Լաբորատոր թեստերը բժշկին թույլ են տալիս հասկանալ և գնահատել ձեր առողջական խնդիրները:
Արևմտյան բժշկագիտության մեջ այս հետազոտություններին ավելի հաճախ տալիս են ախտաբանական թեստեր (pathology tests) անվանումը:
Ի՞նչ են լաբորատոր թեստերը
Լաբորատոր թեստերը ձեր արյան, մեզի, կղանքի, քսուքի, այլ նմուշի կամ բիոպսիայով նմուշառված հյուսվածքների լաբորատոր հետազոտություններն են: Բժիշկներն օգտագործում են այս թեստերի արդյունքները հիվանդությունների և այլ վիճակների ախտորոշման և բուժման մեջ:
Մինչև հետազոտվելը
Հետևեք և պահպանեք ձեզ նշանակված թեստերի վերաբերյալ ձեր բժշկի ցուցումները: Օրինակ, որոշ թեստեր պետք է հանձել քաղցած վիճակում կամ օրվա կոնկրետ ժամին: Կանանց դեպքում կարող է նշանակություն ունենալ նմուշը հանձնելու օրը՝ կապված դաշտանային ցիկլի հետ: Եթե որևէ պատճառով չեք պահպանել նմուշը հանձնելու կանոնները, լաբորատոր անձնակազմին տեղեկացրեք այդ մասին:
Տեղեկացրեք նաև այն մասին, թե նմուշառման պահին կամ ոչ վաղ անցյալում ինչ դեղեր կամ բուսական հավելումներ եք ընունել:
Եթե ձեզ նշանակված թեստերի վերաբերյալ հարցեր ունեք կամ համոզված չեք, թե ինչպես է պետք նախապատրաստվել, հարցրեք այդ մասին լաբորատոր անձնակազմին կամ ձեր բժշկին:
Արդյունքների մեկնաբանում
Ձեր թեստի արդյունքների լավագույն մեկնաբանողն այն բժիշկն է, ով ձեզ ուղեգրել է լաբորատորիա:
Հիշեք, որ լաբորատոր ցուցանիշների շեղումները միշտ չէ, որ վկայում են առողջական խնդրի առկայության մասին: Նույն կերպ, պարտադիր չէ, որ առողջական խնդիրը բերի այդ ցուցանիշների շեղումների:
Ձեր բժիշկն իր որոշումը կայացնում է՝ հիմք ընդունելով բազմաթիվ տվյալներ` սկսած ձեր գանգատներից մինչև տվյալ և լրացուցիչ հետազոտությունների արդյունքները, այլ ոչ թե առաջնորդվում է միայն լաբորատոր թեստերի արդյունքներով: Ընդհանուր առմամբ, լաբորատոր ցուցանիշներն ունեն զուտ օգնող՝ հուշող նշանակություն:
Ձեր բժշկի հետ քննարկման ենթակա կարևոր հարցեր
Ձեր բժշկի հետ զրուցելիս փորձեք ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝
- ո՞ր թեստերն են ձեզ համար լավագույնը և ինչո՞ւ
- ին՞չ է ձեզ պետք անել նմուշը հանձնելուց առաջ, նմուշը վերցնելու ընթացքում և դրանից հետո
- ի՞նչ նշանակություն կարող են ունենալ ստացված արդյունքները, օրինակ, կարո՞ղ է ելնելով այդ ցուցանիշներից ձեր բուժումը վերանայվել
- կարիք ունե՞ք արդյոք որոշ ժամանակ անց կրկնելու ձեր թեստը
- կա՞ն արդյոք ձեզ նշանակված թեստի այլըտրանքներ
- ի՞նչ ծախսերի հետ է կապված ձեր թեստը:
Լրացուցիչ տեղեկատվություն
Մեր կայքն ունի հատուկ բաժին՝ Մեդեքս-Lab, որտեղ կարող եք գտնել բազմաթիվ լաբորատոր թեստերի վերաբերյալ մանրակրկիտ տվյալներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-05-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024