Skip to main content

Ինվազիվ ստաֆիկոկ - Վարակներ

Ինվազիվ ստաֆիլոկոկային վարակները հանդիպում են ավելի հազվադեպ, քան ստաֆիլոկոկայինները, սակայն ունեն ավելի ծանր ընթացք:

Կան ինվազիվ ստաֆիլոկոկային վարակների բազմաթիվ տեսակներ:

Բազմաթիվ մարդիկ կրում են ստաֆիլոկոկեր իրենց մաշկի վրա կամ քթի խոռոչում, և դեպքերի մեծամասնությունում դա որևէ խնդիր չի առաջացնում: Ստաֆիլոկոկային վարակը զարգանում է, երբ բակտերիաները թափանցում են մարմնից ներս:

Ինվազիվ վարակները կարող են լինել կյանքին սպառնացող, ուստի նման վարակների առկայության վերաբերյալ կասկած ունենալիս հնարավորինս շուտ կապ հաստատեք ձեր բժշկի հետ կամ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:

Ինվազիվ ստաֆիլոկոկային վարակների նկատմամբ ավելի բարձր ռիսկ ունեն այն մարդիկ, ովքեր հիվանդ են դիաբետով և օգտագործում են ինսուլին, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդիկ, երիկամային անբավարարությամբ և դիալիզ անցնողները, թուլացած իմունային համակարգով և քաղցկեղով մարդիկ, հատկապես, եթե ստանում են քիմիոթերապիա կամ ճառագայթային թերապիա, մաշկային հիվանդություններով (օրինակ՝ էկզեմա, միջատների խայթոցներ կամ փոքր վնասվածքներ) և շնչառական խնդիրներով մարդիկ: Այս վարակների նկատմամբ ռիսկը բարձրանում է նաև այն մարդկանց մոտ, ովքեր կրում են ինվազիվ բժշկական գործիքներ կամ պարագաներ, զբաղվում են կոնտակտային մարզաձևերով կամ օգտվում են սանիտարական ոչ պատշաճ պայմաններում պատրաստված սննդից:

Ինվազիվ ստաֆիլոկոկային վարակների ախտանիշները

Թոքաբորբ (պնևմոնիա)

Թոքեր ներթափանցած ստաֆիլոկոկային վարակը կարող է պատճառել թոքաբորբ: Ստաֆիլոկոկային թոքաբորբի գանգատներից և ախտանիշներից են՝

  • շնչառության դժվարացում
  • հաճախացած սրտազարկ (տախիկարդիա)
  • 38° C և ավելի բարձր ջերմություն
  • ընդհանուր ինքնազգացողության վատացում:

Դուք կարող եք գանգատվել նաև կրծքավանդակի շրջանի որոշ ցավերից:

Սեպտիկ հոդաբորբ (արթրիտ)

Սեպտիկ արթրիտը զարգանում է, երբ ստաֆիլոկոկերը վարակում են ձեր հոդը: Նման վիճակ ավելի հաճախ զարգանում է թուլացած իմունային համակարգով մարդկանց մոտ:

Սեպտիկ արթրիտի մասին վկայում են հետևյալ գանգատները՝

  • հոդացավ և հոդի այտուցվածություն
  • հոդի կարկամվածություն
  • հոդի շրջակա մաշկի կարմրություն և լարվածություն
  • 38° C և ավելի բարձր ջերմություն
  • դող և սարսուռ
  • ախտահարված հոդում շարժումների դժվարացում:

Սեպսիս

Սեպսիսը հայտնի է նաև որպես արյան վարակում: Սա անհետաձգելի բուժօգնություն պահանջող ծանր վիճակ է և զարգանում է, երբ ստաֆիլոկոկերը ներթափանցում են արյան հուն:

Սեպսիսն ընթանում է ինքնազգացողության կտրուկ վատացմամբ և հետևյալ նշաններով՝

  • 38° C և ավելի բարձր ջերմություն
  • հաճախացած սրտազարկ (տախիկարդիա)
  • շնչառական խնդիրներ
  • գլխապտույտ
  • շփոթվածություն կամ ապակողմնորոշում
  • քնկոտություն
  • միզարտադրության կրճատում (չշփոթել միզարձակման խնդիրների հետ):

Օստեոմիելիտ

Օստեոմիելիտը ոսկրի մեջ զարգացող վարակն է: Վարակման կարող են ենթարկվել գրեթե բոլոր ոսկրերը, սակայն ավելի հաճախ ախտահարվում են երեխաների մոտ ձեռքերի և ոտքերի, իսկ չափահասների մոտ՝ ողնաշարի և կոնքի ոսկրերը:

Օստեոմիելիտը դժվար հայտնաբերվող հիվանդություն է, սակայն դուք կարող եք կասկածել այս հիվանդության առկայության մասին, եթե նշում եք հետևյալ գանգատները՝

