Ծննդաբերությունը ցավերով ուղեկցվող գործընթաց է, ուստի կարևոր է, որ դուք իրազեկված լինեք ծննդաբերության ցավազրկման մեթոդների մասին։
Ծննդաբերության ցավազրկման տեսակների մասին տեղեկացված լինելը օգտակար է նաև այն բանի համար, որ ծննդատանը ձեզ կարող են առաջարկել նման միջոցառում և որոշողը դուք պետք է լինեք՝ ցավազրկել արդյոք ձեր ծննդաբերությունը, թե՞ ոչ, և եթե այո, ապա՝ ի՞նչ մեթոդով։ Մինչև ծննդաբերելը զրուցեք այս թեմայի շուրջ նաև ձեր բժշկի հետ։
Կան ծննդաբերական ցավերը մեղմացնող տարբեր մեթոդներ, որոնց մասին այս հոդվածում կտրվեն ամենաանհրաժեշտ տեղեկությունները։
Բնական ցավազրկում
Այս մեթոդները և հնարքները կարող են օգնել ձեզ, որ դուք ավելի հեշտությամբ ինքնուրույն հաղթահարեք ծննդաբերական ցավերը։
- Սովորեք, թե ինչ է ծննդաբերությունը։ Ծննդաբերության վերաբերյալ գիտելիքները ձեզ թույլ կտան, որ ավելի քիչ վախենաք այն մտքից, թե ինչ է ձեզ սպասվում և ավելի հեշտությամբ կարողանաք կառավարել ձեր հույզերը։ Զրուցեք ձեր բժշկի կամ բուժքրոջ հետ, հարցերք նրանց այն ամենի մասին, ինչը ձեզ համար դեռ «մութ» է մնացել կամ անհանգստացնում է ձեզ։ Հաճախեք պոլիկլինիկաներում կազմակերպվող դասընթացներին (հղիների դպրոց և այլն)։
- Սովորեք, թե ինչպես թուլացնել մարմինը, մնալ հանդարտ և շնչել խորը։
- Մի՛ պասիվացեք և շարունակեք շարժուն, ֆիզիկական ակտիվ կյանքը։ Զբոսանքը, մարմնի դիրքը փոփոխող վարժանքները կարղ են օգտակար լինել։
- Հասկացեք, թե աթոռին նստելու որ դիրքն է ձեզ համար ամենահարմարը և որ դիրքում է ձեր գոտկային և որովայնի վրա առկա ճնշումը դառնում տանելի։
- Թույլ տվեք, որ ձեր զուգընկերը կամ մոտիկ հարազատներից մեկնումեկը ներկա գտնվեն ձեր ծննդաբերությանը։
- Խնդրեք ձեր զուգընկերոջը, որ մերսի ձեզ։
- Ընդունեք գոլ (բայց՝ ոչ խիստ տաք) ցնցուղ կամ լոգանք։
- Ժամանակ առ ժամանակ ձեր գոտկատեղին կամ որովայնի ստորին շրջանին դրեք տաք ջեռակ։
- Փորձեք ջրաբուժում, քանի որ ջրային վաննան կարող է օգնել ձեր հանգստանալուն։ Ջուրը պետք է լինի ոչ շատ տաք (մինչև 37,5 °C)։
Օժանդակող ոչ դեղորայքային ցավազրկում
Նյարդի միջմաշկային էլեկտրական խթանում
Նյարդի միջմաշկային էլեկտրական խթանումը (TENS) արդյունավետ չէ ծննդաբերության ակտիվ շրջանում, երբ ճիգերը դառնում են երկարատև, ուժեղ և ավելի հաճախակի։ Դրա փոխարեն, եթե գնել կամ վարձակալել եք TENS սարք, կարող եք ծննդաբերության վաղ փուլերում մինչև ծննդատուն այցելելը ձեր տանը մեղմացնել առկա ցավերը։
Ինչպե՞ս է իրականացվում
Սարքի էլեկտրոդները ամրացվում են ձեր գոտկատեղին և միացվում է մարտկոցով աշխատող սարքը (ստիմուլյատոր)։ Սարքը միացնելուց հետո դուք կարող եք տեղաշարժվել, օրինակ՝ շրջել սենյակում։
Համարվում է, որ ստիմուլյատորը խթանում է ձեր օրգանիզմի կողմից բնական ցավազրկողների ավելի մեծ քանակների արտադրությունը (օրինակ՝ էնդորֆիններ): Ստիմուլյատորի օգնությամբ կրճատվում է նաև դեպի գլխուղեղ փոխանցվող ցավային ազդանշանների քանակը։
Կողմնակի ազդեցություններ
Չունի ոչ ձեզ, ոչ էլ ել ձեր երեխայի համար։
Ջրի ներարկում՝ գոտկացավերի դեմ
Բուժքույրը կարող է ձեր գոտկատեղի շրջանում կատարել ստերիլ ջրի ներարկում, որ մեղմանան ձեր մեջքի ցավերը։
