Բազմաթիվ մարդիկ ժամանակ առ ժամանակ ունենում են պարանիոդ զգացումներ. «կարծես թե այս աղջիկն ինձ թարս նայեց», «կարծես թե մեջքիս ետևում իմ մասին են խոսում»:
Երբեմն նման զգացումները կարող են արդարացի լինել:
Պարանոյան մտածողության մի վիճակ է, երբ մարդը հավատացած է, որ մյուսները փորձում են իրեն վնաս հասցնել: Այն կարող է դրսևորվել որպես այլոց կողմից հետապնդվելու կամ որևէ այլ կերպ վերահսկվելու զգացում: Պարանոիդ մարդիկ երբեմն կարող են ունենալ իրենց անձը խիստ կարևորելու (ինքնաարժեվորման) զգացում՝ հավատալով, որ բազմաթիվ այլ մարդիկ իր մասին գրառումներ են կատարում:
Թեթև պարանոիդ մտքերը հանրության մեջ խիստ տարածված են և կարող են ինքնուրույն անցնել:
Երկարատև պարանոյան կարող է հանդես գալ որպես որևէ հոգեկան հիվանդության ախտանիշներից մեկը: Մասնավորապես, պարանոյա կարող է առաջանալ հետևյալ հոգեկան հիվանդությունների ժամանակ՝ պարանոիդ անձնային խանգարում, զառանցական խանգարում, պարանոիդ շիզոֆրենիա և տրամադրության խանգարումներ:
Սակայն, բնավ պարտադիր չէ, որ պարանոյան առաջանա որպես հոգեկան հիվանդության հետևանք: Այն կարող է կապված լինել նաև ժամանցային (ակումբային) թմրամիջոցներ օգտագործելու (կանաբիս, ԼՍԴ և այլն), դեմենցիայի (այդ թվում՝ Ալցհեյմերի հիվանդության), Պարկինսոնի հիվանդության, ծանր սթրեսի կամ որևէ այլ հիվանդության հետ, որն ընթանում է գլխուղեղի ախտահարմամբ:
Պարանոյան երբեմն դիտարկվում է որպես հետապնդման զառանցանք: Զառանցանքը կայուն և կեղծ համոզմունք է, որին մարդը մնում է «կառչած» նույնիսկ այն դեպքում, երբ այդ համոզմունքը հաստատելու որևէ հիմք կամ փաստ չկա:
Պարանոիդ ախտանիշները կարող են լինել տարբեր արտահայտվածության՝ սկսած մյուսներին կասկածելու ընդհանուր զգացումներից մինչև ֆանտաստիկ և բարդ համոզմունքներ, ինչպիսին է, օրինակ, կառավարության, ոստիկանության կամ օտարերկրացիների ներգրավմամբ իր դեմ դավադրության տեսությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2019
Վերջին վերանայում՝ 28-04-2024