Լատեքսային ալերգիայի դեպքում ձեր իմունային համակարգը լատեքսը համարում է վնասակար նյութ և արտադրում է որոշակի հակամարմիններ՝ դրա դեմ պայքարելու համար:
Հաջորդ անգամ, երբ ենթարկվում եք լատեքսի ազդեցությանը, այս հակամարմինները ձեր իմունային համակարգին հրահանգում են, որ ձեր արյան մեջ արտազատեն հիստամին և այլ քիմիական ակտիվ նյութեր: Այս գործընթացն առաջացնում է ալերգիայի մի շարք ախտանիշներ: Որքան շատ եք ենթարկվում լատեքսի ազդեցությանը, այնքան ավելի ուժեղ է ձեր իմունային համակարգի արձագանքման հավանականությունը: Սա կոչվում է զգայունացում (սենսիտիզացիա կամ սենսիբիլիզացիա):
Լատեքսից ալերգիան կարող է առաջանալ հետևյալ ճանապարհներով:
- Անմիջական (ուղղակի) շփում. լատեքսային ալերգիայի ամենատարածված պատճառը լատեքս պարունակող ապրանքների, այդ թվում՝ լատեքսային ձեռնոցներին, պահպանակներին և փուչիկներին դիպչելն է:
- Ներշնչում (ինհալացիա). լատեքսային արտադրանքները, հատկապես՝ ձեռնոցները, ազատում են լատեքսային մասնիկներ: Դուք կարող եք շնչել այս մասնիկները, երբ դրանք հայտնվեն ձեզ շրջապատող օդում: Ձեռնոցներից արձակված օդածին լատեքսի քանակը մեծապես տարբերվում է՝ կախված օգտագործվող ձեռնոցների տեսակից:
Լատեքսի հետ շփվելիս նաև հնարավոր է ունենալ այլ մաշկային ռեակցիաներ:
- Ալերգիկ կոնտակտային դերմատիտ. այս ռեակցիան առաջանում է արտադրության ընթացքում օգտագործվող քիմիական հավելումներից: Հիմնական ախտանիշը մաշկային ցանն է՝ ազդեցությունից 24-48 ժամ հետո բշտիկների ձևավորմամբ, որոնք նման են թունավոր բաղեղի հետ շփման ազդեցությանը:
- Գրգռիչ կոնտակտային դերմատիտ. մաշկի այս գրգռվածությունը, որն ալերգիա չէ, առաջանում է ռետինե ձեռնոցներ կրելու կամ դրանց ներսում առկա փոշու ազդեցության պատճառով: Ախտանիշները ներառում են չոր, քոր առաջացնող, գրգռված շրջանները, սովորաբար՝ ձեռքերի վրա (դաստակներին):
Այնուամենայնիվ, ոչ բոլոր լատեքսային արտադրանքներն են պատրաստված բնական աղբյուրներից: Սինթետիկ նյութեր պարունակող ապրանքները, ինչպիսիք են լատեքսային ներկը, քիչ հավանական է, որ ռեակցիա առաջացնեն:
Ռիսկի գործոններ
Որոշ մարդկանց մոտ լատեքսային ալերգիայի զարգացման ռիսկն ավելի մեծ է:
- Սպինա բիֆիդա ունեցող մարդիկ. լատեքսային ալերգիայի ռիսկն ամենաբարձրն է սպինա բիֆիդա ունեցող մարդկանց մոտ՝ բնածին արատ, որի դեպքում հղիության վաղ զարգացման ընթացքում տեղի է ունենում ողնաշարի և ողնուղեղի շուրջ թաղանթների թերի փակում: Այս խանգարումն ունեցող մարդիկ հաճախ ենթարկվում են լատեքսային արտադրանքների ազդեցությանը շատ վաղ՝ ծնվելուց հետո շարունակվող բուժօգնության ընթացքում: Սպինա բիֆիդա ունեցող մարդիկ մշտապես պետք է խուսափեն լատեքսային արտադրանքներից:
- Մարդիկ, ովքեր ենթարկվել են բազմաթիվ վիրահատությունների կամ բժշկական միջամտությունների. լատեքսային ձեռնոցների և բժշկական արտադրանքի հետ կրկնակի շփումը մեծացնում է լատեքսային ալերգիայի զարգացման ռիսկը:
- Բուժաշխատողներ. եթե աշխատում եք բժշկական օգնության և սպասարկման ոլորտում, ենթարկվում եք լատեքսից ալերգիա ունենալու ավելի մեծ ռիսկի:
- Ռետինի (կաուչուկի) արդյունաբերության աշխատողներ. լատեքսի կրկնվող ազդեցությունը կարող է բարձրացնել օրգանիզմի զգայունությունը:
- Ալերգիաների վերաբերյալ անձնական կամ ընտանեկան պատմություն (անամնեզ) ունեցող մարդիկ. դուք լատեքսային ալերգիայի մեծ ռիսկի տակ եք, եթե ունեք այլ ալերգիաներ, ինչպիսիք են եղնջացանը կամ սննդային ալերգիան, կամ դրանք տարածված են ձեր ընտանիքում:
Կապը սննդային ալերգիայի և լատեքսային ալերգիայի միջև
Որոշ մրգեր պարունակում են նույն ալերգենները, որոնք առկա են լատեքսում: Դրանցից են՝
- ավոկադո
- բանան
- շագանակ
- կիվի
- մարակույա:
Եթե լատեքսի նկատմամբ ալերգիկ եք, այս մթերքների նկատմամբ ալերգիա ունենալու ավելի մեծ հավանականություն ունեք:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-08-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024