Խոզուկ (էնդեմիկ պարոտիտ)
Խոզուկը վարակիչ վիրուսային հիվանդություն է, որն ավելի հաճախ հանդիպում է 5-15 տարեկան երեխաների մոտ:
Ներկայում խոզուկը Հայաստանում հազվադեպ հանդիպող վարակ է, քանի որ ներառված է պատվաստումների ազգային ծրագրում:
Խոզուկի բնորոշ նշանը դեմքի կողմնային շրջաններում՝ ականջներից ներքև ցավոտ այտուցվածության առաջացումն է, որը պատճառվում է հարականջային թքագեղձերի բորբոքային այտուցով: Խոզուկի մյուս անվանումն է «համաճարակային (էնդեմիկ) պարոտիտ» («պարոտիտը» թարգմանվում է որպես թքագեղձի բորբոքում):
Խոզուկի մյուս տարածված նշաններից են գլխացավերը, հոդացավերը և բարձր ջերմությունը:
Խոզուկի հարուցիչը
Խոզուկը հարուցվում է նույնանուն վիրուսով, որը պատկանում է «պարամիքսովիրուսների» ընտանիքին: Վարակի աղբյուր է հանդիսանում խոզուկով հիվանդ մարդը, իսկ վիրուսը տարածվում և առողջին փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ հազալիս կամ փռշտալիս: Պարամիքսովիրուսներն ավելի տարածված են երեխաների շրջանում:
Վարակվելիս խոզուկի վիրուսը շնչառական ուղիներից (քիթ, բերան և ըմպան) տեղափոխվում է դեպի հարականջային թքագեղձեր, որտեղ էլ սկսում է բազմանալ՝ առաջացնելով այս գեղձերի բորբոքում և այտուց:
Հազվադեպ խոզուկի վիրուսը կարող է արյան միջոցով մուտք գործել ողնուղեղային հեղուկ և այնտեղից տարածվել այլ շրջաններ՝ գլխուղեղ, ենթաստամոքսային գեղձ, տղաների կամ տղամարդկանց մոտ՝ ամորձիներ, աղջիկների կամ կանանց մոտ՝ ձվարաններ:
Խոզուկի ախտանիշները
Խոզուկի գանգատները և նշանները սովորաբար զարգանում են վարակվելուց 14-25 օր անց (միջինը՝ 17 օր): Այս շրջանը կոչվում է «ինկուբացիայի» կամ «գաղտնի» շրջան:
Խոզուկի բնորոշ նշանը հարականջային գեղձերի այտուցն է: Սովորաբար ախտահարվում են զույգ թքագեղձերը, թեև կարող են հանդիպել միայն մեկ թքագեղձի ախտահարմամբ դեպքեր: Այտուցված թքագեղձերը դառնում են ցավոտ ու լարված՝ խանգարելով և նաև ցավոտ դարձնելով սնունդը, հեղուկները կամ թուքը կուլ տալը:
Խոզուկի մյուս նշաններից են՝
- ընդհանուր ինքնազգացողության վատթարացում
- մարմնի բարձր ջերմաստիճան
- սնունդը ծամելիս առաջացող ցավեր կամ անհարմարության զգացում (դիսկոմֆորտ)
- գլխացավեր
- հոդացավեր
- ընդհանուր թուլության և հոգնածության զգացում
- բերանի չորություն
- որովայնի մեղմ ցավեր
- ախորժակի անկում:
Երեխաների մեկ երրորդի մոտ գանգատները կարող են լինել թույլ արտահայտված և չանհանգստացնող:
Հարականջային թքագեղձերի այտուցը մեղմանում է մեկ շաբաթվա ընթացքում: Տղա երեխաների մոտ հազվադեպ, իսկ չափահաս տղամարդկանց մոտ՝ ավելի հաճախ խոզուկը կարող է ախտահարել նաև ամորձիները: Նման դեպքերում նկատվում է ամորձիների մեղմ այտուց և ցավոտություն:
Խոզուկի բուժումը
Խոզուկի վիրուսի դեմ որևէ հակավիրուսային դեղ գոյություն չունի և բուժումն ավելի շուտ ուղղված է ախտանիշների մեղմացմանը՝ մինչև օրգանիզմի իմունային համակարգը կկարողանա օրգանիզմը վիրուսից «մաքրել»:
Խոզուկի ժամանակ խորհուրդ է տրվում՝
- ապահովել անկողնային հանգիստ պայմաններ, մինչև հիվանդության ընթացքը կմեղմանա
- ցավերը մեղմացնելու կամ մարմնի բարձր ջերմությունը իջեցնելու համար բժշկի նշանակմամբ՝ Իբուպրոֆեն կամ Պարացետամոլ (մինչև 16 տարեկան երեխաներին Ասպիրին խորհուրդ չի տրվում)
- առատ հեղուկների ընդունում՝ շեշտը դնելով ջրի վրա և բացառելով թթու մրգահյութերը
- սառը թրջոցները կարող են մեղմացնել թքագեղձերի այտուցը և ցավոտությունը
- փափուկ սննդի ընդունում (օրինակ՝ ապուրներ, պյուրե կամ մանրացված ձու):
Բժշկի հետ կապ հաստատեք, եթե ձեր երեխայի մոտ հարականջային թքագեղձերի այտուցը և ցավոտությունն ուղեկցվում են հետևյալ նշանների հետ՝
- ստամոքսի շրջանի արտահայտված ցավեր
- կրկնակի փսխումներ
- տղա երեխաների մոտ՝ ամորձիների այտուցվածություն և ցավոտություն
- սաստիկ գլխացավեր
- քնկոտություն
- լուսավախություն
- մաշկային մանուշակագույն մանր ցանավորում կամ կարմիր բծեր:
Դիմեք բժշկին նաև այն դեպքերում, երբ մեկ շաբաթվա ընթացքում հիվանդության ախտանիշները չեն մեղմանում կամ, հակառակը, ավելի են վատթարանում:
Խոզուկի կանխարգելումը
Խոզուկը երկու այլ վարակների հետ միասին ներառված է պատվաստումների ազգային ծրագրում («ԿԿԽ»` կարմրուկ, կարմրախտ և խոզուկ): Այս պատվաստումը 95% հավանականությամբ կանխարգելում է երեխայի խոզուկով վարակվելը: Հետպատվաստումային անընկալությունը տևում է մոտ 4 տարի։
Որոշ ծնողներ անհանգստանում են այն տեղեկությունից, թե իբր ԿԿԽ պատվաստումը կարող է երեխայի մոտ բարձրացնել աուտիզմի ռիսկը: Մինչ օրս որևէ հետազոտությամբ այս տվյալը չի ապացուցվել:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021