Պարանոյան ոչ միշտ է զարգանում որպես հոգեկան հիվանդության հետևանք:
վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ազգաբնակչության շրջանում թեթև պարանոիդ մտքերը բավականին տարածված են։
Մարդիկ դառնում են պարանոիդ, երբ խանգարվում են նրանց դատողության և իրերին միտք տալու ունակությունները։ Մենք դեռ չգիտենք, թե ինչու է սա կատարվում։ Կան տեսություններ, ըստ որոնց պարանոյան կարող է պատճառվել գեներով, գլխուղեղում առկա քիմիական նյութերով (նեյրոմեդիատորներ) կամ սթրեսային կամ տրավմատիկ կյանքի իրադարձություններով։ Հավանաբար կարևոր է տարբեր գործոնների զուգակցումը։
Հոգեկան հիվանդություններ
Պարանոիդ անձնային խանգարում
Անձնային խանգարումը խնդրահարույց մտքերի, զգացողությունների և վարքագծերի երկարատև խանգարումն է։ Պարանոիդ անձնային խանգարմամբ մարդիկ հակված են ենթադրելու, որ ուրիշները կվնասեն, կխաբեն կամ կօգտվեն իրենցից։ Նրանք դառնում են զգուշավոր, կասկածամիտ, փաստերն աղավաղող, և ուրիշների նկատմամբ անվստահ։ Այս հիվանդությունը տարածված չէ և սովորաբար տարիքի հետ բարելավվում է։ Բազմաթիվ հիվանդներ 40-50 տարեկան հասակում վերականգնվում են։
Զառանցական խանգարում
Զառանցական խանգարումով մարդիկ ունեն միայն զառանցանք (անփոփոխ, կեղծ համոզմունք)՝ առանց հոգեկան հիվանդության որևէ այլ ախտանիշի։ Պարանորիդ զառանցանքներն ամենահաճախ հանդիպողներն են։ Իրենց բովանդակությամբ դրանք հետապնդման և դավադրության զոհ լինելու զառանցանքներ են։ Սակայն զառանցական խանգարմամբ մարդիկ կարող են ունենալ նաև այլ բնույթի զառանցանքներ։
Պարանոիդ շիզոֆրենիա
Շիզոֆրենիան փսիխոզի տեսակ է, որի ժամանակ մարդիկ ունենում են իրականության ընկալման խնդիրներ։ Հիմնական ախտանիշներն են ցնորքները (հալյուցինացիաներ, երբ լսվում են գոյություն չունեցող ձայներ) և զառանցանքները (կայուն, կեղծ համոզմունքներ)։ Շիզոֆրենիայով մարդիկ կարող են ունենալ ֆանտաստիկ զառանցանքներ, օրինակ՝ համոզմունք, որ իրենց մտքերը ռադիոյով եթեր են ուղարկվում կամ իրենք հետապնդվում են կառավարության կողմից։ Այլ գանգատներից են աղճատված մտածողությունը և առօրյա գործերի նկատմամբ շարժառիթների նվազումը։
Տրամադրության խանգարումներ
Փսիխոտիկ խանգարումը և բիպոլյար խանգարումը կարող են առաջացնել պարանոյա։
Ոչ հոգեկան հիվանդություններ
- Ակումբային (ժամանցային) թմրամիջոցների օգտագործում. կանաբիսը (կանեփ կամ մարիխուանա) և ամֆետամինի օգտագործումը հաճախ առաջացնում է պարանոիդ մտքեր և կարող է նպաստել փսիխոզի դրվագի դրսևորմանը։ Այլ հոգեներգործուն նյութերը, ինչպիսիք են ալկոհոլը, կոկաինը և էքստազին, կարող են պարանոյա առաջացնել ինտոքսիկացիայի կամ զրկանքի ընթացքում։
- Նյարդաբանական հիվանդություններ. պարանոյայի պատճառ կարող են դառնալ այնպիսի նյարդաբանական հիվանդությունները, ինչպիսիք են՝ դեմենցիա (ներառյալ՝ Ալցհեյմերի հիվանդություն), Հունտինգտոնի հիվանդություն, Պարկինսոնի հիվանդություն կամ գլխուղեղի վնասվածքներ։
- Սուր տրավմա և սթրես. որոշ հետազոտություններով բացահայտվել է, որ պարանոյան ավելի տարածված է այն մարդկանց մոտ, ովքեր ենթարկվում են սուր կամ մշտական սթրեսի։ Սա կարող է ներառել երեխաների դեմ բռնությունը, ընտանեկան բռնությունը, ռասայական հետապնդումը կամ մեկուսացման մեջ ապրելը։
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024