Մակուլյար դեգեներացիան աչքի ծանր և անդառնալի հիվանդություն է, որն առաջացնում է տեսադաշտի կենտրոնում տեսողության կորուստ:
Աչքի մակուլյար դեգեներացիան վերջնական բուժում չունի, սակայն դուք կարող եք նվազեցնել կամ ընդհատել տեսողության հետագա կորստի ռիսկը:
Ի՞նչ է մակուլյար դեգեներացիան
Մակուլյար դեգեներացիան աչքի քրոնիկ հիվանդություն է, որն առաջացնում է տեսողության կորուստ: Այն պատճառվում է ձեր աչքի նյարդերի վնասումից:
Մակուլյար դեգեներացիան առաջացնում է տեսողության աղոտացում կամ նույնիսկ կորուստ տեսադաշտի կենտրոնական շրջանում: Սա բերում է մարդկանց դեմքերը տեսնելու և ճանաչելու, ավտոմեքենա վարելու և այլ դժվարություններ: Ծանր դեպքերում հիվանդությունն ավարտվում է լիարժեք կուրությամբ:
Կան մակուլյար դեգեներացիայի երկու հիմնական տեսակներ՝
- չոր, որն ամենատարածված տեսակն է, զարգանում է դանդաղորեն և աստիճանաբար առաջացնում կենտրոնական տեսողության թույլից մինչև ծանր կորուստ
- թաց, որն ամենածանր տեսակն է, զարգանում է արագորեն, երբ մակուլայի տակ ի հայտ են գալիս ոչ նորմալ արյունատար անոթներ՝ բերելով վերջինիս այտուցի:
Մակուլյար դեգեներացիան հաճախ զարգանում է 50-ն անց մարդկանց մոտ, ուստի հայտնի է նաև որպես տարիքային մակուլյար դեգեներացիա:
Որքան շուտ ախտորոշվի հիվանդությունը, այդքան ավելի լավ: Երբեք մի՛ կարծեք, որ տեսողության որոշակի վատթարացումը պայմանավորված է միայն տարիքով: Տեսողության կանոնավոր ստուգումը կարող է օգնել, որ հիվանդությունը շուտ ախտորոշվի:
Իմացե՛ք ավելին չոր և թաց մակուլյար դեգեներացիայի մասին:
Մակուլյար դեգեներացիայի պատճառները
Մակուլյար դեգեներացիայի պատճառը հայտնի չէ: Սակայն այն ավելի հաճախ է հանդիպում ծխող, մարմնի ավելորդ քաշով, անառողջ սնունդ օգտագործող և այնպիսի հիվանդություններով կամ առողջական խնդիրներով մարդկանց շրջանում, որոնք ախտահարում են արյունատար անոթները, օրինակ՝ արյան բարձր խոլեստերին կամ դիաբետ:
Մակուլյար դեգեներացիայի ախտորոշումը
Ակնաբույժը կամ օկուլիստը կզննեն ձեր ակնահատակը հատուկ գործիքի միջոցով: Նրանք կարող են առաջարկել նաև ակնաբանական հատուկ հետազոտություններ, օրինակ՝ աչքի անգիոգրաֆիա:
Տեսողության կորստի չափը գնահատվում է տեսողության ստուգմամբ:
Մակուլյար դեգեներացիայի ախտանիշները
Մակուլյար դեգեներացիայի հիմնական ախտանիշը մոտիկ առարկաների վրա տեսողությունը կենտրոնացնելու դժվարությունն է, որի պատճառով կարող եք ունենալ՝
- աղոտ տեսողություն կամ տեսադաշտում մթնած շրջաններ
- տեսադաշտի կենտրոնում տեսողության նվազում կամ կորուստ
- փոքր տառաչափով գրվածքներն ընթերցելու դժվարություն
- մոտիկ աշխատանքի կամ կարդալու համար ավելի ուժեղ լույսի կարիք
- տարածությունները գնահատելու հետ կապված դժվարություններ
- դեմքերը ճանաչելու դժվարություն
- գույների ավելի մուգ ընկալում
- ուղիղ գծերի կորացած ընկալում:
Մակուլյար դեգեներացիայի բուժումը
Մակուլյար դեգեներացիան որևէ բուժում չունի, ուստի ակնաբույժը պետք է ձգտի, որ պահպանվի ձեր տեսողության տվյալ պահի մակարդակը: Դեղերը, վիրահատությունը կամ լազերային բուժումը նույնպես կարող են օգտակար լինել:
Թաց մակուլյար դեգեներացիայի ժամանակ ավելի հաճախ առաջարկվում է դեղերի հետակնագնդային ներարկում, որը կարող է նվազեցնել տեղային բորբոքումը և արյունալեցումը:
Երբեմն նշանակվում են նաև հատուկ վիտամինային հավելումներ, որոնց արդյունավետության վերաբերյալ հավաստի տվյալները բացակայում են:
Մակուլյար դեգեներացիայի կանխարգելումը
Դուք կարող եք կրճատել մակուլյար դեգեներացիայի զարգացումը կամ կանգնեցնել տեսողության կորուստը հետևյալ միջոցառումներով՝
- հրաժարվեք ծխելուց
- համոզվեք, որ ձեր արյան ճնշումը նորմալ է
- դարձրեք ձեր սննդակարգն առողջ, որը հարուստ է մրգերով, բանջարեղեններով և օմեգա-3 ճարպերով
- արևոտ օրերին աչքերը պաշտպանեք արևային ակնոցներով
- կարգավորեք ձեր քաշը և ֆիզիկապես ակտիվ ապրելակերպ վարեք
- ձեր բժշկի կամ դիետոլոգի խորհրդով խմեք հակաօքսիդանտային հավելումներ
Հոդվածը հրապարակվել է՝ 03-06-2019
Վերջին վերանայում՝ 02-06-2024