Ինչպե՞ս է իրականացվում
Սովորաբար ներարկումները կատարվում են անմիջապես մաշկի տակ, գոտկային շրջանի 4 տարբեր կետերում։ Ներարկումն առաջացնում է ասեղի ծակոցին կամ մեղվի խայթոցին նմանվող սուր կարճատև ցավի զգացողություն, սակայն թուլացնում է ծննդաբերական ցավերը՝ չազդելով ճիգերի վրա։
Կողմնակի ազդեցություններ
Չունի ոչ ձեզ, ոչ էլ ել ձեր երեխայի համար։
Դեորայքային ցավազրկում
Ազոտային օքսիդ
Սա թթվածնի և ազոտային օքսիդի խառնուրդն է, որը լիարժեք ցավազրկում չի ապահովում, սակայն օգնում է ձեզ, որ ավելի հեշտությամբ հաղթահարեք ճիգերին ուղեկցող ցավերը։ Բազմաթիվ կանայք օգտվում են այս մեթոդից, քանի որ այն հեշտ օգտագործվող և ինքնակառավարելի է։
Ինչպե՞ս է իրականացվում
Դուք շնչում եք գազաօդային խառնուրդը դիմակի կամ բերանային խողովակի միջոցով։ Շնչելուց հետո ազդեցությունը սկսվում է 10-20 վրկ. անց, ուստի դուք կարող եք շնչել գազաօդային խառնուրդը քանի դեռ ձեր ճիգերը չեն դարձել ցավոտ։ Այս մեթոդի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ձեր բժշկից։
Կողմնակի ազդեցություններ
Չունի որևէ վնասակար ազդեցություն ոչ ձեզ, ոչ էլ ել ձեր երեխայի համար, սակայն դուք կարող եք զգալ գլխում թեթևություն, քնկոտություն կամ ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություն։ Նման զգացողությունների ժամանակ կարող եք դադարեցնել գազաօդային խառնուրդի շնչելը։ Եթե ցավազրկման այս մեթոդը ձեզ թվում է ոչ բավարար, կարող եք բժշկին խնդրել, որ ձեզ ցավազրկող դեղ ներարկեն։
Ցավազրկողների ներարկումներ
Ցավազրկման մեկ այլ տեսակ է ցավազրկող դեղերի (օրինակ՝ Պեթիդին կամ Դիամորֆին) միջմկանային ներարկումը, որը մեղմացնում է ցավերը և օգնում ձեր թուլանալուն։
Ինչպե՞ս է իրականացվում
Ձեզ կատարվում է միջմկանային ներարկում, որից հետո ցավազրկող ազդեցությունը սկսվում է 20 րոպեի ընթացում և տևում 2-4 ժամ։
Կողմնակի ազդեցություններ
Կան մի շարք կողմնակի ազդեցություններ, որոնց մասին արժի նախապես իմանալ՝
- քնկոտություն, շշմածություն, մոռացկոտություն կամ ընդհանուր ինքնազգացողության վատացում
- եթե Պեթադինը կամ Դիամորֆինը ներարկվում են ծննդաբերության սկզբում, կարող են թուլացնել ձեր ճիգերը
- եթե Պեթիդինը կամ Դիամորֆինը ներարկվում են ծննդաբերությունից ոչ շատ առաջ, կարող են ազդել նորածնի շնչառության վրա
- այս դեղերը կարող են ազդել կրծքով կերակրման վրա։
Էպիդուրալ ցավազրկում
Էպիդուրալ ցավազրկումը տեղային անզգայացման առանին տեսակ է, որի նպատակը ծննդաբերական ուղիներից դեպի գլխուղեղ ցավային ազդանշանները փոխանցող նյարդերը թմրացնելն է։ Կանանց մեծ մասի համար էպիդուրալ ցավազրկումը կարող է լիարժեք կերպով հանել ծննդաբերական ճիգերին ուղեկցող ցավերը։ Ցավազրկման այս տեսակը կարող է օգտակար լինել երկարատև կամ խիստ ցավերով ուղեկցվող ծննդաբերությունների ժամանակ։
Էպիդուրալ ցավազրկման միջամտությունը իրականացվում է անեսթեզիոլոգի կողմից միայն հիվանդանոցային պայմաններում, իսկ ձեր դեպքում՝ ծննդատանը: Եթե ցանկանում եք, որ ձեր ծննդաբերությունն ընթանա էպիդուրալ ցավազրկման պայմաններում, նախապես ճշտեք, թե արդյոք ձեր ընտրած ծննդատանն այս մեթոդը մատչելի է։
