Գլխամաշկի քոր

Գլխամաշկի քորը բազմաթիվ պատճառներից առաջացած գլխի մազածածկ շրջանի քորն է, որը երբեմն կարող է ստանալ հոգնեցնող կամ ձանձրացնող բնույթ::
Նման քորի հստակ պատճառի իմացությունը շատ կարևոր է, որպեսզի նշանակվի ճիշտ բուժում:
Ի՞նչ է գլխամաշկի քորը
Քորը մաշկի գրգռված վիճակն է, որը ձեզ ստիպում է քորել այդ շրջանը:
Մաշկի քոր կարող է առաջանալ ձեր մարմնի գրեթե բոլոր շրջաններում, այդ թվում՝ գլխամաշկում:
Գլխամաշկի քորի հիմնական պատճառները
Ձեր գլխամաշկը կարող է քոր գալ բազմաթիվ հնարավոր պատճառներով: Ավելի հաճախ հանդիպող հիվանդությունները կամ վիճակները ներկայացվում են ստորև:
- Թեփ. սա մահացած մաշկի սպիտակ չոր մնացուկներ են, որի ավելցուկը կարող է կուտակվել մաշկի և մազերի վրա: Թեփն առաջանում է մաշկի աշխուժացած աճի պայմաններում և հաճախ տեսանելի պատճառ չի հայտնաբերվում, թեև երբեմն պատճառվում է սեբորեային մաշկաբորբից:
- Սեբորեային մաշկաբորբ (դերմատիտ), որն ընդգրկում է ձեր գլխամաշկը և առաջացնում մաշկի թեփոտում և քոր:
- Փսորիազ, որը քրոնիկ հիվանդություն է և առաջացնում է մաշկի քիչ բարձրացած, թեփոտված և քորի նոպաներ առաջացնող շրջաններ (վահանիկային փսորիազ կամ թեփատու որքին):
- Մաշկի սնկային վարակ (սնկախտ, տինեա), որն առաջացնում մաշկի կարմրություն և քոր հարուցող թեփոտած մակերեսներ: Եթե հիվանդությունն ընդգրկում է ձեր գլխամաշկը, ապա կոչվում է «գլխի տինեա» (tinea capitis):
- Գլխի ոջիլ (պեդիկուլյոզ), որը մարդկանց միջև հեշտությամբ փոխանցվող, մազերի մեջ ապրող ու քոր առաջացնող մանր արյունածուծ մակաբույծ է:
Գլխամաշկի քորի բուժումը
Գլխամաշկի քորի պատճառական տարբեր տեսակների համար կան տարբեր բուժումներ:
Բժիշկը կարող է խորհուրդ տալ կամ նշանակել՝
- մաշկը խոնավացնող կրեմներ և յուղեր
- հատուկ (օրինակ՝ թեփի դեմ) շամպուններ
- հատուկ բուժումներ, օրինակ՝
- գլխի ոջիլի բուժում
- գլխի տինեայի բուժում հակասնկային միջոցներով
- սեբորեային դերմատիտի բուժում կորտիկոստերոիդային կրեմներով
- փսորիազի բուժում:
Գլխամաշկի քորի կանխարգելումը
Եթե ձեզ մոտ հաճախակի առաջանում է գլխամաշկի քոր, այցելեք ձեր բժշկին, որպեսզի պարզվի նման երևույթի պատճառը: Որոշ դեպքերում, եթե քորի պատճառը քրոնիկ հիվանդությունն է, ձեզ կարող է նշանակվել երկարատև կամ պարբերաբար ընդունվող դեղեր և այլ միջոցներ: Կան օգնող որոշ շամպուններ. զրուցեք այս մասին ձեր բժշկի հետ:
Եթե ունեք գլխի տինեա կամ ոջիլ, ապա բուժումը կարող է դառնալ խիստ արդյունավետ: Զրուցեք ձեր բժշկի հետ, թե ինչպես կարելի է կանխարգելել այս հիվանդությունների կրկնությունը:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021