Պարանոիդ վիճակի բուժումը կախված է այդ վիճակի պատճառից և կարող է ներառել հոգեբանական բուժումը և դեղերը։
Օրինակ, եթե պարանոյան զարգացել է ալկոհոլ կամ ժամանցային (ակումբային) թմրամիջոցներ չարաշահելու արդյունքում, առաջին քայլը կարող է լինել այդ նյութերի օգտագործումը դադարեցնելը, իսկ եթե առկա է կախվածության համախտանիշ՝ վերջինս բուժումը։
Պարանոիդ մտքեր ունեցող մարդիկ կարող են դժվարությամբ հավատալ իրենց բժշկին կամ հոգեկան առողջության մասնագետին, ինչպես նաև կասկածել, որ նշանակած դեղերը բուժելու (այլ ոչ թե վնասելու) համար են։ Նրանց մի մասը կարող է բուժկենտրոնը և բուժաշխատողներին ընդունել որպես իր դեմ կազմակերպված հետապնդման և վնաս տալու մի մաս։ Պարանոիդ մտքերով մարդու հետ դրական փոխհարաբերություն ստեղծելը և պահպանելը կարող է դառնալ ժամանակատար գործընթաց, սակայն այդ մարդու վերականգնման միակ ուղին հենց սա է։
Եթե որևէ մեկն ունի պարանոյա, նաև կարևոր է, որ նրան չասվի, թե իր մտքերը կամ պատկերացումները կեղծ են։ Իր պարանոիդ մտքերը մարդն ընդունում է որպես բացարձակ իրականություն, և մեր ասելով չէ, որ նա պետք է իր համոզմունքներից ետ կանգնի։ Հասկանալը և օժանդակելը լավագույն ուղին է, որ մարդը սկսի ընդունել մասնագիտական օգնությունը։
Հոգեթերապիան (փսիխոթերապիա), ներառյալ՝ կոգնիտիվ-վարքաբանական թերապիան կարող են օգտակար դառնալ պարանոյայի մեղմ դեպքերի կամ անձի պարանոիդ խանգարման դեպքում։ Նման միջամտությունը կարող է մարդուն օգնել, որ հասկանա իր հիվանդությունը, կարողանա դիմակայել պարանոյայի ախտանշանները և այլ մարդկանց գործողությունները դիտարկի ավելի իրատեսական տեսանկյունից, այլ ոչ թե որպես իր դեմ ուղղված քայլեր։
Այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին են փսիխոզները, շիզոֆրենիան կամ զառանցական խանգարումները, հիմնական բուժումը դեղերի ընդունումն է։ Այսօր մատչելի են նոր սերնդի հակափսիխոտիկ դեղեր, որոնց շնորհիվ վերոնշյալ հիվանդությունները դարձել են ավելի բուժելի, քան երբևէ։ Նման հիվանդությունների բուժմամբ զբաղվում են հոգեբույժները։
Սուիցիդի ռիսկը
Եթե կարծում եք, որ պարանոյայով մարդը կարող է վնասել ինքն իրեն կամ մյուսներին, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024