Ինչպե՞ս է իրականացվում
Էպիդուրալ ցավազրկման դեպքում՝
- ձեր ձեռքի երակից միացվում է ինֆուզիոն հեղուկ
- անեսթեզիոլոգը ձեզ խնդրում է պառկել կողքի վրա կամ նստել՝ առաջ թեքված դիրքով, որից հետո ձեր գոտկային շրջանի մաշկը մաքրում է հականեխիչ լուծույթով և կատարում մաշկի և ենթամաշկի տեղային անզգայացում
- որոշ ժամանակ անց մաշկի ցավազրկված մասում անեսթեզիոլոգը տեղադրում է ավելի հաստ ասեղ, որը խորացնում է մի քանի սանտիմետր և հասնում ձեր ողնուղեղը շրջապատող էպիդուրալ տարածք, որից հետո ասեղի լուսանցքի միջով տեղադրում է բարակ պլաստիկ խողովակ (էպիդուրալ կաթետեր), որի միջոցով ներարկում է տեղային անզգայացնող և օփիոիդային ցավազրկողի խառնուրդ-լուծույթ
- ամբողջ միջամտությունը տևում է 5-10 րոպե, իսկ ցավազրկումը սկսվում է ևս 10-15 րոպե անց
- էպիդուրալ ցավազրկումից հետո ձեզ կարող է միացվել ձեր սրտի աշխատանքը մշտապես գրանցող և զարկերակային ճնշումն ավտոմատ չափող սարքեր, որոնց նպատակը ձեր սրտանոթային գործունեության վերահսկումն է
- նույն կերպ ձեզ կարող են միացնել երեխայի սրտի աշխատանքը գրանցող սարք:
Կողմնակի ազդեցություններ
Կան մի շարք կողմնակի ազդեցություններ, որոնց մասին արժի նախապես տեղեկանալ։
- Կախված օգտագործվող անեսթետիկից կամ մեթոդից, դուք կարող եք ձեր զգալ ոտքերում ծանրություն, ուստի ձեզ խորհուրդ կտան որոշ ժամանակ մնալ անկողնում պառկած վիճակում։
- Եթե ձեզ չեն ներարկում այլ դեղեր, էպիդուրալ անզգայացումն ինքը չի կարող առաջացնել քնկոտություն, թուլություն կամ վատ ինքնազգացողություն։
- Հազվադեպ, ձեր արյան ճնշումը կարող է ընկնել, որը կանխարգելելու համար ձեզ նախապես միացնում են ներերակային կաթիլային ինֆուզիա։
- Էպիդուրալ անզգայացումը կարող է երկարաձգել ծննդաբերության երկրորդ փուլը, երբ դուք պետք է արտամղեք պտուղը և երեխան ծնվի։ Եթե դուք չեք զգում ճիգերը, ապա մանկաբարձուհին ձեզ կասի, թե երբ ուժ գործադրել։ Ավելի լուրջ դեպքերում բժիշկները կարող են օժանդակել ծննդաբերությանը հատուկ գործիքների միջոցով։
- Կարող է թուլանալ ձեր միզելու ցանկությունը կամ դժվարանալ միզարձակությունը։ Նման դեպքերում բուժքույրը բաց կթողնի ձեր մեզը միզային կաթետերով։
- 100-ից 1 կնոջ մոտ էպիդուրալ ցավազրկումից հետո առաջանում են գլխացավեր, որոնք հեշտությամբ ենթարկվում են բուժմանը։
- Էպիդուրալ կաթետերը հեռացնելուց հետո 1-2 օր կարող եք ունենալ գոտկային շրջանի ցավեր կամ անախորժ զգացումներ, որոնք նույնպես ինքնուրույն մեղմանում են։
Իմացե՛ք ավելին էպիդուրալ անզգայացման մասին:
Կան նաև ծննդաբերության ցավազրկման այլընտրանքային մեթոդներ՝ ասեղնաբուժություն, արոմաթերապիա, հոմեոպաթիա, հիպնոս, մերսում կամ ռեֆլեքսաբուժում։ Դրանց մեծ մասի ոչ արդյունավետությունը, ոչ էլ կողմնակի ազդեցությունները բավարար հետազոտված չեն։
Պետք է նաև նախապես ճշտել, թե այն ծննդատունը, որտեղ ցանկանում եք կազմակերպել ձեր ծննդաբերությունը, ցավազրկման ո՞ր մեթոդին է տիրապետում կամ ի՞նչ մեթոդներ է առաջարկում։
Որոշ կանայք գերադասում են չօգտվել ծննդաբերության ցավազրկման որևէ մեթոդից և դա նրանց իրավունքն է։
Հոդվածը հրապարակվել է՝ 25-04-2019
Վերջին վերանայում՝ 27-04-2024