Մազը ներաճում է մաշկի մեջ, երբ դուք կտրում եք այն, և այդ մազը սկսում է ետ աճել ձեր մաշկի տակ:
Նման վիճակ կարող է առաջանալ սափրվելուց, մազերը պինցետով հեռացնելուց կամ մազահեռացման այլ մեթոդներից օգտվելուց պատճառով: Թեև մազի ներաճը լուրջ խնդիր չէ, կարող է առաջացնել մաշկի գրգռում և այլ հարակից անհարմարություններ (դիսկոմֆորտ):
Ի՞նչն է մազի ներաճի պատճառը
Մազը կարող է ներաճել մաշկի տակ երկու պատճառով՝
- կտրված մազը թեքվում և սկսում է ետ աճել
- մաշկի մեռուկացած մակերեսը փակում է աճող մազի ճանապարհը:
Այսպիսի պայմաններում մազը սկսում է աճել դեպի ներս՝ իր կամ հարակից մազարմատ, այլ ոչ թե դեպի դուրս՝ մաշկի մակերևույթ:
Ձեր օրգանիզմը ներաճած մազը հայտնաբերում է որպես օտարածին մարմին, և իմունային համակարգը սկսում է դրա դեմ պայքարել այնպես, ինչպես մաշկի մեջ փուշ մտնելիս: Արդյունքում տվյալ շրջանում մաշկն այտուցվում է, կարմրում և առաջացնում քոր, որը կարող է բերել նաև բորբոքման, վարակման և ցավոտ թարախաբշտիկի առաջացման:
Ներաճած մազերի ամենատարածված շրջաններն են՝
- տղամարդկանց մոտ՝ կզակ, այտեր և պարանոց
- կանանց մոտ՝ ոտքեր, ցայլք և թևատակեր
- հետույք (նստատեղ):
Ավելի հավանական է, որ ձեզ մոտ մաշկի ներաճ առաջանա, երբ ձեր մազերը գանգուր կամ հաստ են: Նման մազեր կտրելը կարող է բերել մաշկի ներաճի մի տեսակի, որը կոչվում է «կեղծ ֆոլիկուլիտ» (պսևոդոֆոլիկուլիտ) կամ «ածելու հարում», որը սովորաբար առաջ է գալիս սափրվելուց, պինցետ կամ մազահեռացման այլ մեթոդներ օգտագործելուց հետո:
Մազի ներաճի բուժումը
Ներաճած մազերը հաճախ որևէ խնդիր չեն առաջացնում և առանց բուժման անհետանում են: Սակայն դուք կարող եք օգնել դրանց բուժմանը՝ որոշ ժամանակ զերծ մնալով սափրվելուց, պինցետով մազաքաշում կամ մազահեռացման այլ մեթոդներ օգտագործելուց:
Մաշկի տվյալ շրջանը մի քանի րոպե լոգանքի սպունգով կամ փափուկ ատամի խոզանակով պտուտակաձև շարժումներով տրորելով լվալը կարող է օգնել ներաճած մազի ազատմանը: Դուք կարող եք նաև փորձել ստերիլ ասեղով ներաճած մազը զգոուշությամբ դուրս քաշել:
Զրուցեք ձեր բժշկի հետ, եթե ունեք բազմաթիվ ներաճած մազեր: Կան դեղեր, որոնք կարող են հեռացնել մաշկի մահացած բջիջները, մեղմացնել բորբոքումը և բուժել վարակը:
Մազի ներաճի կանխարգելումը
Փորձեք օգտագործել այնպիսի կրեմներ, որոնք տարալուծում են ձեր մազերը կամ օգտագործեք մազերի լազերային հեռացման միջոցներ, որոնք ավելի քիչ հավանական է, որ կառաջացնեն մազի ներաճ, քան սափրվելը, պինցետով մազահեռացումը կամ մյուս մեթոդները:
Դուք նաև կարող եք կանխարգելել մազերի ներաճը հետևյալ ձևերով՝
- լվացեք ձեր մաշկը գոլ ջրով և դեմքի թույլ մաքրող նյութերով
- մինչև սափրվելը հեռացրեք եղջերացած մաշկը
- օգտագործեք միասայր ածելի կամ էլեկտրական սափրիչ
- սափրվեք միայն մազերի աճման ուղղությամբ
- մազահեռացումից 10-12 ժամ առաջ կատարեք մաշկի մաքրում սկրաբի օգնությամբ
- օգտագործեք սափրելու նրբաքսուքներ, որոնք մաքրում են տվյալ շրջանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-05-2020
Վերջին վերանայում՝ 05-05-2024