Այս էջում կներկայացվի էպիդուրալ անզգայացման վերաբերյալ օգտակար տեղեկատվություն:
Եթե ունեք հարցեր, ապա քննարկեք դրանք ձեր բժշկի կամ համապատասխան մասնագետների հետ (անեսթեզիոլոգ, վիրաբույժ և այլն):
Ի՞նչ է էպիդուրալ անեսթեզիան
Էպիդուրալ անեսթեզիան տեղային անեսթետիկի կամ այլ ցավազրկող դեղամիջոցի ներարկումն է էպիդուրալ տարածության մեջ: Սա ողնուղեղը շրջապատող տարածություն է, որը սուբարախնոիդալ տարածությունից առանձնացված է կարծր թաղանթով (եթե տեղային անեսթետիկը ներմուծվում է՝ ծակելով այս թաղանթը և հասնելով սուբարախնոիդալ տարածություն, ապա զարգանում է ողնուղեղային անեսթեզիա):
Տեղային անեսթետիկն առաջացնում է ողուղեղից դուրս եկող նյարդերի անզգայացում, որն էլ բերում է էպիդուրալ կաթետերից մակարդակից ավելի ներքև ընկած մարմնամասերի թմրածություն և ցավազրկում՝ կրծքավանդակ, որովայն, կոնք, ստորին վերջույթներ:
Էպիդուրալ անզգայացումը կարող է օգտագործվել ինքնուրույն, երբ դուք մնում եք արթուն կամ զուգակցվել սեդատիվ (քնաբեր) դեղերի կամ ընդհանուր անզգայացման հետ:
Էպիդուրալ անզգայացումը կարող է օգտագործվել ոչ միայն վիրահատությունը կամ այլ միջամտությունը ցավազրկելու, այլ նաև հետվիրահատական ցավերն արդյունավետ կերպով հանելու համար:
Ինչպե՞ս է էպիդուրալ անզգայացումն ազդում
Տեղային անեսթետիկ նյութը կամ ցավազրկող միջոցը բարակ խողովակով՝ էպիդուրալ կաթետերով ներմուծվում է ողնուղեղը շրջապատող էպիդուրալ տարածության մեջ, որի արդյունքում ողնուղեղից դուրս եկող կամ մտնող նյարդերը ժամանակավորապես «թմրում» են և չեն հաղորդում նյարդային, այդ թվում՝ ցավային ազդանշաններ:
Ընդ որում, այս դեղերը կարող են տրվել ոչ թե միայն միանվագ կերպով, ինչպես ողնուղեղային անզգայացման ժամանակ, այլ նաև կոտորակային դեղաչափերով կամ շարունակական ինֆուզիայի միջոցով, որը թույլ է տալիս ստանալ կայուն երկարատև հետվիրահատական ցավազրկում:
Ինչպե՞ս է իրականացվում այս միջամտությունը
Էպիդուրալ կաթետերը ներմուծելու համար անեսթեզիոլոգը կխնդրի, որ նստեք կամ կողքի վրա պառկեք վիրահատական սեղանին:
Անեսթեզիոլոգը ներմուծում է էպիդուրալ կաթետերը՝ օգտագործելով ասեղ:
Այնուհետև տեղադրված կաթետերով նա ներմուծում է անզգայացնող դեղամիջոցի փոքր քանակ, որպեսզի ստուգի կաթետերի դիրքը: Եթե նա համոզվում է, որ կաթետերը ճիշտ դիրքում է, նույն կաթետերով ներմուծում է բավարար անզգայացում առաջացնող դեղի ամբողջական դեղաչափը:
Էպիդուրալ անզգայացման ազդեցության ուժը և տևողությունը կարող է լինել տարբեր՝ կախված օգտագործված դեղամիջոցից և դրա քանակից: Որքան շատ դեղամիջոց է էպիդուրալ կաթետերով ներմուծվում, այդքան թմրածությունը և անզգայացումը խորանում է:
Ի՞նչ բարդություններ կարող են զարգանալ
Էպիդուրալ անզգայացումը կարող է դառնալ մի շարք լուրջ և կայուն բարդությունների պատճառ, այդ թվում՝
- անզգայացման խափանում
- ցածր արյան ճնշում (հիպոտենզիա)
- գլխացավեր
- շնչառության ընկճում, երբ շնչառությունը խիստ դանդաղում է
- քոր
- դժվարամիզություն
- ոտքերի ժամանակավոր թուլություն
- մեջքի (գոտկային) ցավեր կամ արհարմարավետություն
- ցնցումներ
- չակնկալված բարձր արգելափակում, եթե տեղային անեսթետիկը տարածվում է նախատեսված շրջանից ավելի բարձր
- ողնուղեղի, ողնաշարի և ներարկման շրջանի վարակ
- սրտանոթային կոլապս (երբ սրտի գործունեությունը խիստ ընկճվում է և (կամ) զարկերակները խիստ լայնանում են)
- նյարդի վնասվածք
- ողնուղեղի շուրջը արյան մակարդուկ
- միզապարկի կամ հաստ աղու գործունեությունը կարգավորող նյարդերի վնասում
- կաթված կամ մահ:
Ճիշտ կատարված էպիդուրալ անեսթեզիայի դեպքում լուրջ կամ ծանր բարդությունների հավանականությունը շատ փոքր է:
Ուշ բարդություններ
Բարդություններ կարող են առաջանալ նաև էպիդուրալ կաթետերը հեռացնելուց հետո, օրինակ՝
- թարախակալում, կարմրություն, լարվածություն կամ ցավ
- բարձր ջերմություն
- վատ ինքնազգացողություն
- լուսավոր սենյակում կամ արևի ճառագայթներից անհարմարավետության զգացում
- պարանոցի լարվածություն (ռիգիտություն)
- ոտքերը շարժելու դժվարություններ կամ զգացողության խանգարումներ
- դժվարամիզություն
- անկղապահություն:
Ճիշտ կատարված էպիդուրալ անեսթեզիայի դեպքում ուշ բարդությունների հավանականությունը շատ փոքր է:
Ինչքա՞ն շուտ ես կվերականգնվեմ
Էպիդուրալ անզգայացումը կարող է ազդել ռեակցիաների վրա: Ուստի, մինչև զգացողությունների լիարժեք վերականգնվելը պետք է խուսափել ավտոմեքենա վարելուց, հնարավոր այլ վտանգավոր (այդ թվում՝ խոհանոցային գործեր) կամ այնպիսի աշխատանքներից, որոնք պահանջում են շարժումներ և հավասարակշռություն:
Ամփոփում
Էպիդուրալ անզգայացումը կարող է բազմաթիվ մարդկանց համար օգտագործվել որպես վիրահատության կամ միջամտության, ինչպես նաև հետվիրահատական արդյունավետ և անվտանգ անզգայացնող ու ցավազրկող միջամտություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-06-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024