Առավոտյան սրտխառնոց
Սրտխառնոցը և փսխումը հղիության առաջին երեք ամիսներին հաճախ հանդիպող խնդիրներ են։
Դրանց պատճառը լիարժեք հայտնի չէ, սակայն հղիության վաղ շրջաններում սրտխառնոցը և փսխումը կարող են ի հայտ գալ հղիությանն ուղեկցող հորմոնային տեղաշարժերի պատճառով։ Հղիության վաղ փուլերում կնոջ ինքնազգացողության այսպիսի խանգարումը երբեմն անվանում են «առավոտյան սրտխառնոց» (փսխումը հավանաբար չի նշվում, քանի որ միշտ չէ, որ սրտխառնոցին հաջորդում է փսխումը)։
Առավոտյան սրտխառնոցը համարվում է նորմալ երևույթ, քանի դեռ այն չի ստացել վտանգավոր ընթացք։
Ինչպես ձեր, այնպես էլ ձեր զուգընկերոջ համար կարևոր է ընդունելը, որ նախկինում ձեր նախընտրած տարբեր խթանիչները հղիության ընթացքում կարող են ձեզ այլևս չձգել (տեսողական, հոտառական, համային, շոշափման, սեռական և այլն)։
Առավոտյան սրտխառնոցի համար կարևոր է տեղեկանալ այս կարևոր դրույթների մասին՝
- հղի կանանց մինչև 80%-ի մոտ ի հայտ են գալիս որոշակի ախտանիշներ
- որոշ կանանց մոտ կարող է զարգանալ սրտխառնոց՝ առանց դրան հաջորդող փսխման
- նույնիսկ եթե այս վիճակը կոչվում է «առավոտյան սրտխառնոց», սրտխառնոցը և փսխումը կարող են առաջանալ օրվա ցանկացած ժամին՝ ինչպես ցերեկն, այնպես էլ գիշերը
- առավոտյան սրտխառնոցի ծանրության աստիճանը և հղիության ընթացքում դրա տևողությունը ինչպես տարբեր կանանց մոտ, այնպես էլ նույն կնոջ մոտ տարբեր հղիությունների ժամանակ կարող են լինել տարբեր
- առավոտյան սրտխառնոցը սովորաբար զգալիորեն բարելավվում է հղիության 3-րդ ամսվա ավարտին կամ ավելի շուտ, սակայն որոշ կանանց մոտ այն կարող է շարունակվել ավելի երկար, իսկ հազվադեպ՝ ընդգրկել հղիության ողջ ընթացքը
- ծանր դեպքերում առավոտյան սրտխառնոցը կարող է բերել հղի կնոջ մարմնի զանգվածի կորստի և ջրազրկման։
Առավոտյան սրտխառնոցի վարումը
Դեպքերի մեծ մասի ժամանակ որևէ բուժման կարիք չի զգացվում, սակայն կան որոշ բաներ, որոնք կարող են օգնել ձեզ՝ մեղմացնելու սրտխառնոցը և փսխումը։
Սնունդ
Փորձեք գտնել սննդի տեսակների և ընդունման ժամանակների այնպիսի համադրություն, որը բերում է ձեր ինքնազգացողության որոշակի բարելավման։
- Առավոտյան մինչև անկողնուց վեր կենալը փորձեք ուտել մի քիչ «չորահաց» (сухарики) և խմեք մի բաժակ թեյ կամ ջուր։ Այս մեթոդը օգնում է բազմաթիվ կանանց։
- Փորձեք օրվա սնունդը բաժանել ավելի փոքր, սակայն ավելի հաճախակի ընդունվող բաժինների, քան թե խստորեն պահպանել 3-անգամյա «նախաճաշ-ճաշ-ընթրիք» ռեժիմը։
- Փորձեք խուսափել յուղոտ կամ ճարպոտ սննդատեսակներից։
- Փորձեք հրաժարվել կամ սահմանափակել սուրճի ընդունումը։
- Սնվեք այն ժամանակ, երբ ցանկություն է առաջանում, այլ ոչ թե համբերեք մինչև ձեր տանը սահմանված ճաշի ժամը։
- Փորձեք բաց չթողնել ճաշի ժամերը կամ խուսափեք երկար ժամանակ սնունդ չընդունելուց։
- Հնարավորության դեպքում խնդրեք մեկ ուրիշին, որ զբաղվի խոհանոցային գործերով (սա թույլ կտա հեռու մնալ խոհանոցային հոտերից)։
- Ձեռքի տակ ունեցեք սննդամթերքների լայն տեսականի (օրինակ՝ աղային, քաղցր կամ «չոր սնունդ»), որովհետև ձեր համային նախասիրությունը կարող է օրվա ընթացքում փոփոխվել։
Ըմպելիքներ
Ընդունեք բավարար քանակի հեղուկներ։
- Հիշեք, որ ընդունեք առատ հեղուկներ՝ օրական 6-8 բաժակ ջուր։ Հեղուկները գերադասելի է խմել փոքր չափաբաժիններով։
- Բազմազանության համար կարելի է խմել իմբիրով թեյ, կիտրոնային ջուր և այլն։
- Եթե փսխումները հաճախակի են, ձեր ընդունած հեղուկների քանակը ևս պետք է համարժեք չափով ավելացնել։
- Զրուցեք ձեր բժշկի հետ ռեհիդրատացիոն հեղուկներ ընդունելու նպատակահարմարության մասին, որոնք կարող են լրացնել փսխումներով կորցրած աղերը (էլեկտրոլիտներ)։
Սրտխառնոցի զգացումը կարող են թուլացնել նաև հետևյալ միջոցները՝
- ծովային հիվանդության դեմ արտադրվող որոշ միջոցներ (օրինակ՝ հատուկ թևնոցներ և այլն)
- անանուխի կամ իմբիրի կտորների ծամում
- իմբիրի հաբեր
- վիտամին B6 (տեղեկացեք ձեր բժշկից, թե ինչքան ժամանակ պետք է այս վիտամինն ընդունեք):
Եթե առավոտյան սրտխառնոցը դառնում է անհանգստացնող կամ անտանելի, զրուցեք այդ մասին ձեր բժշկի հետ։ Հարկ եղած դեպքում նա կարող է նշանակել դեղեր, որոնք մեղմացնում են սրտխառնոցը։
Ծանր սրտխառնոց և փսխում
Ավելի պակաս, քան 100 հղի կնոջից 1-ի մոտ կարող է զարգանալ մի վիճակ, որը կոչվում է «մեծ հիպերէմեզիս» (լատիներեն անվանումը՝ hyperemesis gravidarum)։ Այս վիճակը ուղեկցվում է սրտխառնոցի և փսխումների ծանր ախտանիշներով, որը բերում է ինքնազգացողության կտրուկ վատթարացման, մարմնի զանգվածի անկման և ջրազրկման։ Նման իրավիճակը պահանջում է հիվանդանոցային պայմաններում անհետաձգելի բուժօգնության կազմակերպում, այդ թվում՝ ներերակային կաթիլային հեղուկներով բուժում։
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021