Legionella pneumophila բակտերիան պատասխանատու է լեգեոներների հիվանդության կամ լեգիոնելոզի դեպքերի մեծ մասի համար:
Դրսում լեգիոնելա բակտերիաները գոյատևում են հողում և ջրում, սակայն հազվադեպ են վարակների պատճառ դառնում: Այնուամենայնիվ, լեգիոնելա բակտերիաները կարող են բազմանալ մարդկանց կողմից ստեղծված ջրային համակարգերում, ինչպիսիք են ջրով աշխատող օդորակիչները (կոնդիցիոներներ):
Լեգեոներների հիվանդությունով հնարավոր է վարակվել տնային սանտեխնիկայից, այնուամենայնիվ, բռնկումների մեծ մասը գրանցվում է մեծ շենքերում, հավանաբար այն պատճառով, որ բարդ ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգերը թույլ են տալիս բակտերիաներին ավելի հեշտությամբ աճել և տարածվել: Բացի այդ, տան և ավտոմեքենայի օդորակիչները հովացման համար ջուր չեն օգտագործում:
Ինչպես է վարակը տարածվում
Մարդկանց մեծ մասը վարակվում է, երբ շնչելիս ներս է քաշում (ներշնչում է) լեգեոնելա բակտերիա պարունակող ջրի մանրադիտակային կաթիլներ կամ գոլորշի: Սա կարող է լինել ցնցուղի, ծորակի կամ ջրամերսող լոգարանի (ջակուզիի) ջրի ցայտումից կամ մեծ շենքի օդափոխության համակարգերից: Վարակի բռնկումները սովորաբար կապված են հետևյալի հետ՝
- ջակուզիներ կամ ջրամերսող լոգարաններ
- օդորակման համակարգերի հովացման բլոկներ
- տաք ջրի տարողություններ և ջեռուցիչներ
- դեկորատիվ շատրվաններ
- լողավազաններ
- ծննդաբերական լողավազաններ
- խմելու ջուր:
Ջրի միկրոկաթիլները շնչելուց բացի, վարակը նաև կարող է փոխանցվել այլ ճանապարհներով:
- Ասպիրացիա (ներքաշում). սա տեղի է ունենում, երբ հեղուկները պատահաբար թափանցում են ձեր թոքեր, սովորաբար այն պատճառով, որ խմելու ընթացքում հազում կամ խեղդվում եք: Եթե ասպիրացնում եք լեգեոնելա բակտերիաներ պարունակող ջուր, կարող եք վարակվել լեգեոներների հիվանդությամբ:
- Հող. գրանցվել են քիչ թվով դեպքեր, երբ մարդիկ լեգեոներների հիվանդությամբ վարակվել են այգում աշխատելիս կամ աղտոտված հող օգտագործելուց հետո:
Ռիսկի գործոններ
Լեգիոնելա բակտերիաների ազդեցությանը ենթարկված ոչ բոլոր մարդկանց մոտ է հիվանդություն զարգանում: Ձեզ մոտ վարակի զարգացումն ավելի հավանական է հետևյալ դեպքերում:
- Ծխելը. ծխելը վնասում է թոքերը՝ դրանք դարձնելով թոքային բոլոր տեսակի վարակների նկատմամբ ավելի խոցելի։
- Թուլացած իմունային համակարգ ունենալը. սա կարող է լինել ՄԻԱՎ)/ՁԻԱՀ-ի կամ որոշ դեղամիջոցների, հատկապես կորտիկոստերոիդների և փոխպատվաստումից հետո օրգանների պոկվելը կանխելու համար ընդունված դեղամիջոցների հետևանք:
- Թոքերի որևէ քրոնիկ կամ այլ լուրջ հիվանդություն ունենալը. օրինակներից են՝ էմֆիզեմա, շաքարային դիաբետ, երիկամային հիվանդություն կամ քաղցկեղ:
- 50 տարեկան և ավելի բարձր տարիք ունենալը:
Լեգեոներների հիվանդությունը կարող է խնդիր առաջացնել հիվանդանոցներում և խնամքի կենտրոններում, օրինակ՝ ծերանոցներում, որտեղ մանրէները հեշտությամբ կարող են տարածվել, իսկ մարդիկ խոցելի են վարակի նկատմամբ:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024