Ֆիզիոթերապևտը կարող է ձեր բուժմամբ զբաղվել, եթե ունեք ցավերի կամ տեղաշարժվելու հետ կապված որոշ խնդիրներ։
Նա կարող է օգնել ձեզ, որ դառնաք ավելի շարժունակ և զգաք ձեզ ավելի հարմարավետ։
Ի՞նչ է ֆիզիոթերապիան
Ֆիզիոթերապիան օգտագործում է ֆիզիկական մեթոդներ, որ բարելավվի ձեր շարժունակությունը, մեղմացվեն ձեր ցավերն ու մկանային կարկամությունը, արագացվի ապաքինման գործընթացները և բարձրավի ձեր կյանքի որակը։
Ֆիզիոթերապևտը հատուկ մասնագիտացված բժիշկ է, ով զբաղվում է ֆիզիոթերապևտիկ միջոցառումներով։
Ի՞նչ է անում ֆիզիոթերապևտը
Ֆիզիոթերապևտը կարող է՝
- մերսել ձեր մարմնի «հիվանդ» շրջանները
- նպատակասլաց կերպով «աշխատեցնել» ձեր հոդերը
- ձգել, թուլացնել կամ ամրապնդել ձեր մկանները
- խորհուրդ տալ բուժական վարժանքներ (բուժական ֆիզկուլտուրա)
- օգտագործել որոշ գործիքային մեթոդներ՝ ձեր առողջությունը բարելավելու, ապաքինումը կամ կազդրումը խթանելու համար (օրինակ՝ լուսաբուժություն)։
Ֆիզիոթերապևտը մինչև ձեր ֆիզիկական խնդրով զբաղվելը գնահատում է ձեր առողջությունը։ Նա կարող է խնդրել, որ ներկայացնեք ձեր հետազոտությունների եզրակացությունները, բուժման արձանագրությունները (էպիկիրզ) կամ ինքը առաջարկի որոշ լրացուցիչ հետազոտություններ։
Որոշ ֆիզիոթերապևտներ օգնում են երեխաներին, ովքեր ունեն շարժողական խնդիրներ։ Նրանք նաև սովորեցնում են ծնողներին, թե ինչպես կարելի է բարելավել իրենց երեխաների կյանքի որակը։
Ինչպե՞ս կարող է ֆիզիոթերապևտը օգնել ինձ
Ֆիզիոթերապևտը կարող է օգնել առողջական բազմաթիվ խնդիրների բուժմանը, այդ թվում՝
- մեջքի (թիկունքի և գոտկատեղի) և ծնկան ցավեր
- հոդաբորբեր
- նյարդամկանային ցավեր, ջլաերի պրկումներ և վնասվածքներ
- անմիզապահություն և անկղապահություն
- նյարդաբանական հիվանդություններ, ինչպիսիք են Պարկենսոնի հիվանդությունը և նևրալգիաները
- կոտրվածքից հետո վերականգում
- վիրահատությունից հետո վերականգնում
- երեխաների մոտ ֆիզիկական զարգացման հետաձգում
- զբաղվածության (աշխատանքային) առողջություն։
Ֆիզիոթերապիան կարող է նաև օգնել ապագա վնասվածքների ռիսկի նվազեցմանը։
Ի՞նչ պետք է հայտնել ֆիզիոթերապևտին
Ֆիզիոթերապևտին այցելելիս մանրակրկիտ կերպով ներկայացրեք ձեր բոլոր գանգատները, ախտանիշները, նախկին և ներկա հիվանդություններն ու վնասվածքները, ինչպես նաև ձեր ստացած կամ ընթացիկ բուժումները, այդ թվում՝ դեղերը։
Հարցրեք ֆիզիոթերապևտին նախատեսվող միջոցառման օգուտների, տևողության ու գնի, ինչպես նաև արդյունավետության և հնարավոր ռիսկերի մասին։
Տեղեկացրեք ֆիզիոթերապևտի խորհրդատվության ուղեգրած բժշկին ձեզ նշանակված ֆիզիոթերապևտիկ բուժման մեթոդի և տևողության մասին։
Հոդվածը հրապարակվել է՝ 29-05-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024