  • 38° C և ավելի բարձր ջերմություն
  • սրտխառնոց
  • ուժեղ ոսկրային ցավ
  • ցավի շրջանում մաշկի կարմրություն, հպվելիս՝ տեղային տաքություն և լարվածություն
  • հոդում շարժումների սահմանափակում։

Տոքսիկ շոկային համախտանիշ

Տոքսիկ շոկային համախտանիշը խիստ հազվադեպ հանդիպող վիճակ է, որը զարգանում է, երբ ստաֆիլոկոկերը մուտք են գործում արյան հուն և արտադրում են թույներ: Որոշ մարդկանց մոտ այս թույները կարող են բերել օրգանների և հյուսվածքների ախտահարման: Տոքսիկ շոկային համախտանիշը կարող է զարգանալ բոլոր մարդկանց մոտ, բայց ավելի հաճախ հանդիպում է կանանց շրջանում և կապված է տամպոնների օգտագործման հետ:

Եթե ձեզ մոտ զարգացել է այս վիճակը, ապա կարող եք նշել ինքնազգացողության կտրուկ վատթարացում և հետևյալ ախտանիշները՝

  • 38° C և ավելի բարձր ջերմություն
  • փսխումներ
  • գլխապտույտ և ուշաթափության (աչքերի դեմը սևանալու) զգացողություն:

Դուք կարող եք նաև՝

  • ունենալ արևայրուքին նմանվող ցանավորում
  • ունենալ փորլուծություն
  • զգալ խառնաշփոթվածություն:

Էնդոկարդիտ

Էնդոկարդիտը զարգանում է, երբ ստաֆիլոկոկային բակտերիաները վարակում են սրտի ներսում փականներից մեկնումեկը: Սա ծանր և կյանքին սպառնացող վիճակ է: Էնդոկարդիտը կարող է հանդիպել բոլոր մարդկանց մոտ, սակայն ավելի հաճախ զարգանում է այն նրանց մոտ, ովքեր ունեն սրտի փականային խնդիրներ:

Դուք կարող եք ունենալ էնդոկարդիտ, եթե ունեք ստորև ախտանիշները, որոնք զարգանում են աստիճանաբար՝ մի քանի շաբաթվա կամ արագորեն՝ մի քանի օրվա ընթացքում՝

  • 38° C և ավելի բարձր ջերմություն, որն ուղեկցվում է դողով և սարսուռով
  • մկանային ցավեր և մարմնի կոտրտվածության զգացում
  • օդի պակասի զգացում և հևոց
  • անբացատրելի մարմնի կշռի կորուստ
  • հազ
  • գլխացավեր
  • արյան ցածր ճնշում (հիպոտենզիա)
  • կանգնելիս գլխապտույտ՝ ցածր արյան ճնշման պատճառով
  • թուլություն և ծայրահեղ հոգնածության զգացում:

Սննդային թունավորում

Սննդային թունավորումը կարող է զարգանալ, երբ ուտեք ստաֆիլոկոկային բակտերիաներ կամ դրանց կողմից արտադրված թույներ պարունակող սնունդ: Սննդային թունավորումը հաճախ զարգանում է վարակված սնունդն ընդունելուց հետո շատ արագ: Դուք կարող եք ունենալ ստաֆիլոկոկային սննդային թունավորում, եթե նշեք հետևյալ գանգատները՝

  • սրտխառնոց և անզուսպ փսխումներ
  • ստամոքսի շրջանում կծկանքային ցավեր
  • փորլուծություն:

Ինչպե՞ս կարող եմ խուսափել ինվազիվ ստաֆիլոկոկային վարակներից

Եթե ենթարկվում եք ինվազիվ ստաֆիլոկոկային վարակի զարգացման մեծ ռիսկին, շատ կարևոր է, որ անցնեք առողջ ապրելակերպին՝ պահպանելով առողջ սննդակարգ, կանոնավոր կերպով կատարելով ֆիզիկական վարժանքներ, կրճատելով ալկոհոլը, մերժելով ծխելը և թմրամիջոցներ օգտագործելը:

Զուգարանից օգտվելուց հետո, սնունդ պատրաստելուց առաջ և հետո, մարդաշատ միջավայրեր այցելելուց հետո ձեռքերը լավ լվանալը նույնպես կկրճատի այս վիճակի զարգացման հավանականությունը:

Ե՞րբ դիմել բժշկին

Ինվազիվ ստաֆիլոկոկային վարակները կարող են լինել կյանքին սպառնացող: Նման դեպքերում անհրաժեշտ է հնարավորինս շուտ կապ հաստատել բժշկի հետ կամ զանգել 1-03 և կանչել շտապ օգնություն:

Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024