Պապ թեստը գինեկոլոգիական թեստ է, որը թույլ է տալիս հայտնաբերել արգանդի վզիկի լորձաթաղանթի բջիջների նախաքաղցկեղային կամ քաղցկեղային փոփոխությունները:
Պապ թեստը կամ պապ քսուքը կոչվում է իր ստեղծողի՝ հայտնի հույն բժիշկ Յորյոս Պապանիկոլաուի անվամբ:
Ի՞նչ է Պապ թեստը
Պապ թեստը գինեկոլոգներին թույլ է տալիս կանանց մոտ գնահատել արգանդի վզիկի քաղցկեղի հավանականությունը կամ նախանշել առկայությունը: Թեստի նշանակությունը ոչ միայն արգանդի վզիկի քաղցկեղի վաղ ախտորոշումն է, այլև վզիկի բջիջների այնպիսի փոփոխությունների հայտնաբերումը, որոնք կարող են վկայել ապագայում քաղցկեղի առաջացման ավելի մեծ հավանականության մասին:
Ինչպե՞ս է կատարվում Պապ թեստը
Պապ քսուքի նմուշը վերցվում է ձեր գինեկոլոգի աշխատասենյակում (կամ զննման սենյակում): Այն տևում է 10-20 րոպե:
Հետազոտության համար բժիշկը ձեզ առաջարկում է պառկել գինեկոլոգիական աթոռին, քիչ բացել ոտքերը և հենել ոտնակներին: Այնուհետև նա հեշտոցային հայելին տեղադրում է ձեր հեշտոցի մեջ և բացում այն, որը լայնացնում է ձեր հեշտոցի խոռոչը՝ պատերը հեռացնելով միմյանցից և մատչելի դարձնելով ձեր արգանդի վզիկը։ Հետո բժիշկը նուրբ ստերիլ խոզանակով ձեր արգանդի վզիկից քսելով վերցնում է բջիջների նմուշ, որը տեղադրում է հատուկ հեղուկ միջավայրի մեջ և ուղարկում մանրադիտակային հետազոտության:
Պապ քսուք վերցնելը ցավոտ կամ վնասակար չէ. այս ընթացքում դուք ձեր հեշտոցում զգում եք մի փոքր լարվածություն, իսկ բուն նմուշառման ընթացքում՝ հպում կամ թույլ ծակոց: Պապ թեստը կատարվում է միանվագ ստերիլ պարագաներով:
Ի՞նչ են նշանակում Պապ թեստի արդյունքները
Պապ թեստի արդյունքների մասին բժիշկը ձեզ տեղեկացնում է 1-2 օրվա ընթացքում: Ստանդարտ հետազոտության ժամանակ սովորաբար կարող են ստացվել երկու տեսակի արդյունքներ՝ բացասական կամ դրական:
- Բացասական պատասխանը վկայում է այն մասին, որ ձեր առողջության հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել: Այսինքն, բացասական պատասխանը հուշում է, որ ձեր արգանդի վզիկի լորձաթաղանթում որևէ անսովոր կամ ձևափոխված բջիջներ չկան: Սա նշանակում է, որ դուք ձեր հաջորդ պապ թեստը կարող եք հանձնել ըստ ժամանակացույցի, սովորաբար՝ 2 տարի անց:
- Դրական պատասխանը դեռ չի նշանակում, որ ձեզ մոտ առկա է արգանդի վզիկի քաղցկեղ: Դրական Պապ թեստ կարող է ստացվել նաև վզիկի մեղմ բորբոքման ժամանակ: Կամ, գուցե արգանդի վզիկի լորձաթաղանթի բջիջները ենթարկվել են փոքր-ինչ ձևափոխումների, որին բժիշկներն անվանում են դիսպլազիա: Քիչ ձևափոխված բջիջները կարող են ինքնուրույն անհետանալ, ուստի բժիշկները նման դեպքերում ընտրում են սպասողական տակտիկա և առաջարկում կրկնել նույն թեստը մի քանի ամիս անց:
Եթե ձևափոխված բջիջները շարունակում են հայտնաբերվել կրկնակի Պապ թեստերով, ձեր բժիշկը կարող է նշանակել նաև այլ հետազոտություններ, օրինակ՝ կոլպոսկոպիա, երբ էնդոսկոպիկ մեթոդով դիտվում է ձեր արգանդի վզիկը:
Պապ-դրական թեստի ժամանակ ձեզ նաև կարող է առաջարկվել բիոպսիա, երբ կոլպոսկոպիայի միջոցով ձեր արգանդի վզիկից վերցվում է հյուսվածքային փոքր նմուշ, որն ուղարկվում է լաբորատորիա:
Ի՞նչ հաճախականությամբ պետք է հանձնել Պապ թեստը
Բժիշկները խորհուրդ են տալիս Պապ թեստեր հանձնել սկսած 21 տարեկանից, յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ՝ մինչև ձեր 65 տարեկանը լրանալը: Եթե 30 տարեկան և ավելի մեծ եք, կարող եք Պապ թեստ հանձնել նաև յուրաքանչյուր 5 տարին մեկ, եթե միաժամանակ հետազոտվում եք նաև մարդու պապիլոմավիրուսի նկատմամբ (HPV): Վերջինս ամենահաճախ հանդիպող սեռական ճանապարհով փոխանցվող վարակն է, որի առկայությունը մեծացնում է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը:
Որոշ դեպքերում ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ ավելի հաճախակի հանձնեք Պապ թեստ: Օրինակներից են՝
- Պապ թեստով նախաքաղցկեղային բջիջների հայտնաբերում
- ՄԻԱՎ վարակի առկայություն
- օրգանիզմի իմունային համակարգի թուլություն (օրինակ՝ երկարատև ժամանակ կորտիկոստերոիդային բուժման ընդունում):
Ի՞նչ անել, եթե իմ Պապ թեստի արդյունքները նորմալ չեն
Եթե Պապ քսուքով ստացել եք դրական պատասխան, սա նշանակում է, որ բջջաբանական հետազոտությամբ հայտնաբերվել են ձեր արգանդի վզիկի լորձաթաղանթի անսովոր կամ ոչ նորմալ բջիջներ: Այլ կերպ ասած, դեպքերի մեծ մասի ժամանակ դրական Պապ թեստն ուղղակի վկայում է, որ ձեզ մոտ կարող է առաջանալ արգանդի վզիկի քաղցկեղ, այլ ոչ թե դուք ունեք քաղցկեղ: Խոսքը զուտ բարձրացած հավանականության կամ ռիսկի մասին է, որը կարող եք նվազեցնել՝ հետևելով ձեր բժշկի խորհուրդներին կամ նրա նշանակած բուժմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-06-2018
Վերջին վերանայում՝ 28-04-2024