Նևրալգիան նյարդերի ընթացքով տարածվող և մաշկում զգացվող սուր, այրող կամ մղկտացող նոպայաձև կամ կայուն ցավն է:
Նևրալգիան կամ նյարդացավը կարող է ի հայտ գալ մարմնի տարբեր շրջաններում: Հաճախ այս ցավերի պատճառը մնում է անհայտ: Եթե ձեզ մոտ առկա է նևրալգիա, կան ցավերը մեղմացնող տարբեր հնարավորություններ:
Ի՞նչ է նևրալգիան
Նևրալգիան սուր ցավ է, որը զգում եք ձեր մարմնի որևէ շրջանի մաշկում: Այն սովորաբար առաջանում է մարմնի այդ մասի համար պատասխանատու նյարդերի գրգռումից կամ վնասումից: Որոշ բժիշկիներ նևրալգիայի փոխարեն օգտագործում են «նեյրոպաթիկ ցավ» արտահայտությունը:
Նևրալգիայի տեսակները
Տարբերում են նևրալգիայի մի քանի տեսակներ, որոնցից են՝
- հետ-հերպեսային (պոստ-հերպետիկ) նևրալգիա, որն առաջանում է գոտևորող որքինից հետո (գոտևորող հերպես կամ herpes zoster) և ընդգրկում է նույն այն շրջանը, որտեղ առաջացել էր գոտևորող հերպեսային ցանը
- եռորյակ (տրիգեմինալ) նևրալգիա, որի դեպքում ցավերը տեղակայվում են ծնոտի կամ այտի շրջանում
- ծոծրակային (օկցիպիտալ) նևրալգիա, երբ ցավերն ընդգրկում են գլխի ետևի մասը՝ ձգվելով պարանոցից մինչև ծոծրակ
- պուդենտալ նևրալգիա, որի ժամանակ ցավերը տեղակայված են ոտքերի միջև՝ ընդգրկելով հետույքը, շեքը և ազդերերի վերին-ներսի մակերեսները:
Նևրալգիայի ախտանիշները
Եթե ունեք նևրալգիա, դուք կարող եք նկատել, որ՝
- ախտահարված շրջանի մաշկը դարձել է զգայուն
- ցավերն ունեն սուր կամ կտրող, այրող կամ սառեցնող, էլեկտրաշոկին նմանվող բնույթ
- տվյալ նյարդի կամ դրա ճյուղերի շրջանի մկանները դարձել են թույլ կամ պարալիզվել են (լուծանք):
Ցավը կարող է լինել կայուն կամ ի հայտ գալ նոպայաձև և անհետանալ, սակայն միշտ ընդգրկում է նույն շրջանը:
Դուք նաև կարող եք զգալ նյարդավորման շրջանի ծակծկոցներ, թմրածություն կամ քոր:
Նևրալգիայի պատճառները
Նևրալգիան կարող է զարգանալ հետևյալ պատճառներով՝
- վարակներ, օրինակ՝ ՄԻԱՎ
- դիաբետ (շաքարախտ), ցրված սկլերոզ կամ ինսուլտ
- որոշ դեղեր
- նյարդի ճնշում, օրինակ՝ ուռուցքի ժամանակ
- նյարդի վնասվածքներ, այդ թվում՝ վիրաբուժական բնույթի
- վիտամին B1 կամ B12-ի պակաս (դեֆիցիտ)
- ալկոհոլի չարաշահում:
Որոշ դեպքերում նևրալգիայի պատճառը մնում է անհայտ:
Նևրալգիայի ախտորոշումը
Նևրալգիայի հայտնաբերման որևէ հատուկ հետազոտություն գոյություն չունի: Ձեզ մոտ նևրալգիա կասկածելիս բժիշկը կարող է՝
- զրուցել ձեզ հետ և խնդրել, որ պատասխանեք որոշ հարցերի
- զննել ձեզ
- ձեզ ուղեգրել որոշ հետազոտությունների, օրինակ՝ արյան թեստեր, նյարդահաղորդականության հետազոտություններ և այլն:
Նևրալգիայի բուժումը
Նևրալգիայի բուժումը կախված է հիվանդության պատճառից (եթե հայտնաբերվում է), ախտահարված նյարդից և ցավերի ուժգնությունից:
Կան դեղեր, որոնք կարող են մեղմացնել նևրալգիան: Դրանք կարող են նշանակվել միայնակ կամ զուգակցված: Այդ դեղերից են՝
- որոշ հակադեպրեսանտներ, օրինակ՝ Ամիտրիպտիլին
- հակացնցումային դեղեր, օրինակ՝ Կարբամազեպին կամ Գաբապենտին
- սովորական ցավազրկողներ
- տեղային (մաշկային) միջոցներ, օրինակ՝ Կապսաիցինի քսուք, Լիդոկայինի սպեղանի:
Ծանր կամ ձգձգվող դեպքերում կարող են առաջարկել նաև վիրահատական միջամտություն:
Բուժման այլ տեսակները, օրինակ՝ ասեղնաբուժությունը կամ ռելաքսացիայի մեթոդները նույնպես կարող են օգտակար լինել:
Սակայն, որոշ մարդկանց մոտ ցավը կարող է դժվարությամբ ենթարկվել բուժման:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2018
Վերջին վերանայում՝ 30-04-2024