով (օրինակ՝ ֆերմենտներ, թույներ առաջացնելու ընդունակություն):
Մարդկանցից բացի գրիպ A-ն կարող է վարակել կենդանիներին, այդ թվում՝ թռչուններին (թռչնագրիպ) և խոզերին (խոզի գրիպ, H1N1)։ Որոշ դեպքերում գրիպի այս տեսակները կարող են փոխանցվել մարդկանց։
Գրիպ A-ի ախտանիշները
Գրիպով վարակվելիս կարող են զարգանալ հետևյալ ախտանիշները՝
- ջերմության կտրուկ բարձրացում, որն ուղեկցվում է դողով ու սարսուռով
- գլխացավեր և մկանացավեր
- հոգնածության և թուլության զգացում
- հարբուխ, հոսող կամ փակ քիթ
- կոկորդի ցավ և հազ։
Երեխաների մոտ կարող են ի հայտ գալ նաև որովայնային ցավեր, սրտխառնոց և փսխումներ։
Գրիպը նման է ծանր ընթացող մրսածությանը (ՍՇՎՎ), սակայն վերջինս սովորաբար հոդացավեր կամ մկանացավեր չի առաջացնում։
Եթե գանգատներն անցնելու փոխարեն բարդանում են, ուրեմն պետք է կապ հաստատել ձեր բժշկի հետ։ Անհապաղ դիմեք ձեր բժշկին, եթե ի հայտ են գալիս նոր գանգատներ, օրինակ՝ կրծքավանդակի շրջանի ցավեր, օդի պակասի զգացում և հևոց, գլխապտույտ, շփոթվածություն կամ կրկնակի անզուսպ փսխումներ։
Գրիպ A-ի բուժումը
Գրիպով վարակվելիս սովորաբար ախտանիշները մեկ շաբաթվա մեջ աստիճանաբար մեղմանում են։ Այս ընթացքում կարող եք՝
- մնալ անկողնում
- խմել թույլ ցավազրկողներ
- խմել շատ ջուր և հեղուկներ
- քաղց զգալիս ուտել թեթև սնունդ։
Որոշ մարդկանց մոտ գրիպը կարող է ստանալ ծանր ընթացք և բերել լուրջ բարդությունների (օրինակ՝ թոքաբորբ): Գրիպի այսպիսի անցանկալի ընթացքն ավելի հաճախ դիտվում է մանկահասակ երեխաների, տարեցների, հղիների և քրոնիկ առողջական խնդիրներով մարդկանց մոտ։
Եթե վերոնշյալ խմբերից մեկնումեկի մեջ եք, ձեր բժիշկը կարող է նշանակել հակավիրուսային բուժում որպես գանգատները մեղմացնող և բարդությունները կանխարգելող միջոց։
Գրիպ A-ի կանխարգելումը
Գրիպը մի մարդուց մյուսին փոխանցվում է շատ հեշտությամբ։ Եթե գրիպով հիվանդ եք, մնացեք տանը մինչ ինքնազգացողության լիարժեք բարելավումը։ Փակեք դեմքը փռշտալիս կամ հազալիս, ինչպես նաև հաճախակի լվացեք ձեռքերը։
Եթե շրջապատում կա գրիպով հիվանդ մեկ այլ մարդ, կարող եք կանխարգելել վիրուսի տարածումը՝ մաքրող լուծույթով պարբերաբար սրբելով այն մակերևույթները, որին կարող է նա հպվել (բռնակներ և այլն)։ Չմոռանաք վերջում լվացվել։
Որոշակի կանխարգելիչ նշանակություն կարող է ունենալ նաև մինչև ձմեռվա սկսվելը գրիպի դեմ տարեկան պատվաստում ստանալը։ Գրիպի դեմ պատվաստումը ցուցված է հատկապես այն մարդկանց, ովքեր պատկանում են գրիպի բարդությունների ռիսկի խմբին կամ ապրում ու աշխատում են մարդաշատ միջավայրում, որտեղ ավելի բարձր է գրիպով վարակվելու ռիսկը։
Արդյոք պե՞տք է երեխան բաց թողնի դասերը
Եթե երեխան վարակվել է գրիպ A-ով, ցանկալի է, որ մի շարք մանկական այլ հիվանդությունների նման բացակայի դասերից։
Հոդվածը տեղադրվել է՝ 18-05-2019 վերանայվել է՝ 12-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: