Առողջական խնդիրներ

Մերձարևելյան շնչառական համախտանիշ (MERS)

Մերձարևելյան շնչառական համախտանիշ (MERS)

Time Read 2 րոպե

Մերձարևելյան շնչառական համախտանիշը (անգլերեն հապավումը՝ MERS) վարակային հիվանդություն է, որը կարող է բարդանալ ծանր թոքաբորբով։

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վերաբերյալ հատուկ տեղեկատվության համար առաջարկում ենք այցելել այս էջը։

MERS-ը հարուցվում է MERS-կապված կորոնավիրուսով (MERS-CoV)։ Կորոնավիրուսներ հայտնաբերվում են տարբեր տեսակի կենդանիների, այդ թվում՝ թռչունների և կաթնասունների օրգանիզմներում։ Դրանք նաև ներառում են այն վիրուսները, որոնք առաջացնում են ընդհանուր մրսածություն (ՍՇՎՎ)։ MERS հարուցող վիրուսը նախկինում երբեք չի հայտնաբերվել մարդկանց օրգանիզմում։

MERS-ի ախտանիշները հաճախ ներառում են մարմնի ջերմաստիճանի բարձրացումը կամ տենդը (սովորաբար՝ 38°C գերազանցող), հազը, հևոցը և թոքաբորբը։ Այլ ախտանիշներից են մկանացավերը, փորլուծությունը, սրտխառնոցը և փսխումները։

Հիվանդությունն առաջին անգամ գրանցվել է 2012-ին և բռնկումը ներառել է աշխարհի ավելի քան 2200 մարդկանց, ովքեր ապրել կամ ճանապարհորդել են Մերձավոր արևելքի երկրներ կամ ունեցել են վարակված մարդկանց հետ ուղղակի շփում։

MERS-ը համարվում է մահացության բարձր ելքով հիվանդություն (վարակվածների շուրջ մեկ երրորդը), սակայն մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է այն մարդկանց մոտ, ովքեր ունեցել են մեկ այլ քրոնիկ հիվանդություն։

MERS-ն ի սկզբանե զոոնոզ, այսինքն՝ կենդանիներից (ուղտերից) մարդկանց փոխանցվող վարակ է։ Մարդուց մարդուն փոխանցումը հեշտ չէ, եթե կանխարգելվում է խիստ սերտ շփումը։

MERS-ի հատուկ բուժում կամ պատվաստանյութ գոյություն չունի, սակայն վաղ բժշկական օգնությունը կարող է փրկել մարդկանց կյանքը։ MERS-ի ապագա բռնկման դեպքում կանխարգելիչ միջոցառումները գրեթե չեն տարբերվում այլ կորոնավիրուսների տարածման դեմ քայլերից։ Դրանք են՝

  • հաճախակի լվացեք ձեր ձեռքերը հոսող ջրով և օճառով, հատկապես ձեր քիթը մաքրելուց հետո, զուգարանից օգտվելուց հետո, սննդից օգտվելուց կամ կերակուր պատրաստելուց առաջ և հետո, ինչպես նաև այլ մարդկանց դիպչելուց հետո
  • հազալիս կամ փռշտալիս փակեք ձեր քիթը և բերանը մաքուր անձեռոցիկով, որն օգտագործելուց հետո անմիջապես նետեք աղբարկղը
  • հազացող կամ հարբուխով մարդկանց շրջապատում օգտագործեք վիրաբուժական դիմակ և նրանց հետ շփվելիս պահեք 2 մետր շառավղով «սոցիալական» հեռավորություն
  • ձեր քիթը մաքրելիս օգտագործեք մաքուր անձեռոցիկ, որն օգտագործելուց հետո անմիջապես նետեք աղբարկղը
  • մնացեք տանը, եթե վատառողջ եք։

Հոդվածը տեղադրվել է՝ 23-11-2019 վերանայվել է՝ 26-12-2022

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: