Եթե ալերգիկ եք լատեքսի նկատմամբ, ապա, ամենայն հավանականությամբ, ախտանշաններ կունենաք լատեքսային ռետինե արտադրանքներին, օրինակ՝ ձեռնոցներին կամ փուչիկներին դիպչելուց հետո:
Դուք նաև կարող եք ախտանիշներ ունենալ, եթե շնչեք լատեքսային մասնիկներ, որոնք օդ են արձակվում, երբ ինչ-որ մեկը ձեր ներկայությամբ հեռացնում է իր լատեքսային ձեռնոցները:
Լատեքսային ալերգիայի ախտանիշները տատանվում են թեթևից մինչև ծանր: Ալերգիկ արձագանքը կախված է նրանից, թե որքան զգայուն եք լատեքսի նկատմամբ և այն լատեքսի քանակից, որի ազդեցությանը դուք ենթարկվում են՝ դիպչում եք կամ ներշնչում եք: Ձեր ալերգիկ ռեակցիան կարող է վատթարանալ լատեքսի յուրաքանչյուր նոր ազդեցության հետ:
Թեթև ախտանիշներ
Թեթև լատեքսային ալերգիայի ախտանիշներից են՝
- քոր
- մաշկի կարմրություն
- եղնջացան կամ ցան:
Ավելի ծանր ախտանիշներ
Դրանք ներառում են՝
- փռշտոց
- քթահոսություն
- քոր եկող, արցունքակալած աչքեր
- կոկորդում քոր կամ քերծոցի զգացողություն
- դժվարացած շնչառություն
- խզզոցներ
- հազ:
Կյանքին սպառնացող ախտանիշներ․ անաֆիլաքսիա
Լատեքսի նկատմամբ ամենալուրջ ալերգիկ ռեակցիան անաֆիլաքսիան է, որը կարող է մահացու լինել: Անաֆիլակտիկ ռեակցիան զարգանում է բարձր զգայուն մարդկանց մոտ լատեքսի ազդեցությունից անմիջապես հետո: Այնուամենայնիվ, այն հազվադեպ է զարգանում, երբ առաջին անգամ եք ենթարկվում լատեքսի ազդեցությանը:
Անաֆիլաքսիայի ախտանիշները ներառում են՝
- դժվարաշնչություն
- եղնջացան կամ այտուց
- սրտխառնոց և փսխումներ
- խզզոցներ
- արյան ճնշման կտրուկ անկում
- գլխապտույտ
- գիտակցության կորուստ
- շփոթվածություն
- արագացած կամ թույլ անոթազարկ (պուլս):
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ունեք կամ կարծում եք, որ անաֆիլակտիկ ռեակցիա եք տանում:
Եթե լատեքսի ազդեցությունից հետո առաջացել են նվազ ծանրության սուր ռեակցիաներ, խոսեք ձեր բժշկի հետ: Հնարավորության դեպքում դիմեք ձեր բժշկին, երբ ռեակցիա եք դրսևորում: Սա կօգնի ախտորոշմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-08-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024