Թոքերի արհեստական օդափոխությունը (ԹԱՕ) բուժման մեթոդ է, որն օգնում կամ փրկում է ինքնուրույն շնչառության խիստ դժվարությամբ կամ անհնարինությամբ մարդկանց, որպեսզի ժամանակավորապես ապահովվի նրանց թոքային օդափոխությունը:
Ըստ էության, ԹԱՕ-ն օդի մեխանիկական ներփչումն է չշնչող կամ ծանր շնչառական անբավարարությամբ անձի թոքերի մեջ: ԹԱՕ-ն կարող է իրականացվել նաև թթվածնող հարստացված օդով:
Ինչո՞ւ է կատարվում ԹԱՕ
Շնչառությունը օրգանիզմի կողմից թթվածին ստանալու և ածխաթթու գազից ազատվելու կենսական գործառույթ է: Առողջ մարդու մոտ թոքերը կատարում են այս գործառույթը՝ լայնանալիս օդը ներքաշելով մինչև ալվելոլներ (ներշնչում) և կծկվելիս օդն արտամղելով հակառակ ուղղությամբ (արտաշնչում): Իրականում թոքերը չեն կարող ինքնուրույն լայնանալ և փոքրանալ, այլ պարզապես պասիվ ձևով հետևում են կրծքավանդակի շնչառական շարժումներին: Սա կոչվում է արտաքին շնչառություն:
Թոքում կան միլիոնավոր փոքր օդապարկեր՝ ալվելոներ, որոնց պատով էլ տեղի է ունենում օդի և արյան միջև գազափոխանակությունը, երբ ներշնչված օդի թթվածինը մուտք է գործում արյան հուն և հակառակ ուղղությամբ արյունից դեպի արտաշնչման ենթակա օդ է դուրս գալի ածխաթթու գազ:
Թոքերից ստացած թթվածնով հարուստ (և ածխաթթու գազից աղքատ) զարկերակային արյունը սրտի կծկումների միջոցով արտամղվում է դեպի մեր բոլոր օրգաններ ու հյուսվածքներ և հակառակ ուղղությամբ թոքեր է վերադառնում ածխաթթու գազով հարուստ (և թթվածնից աղքատ) երակային արյուն: Հյուսվածքները արյունից ստանում են իրենց անհրաժեշտ թթվածինը և տալիս ածխաթթու գազ: Սա կոչվում է հյուսվածքային շնչառություն և ընթանում է մազանոթների պատի միջոցով:
Կան տարբեր հիվանդություններ և վիճակներ, որոնց դեպքում արտաքին շնչառությունը խիստ տուժում է, և թոքերը չեն կարողանում նորմալ կատարել իրենց վերոնշյալ գործառույթը: ԹԱԳ-ի անհրաժեշտությունը ծագում է, երբ՝
- անձը կարիք ունի օժանդակող շնչառությոն
- անձը չի շնչում և կարիք ունի ժամանակավոր՝ «արհեստական» շնչառության:
Նման դեպքերում իրականացվում է ԹԱՕ որ՝
- մեղմանա շնչառական դիսթրեսը
- նվազեցվի շնչառական աշխատանքը
- բարելավվի գազափոխանակությունը (թթվածին/ածխաթթու գազ)
- վերականգնվելու համար ժամանակ տրվի թոքերին
- վերականգնվելու համար ժամանակ տրվի շնչառական մկաններին
- հանգստանալու և վերականգնվելու համար ժամանակ տրվի պացիենտին:
ԹԱՕ տևողությունը կախված է շնչառության խանգարման ծանրությունից: Այն պետք է շարունակել մինչև, ինքնուրույն շնչառության վերականգնվելը (կամ կենսաբանական մահվան ակնհայտ նշանների ի հայտ գալը)։
Ե՞րբ է կատարվում ԹԱՕ
ԹԱՕ նախաձեռնելու ցուցումներն են՝
- ոչ նորմալ հազվադեպացած շնչառություն (բրադիպնոե)
- շնչառության ընդհատում (ապնոե)
- ոչ նորմալ հաճախացած շնչառություն (տախիպնոե)
- անբավարար գազափոխանակություն
- շնչառական մկանների թուլություն:
Ո՞վ կարող է ԹԱՕ կարիք ունենալ
ԹԱՕ-ն հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող սուր շնչառական դիսթրես կամ անբավարարություն ունեցող մարդկանց կենսունակությունն օժանդակող բուժում է: Այն կարող է կյանք փրկող նշանակություն ստանալ անհետաձգելի բուժօնգություն պահանջող բազմաթիվ հիվանդությունների ու վիճակների կամ դրանց ծայրահեղ ծանր ընթացի ժամանակ, օրինակ՝
- սուր սրտային հիվանդություններ
- թոքերի սուր վնասվածք
- ծանր հիպոտենզիա (ցածր արյան ճնշում)
- կոմա
- սեպսիս և բազմաօրգանային անբավարարություն
- նյարդամկանային հիվանդություններ
- թոքաբորբ
- սուր ասթմա
- թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ)
- սուր (չափահասների) շնչառական դիսթրես համախտանիշ (ՍՇԴՀ)
- թոքերի բակտերիալ բորբոքում (բակտերիալ թոքաբորբ)
- շնչառական համակարգի վիրուսային վարակներ, ինչպիսիք են սուր ծանր շնչառական համախտանիշը (SARS) կամ COVID-19-ը:
Կարճատև ԹԱՕ-ն հնարավոր է դարձնում նաև կատարելու ընդհանուր անզգայացմամբ վիրահատական միջամտություններ:
Ինչպե՞ս է կատարվում ԹԱՕ
ԹԱՕ-ն կարող է իրականացվել ինվազիվ և ոչ ինվազիվ մեթոդներով:
Ինվազիվ ԹԱՕ-ն կատարվում է հիվանդանոցների անհետաձգելի բուժօգնության կամ վերակենդանացման բաժանմունքներում հետևյալ երկու տարբերակներից մեկնումեկով՝
- էնդոտրախեալ (ներշնչափողային) ինտուբացիա, երբ օդատար ճկուն, սակայն՝ պինդ պատերով խողովակը պացիենտի քթով կամ բերանով ներմուծվում և տեղադրվում է շնչափողի մեջ
- տրախեոստոմիա, երբ խողովակը շնչափող է ներմուծվում արտաքինից կոկորդի վրա բացված անցքով:
Թոքերի կայուն և վերահսկելի օդափոխանակություն ապահովելուց բացի ԹԱՕ-ն ունի այլ օգուտներ ևս, այդ թվում՝
- թույլ է տալիս անցկացնել բրոնխոսկոպիա
- թույլ է տալիս իրականացնել ասպիրացիա՝ օդատար ուղիներում կուտակված պարունակության ներծծում
- թույլ է տալիս որոշ աերոզոլային դեղեր ուղղակիորեն ներմուծել օդատար ուղիներ կամ թոքեր
- թույլ է տարլիս իրականացնել վիրաբուժական մեծ միջամտություններ:
Ոչ ինվազիվ կամ օժանդակող գազափոխանակությունը կարող է կազմակերպվել տանը կամ հիվանդանոցում: Այն լինում է 3 տեսակի՝
- շարունակական դրական օդուղիների ճնշում (CPAP)՝ մշտական և կայուն օդի ճնշում
- ինքնակարգավորվող (հարմարվող) դրական դրական օդուղիների ճնշում (APAP)՝ շնչառության բնույթից կախված օդի ճնշման փոփոխում
- երկմակարդակ դրական օդուղիների ճնշում (BiPAP)՝ օդի ներմղման և արտամղման տարբեր ճնշումներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-05-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024