Եթե հղի եք և ձեր ընկերքն ամրացած է արգանդի ստորին հատվածում` պտղից ամբողջովին ցածր և փակում է արգանդի ներքին օղը, ուրեմն ձեզ մոտ առկա առաջադիր ընկերք:
Առաջադիր ընկերքի (Placenta Previa) մյուս անվանումն է ընկերքային առաջադրություն:
Այսպիսի վիճակը հանդիպում է 200 հղիից մեկի մոտ: Նման դեպքում հավանաբար կարիք կունենաք նախապես խոսելու ձեր բժշկի կամ մանկաբարձ-գինեկոլոգի հետ հնարավոր բարդությունների, այդ թվում՝ առաջադիր ընկերքի շերտազատմամբ պայմանավորված սուր արյունահոսության մասին:
Ի՞նչ է առաջադիր ընկերքը
Ընկերքը (պլացենտա) զարգանում է պտղի հետ միաժամանակ և հղիության ընթացքում կպած է ձեր արգանդի լորձաթաղանթին: Սովորաբար ընկերքն ամրանում է արգանդի մարմնի հատվածում՝ ազատ թողնելով ստորին եզրը, որ չխանգարի պտղի ծնունդը:
Ընկերքի միջոցով թթվածինը և սննդանյութերը ձեր օրգանիզմից անցնում են ձեր երեխային: Ընկերքը նաև արտադրում է հորմոններ, որոնք օժանդակում են հղիության փուլային առաջընթացին:
Իմացե՛ք ավելին ընկերքի մասին:
Երբեմն ընկերքը զարգանում է հղի կնոջ արգանդի ստորին հատվածում՝ հատակում և հղիության ավարտին ամբողջապես կամ մասնակի ծածկում արգանդի ներքին օղը՝ խոչընդոտելով պտղի ծննդաբերական արտամղումը արգանդից դեպի հեշտոց: Այս ընթացքում պտուղը լքում է արգանդի խոռոչը՝ դուրս գալով վերջինիս ներքին օղով:
Առաջադիր ընկերքի շերտազատումը հանգեցնում է առատ արյունահոսության: Արյունահոսությունը շատ հաճախ սկսվում է գիշերը, հանգիստ պայմաններում, ուղեկցվում առանց ցավերի և ստանում կրկնվող բնույթ: Կորցնելով մեծ քանակի արյուն, ձեզ մոտ զարգանում է սակավարյունություն (անեմիա), ինչի հետևանքով ծննդաբերության ժամանակ նույնիսկ աննշան արյունահոսությունը կարող է հանգեցնել շոկի և պտղի հիպօքսիայի զարգացմանը:
Նման իրավիճակն ուղղակի ցուցում է հանդիսանում կեսարյան հատման համար:
Առաջադիր ընկերքի ախտորոշումը
Եթե ձեր ընկերքը պառկած է արգանդի հատակին, այս վիճակը կարող է հայտնաբերվել գերձայնային հետազոտության (սոնոգրաֆիայի) օգնությամբ՝ հետազոտություն, որը 18-20 շաբաթական հղիությամբ կանայք անցնում են որպես ստանդարտ սքրինինգ: Եթե հետազոտությամբ պարզվում է, որ ձեզ մոտ առկա է առաջադիր ընկերք, ձեզ հավանաբար կառաջարկեն կրկնակի սոնոգրաֆիա անցնել ավելի ուշ՝ 32 շաբաթական ժամկետում:
Սովորաբար կանանց մեծ մասի երկրորդ սոնոգրաֆիան ցույց է տալիս, որ արգանդի մեծացմամբ ընկերքը բնական կերպով տեղաշարժվել է՝ բացելով արգանդի ներքին օղը: Որոշ դեպքերում ընկերքի այսպիսի տեղաշարժ գրանցվում է ծննդաբերությունից անմիջապես առաջ:
Առաջադիր ընկերքի ախտորոշմանը կարող է օգնել նաև հանկարծակի և ցավոտ հեշտոցային արյունահոսության առաջացումը: Նման դեպքում արյունն ունի ալ կարմիր գույն:
Առաջադիր ընկերքի ռիսկերը և բարդությունները
Առաջադիր ընկերքով կանանց մեծ մասի մոտ որևէ բարդություն չի առաջանում: Սակայն, եթե, այնուամենայնիվ, այն զարգանում է, կարող է հանգեցնել ծանր հետևանքների:
Մասնավորապես, առաջադիր ընկերքը կարող է կապված լինել վաղաժամ ծննդաբերության (20%), պտղի անհասությամբ պայմանավորված ներարգանդային մահացության (17-26%) կամ վտանգավոր արյունահոսության հետ:
Առաջադիր ընկերքի վարումը
Ընկերքի դիրքն արհեստականորեն փոփոխելու որևէ հնարավորություն գոյություն չունի, ուստի անհրաժեշտ է համբերել և տեսնել, թե արդյոք այն բնական ճանապարհով տեղաշարժվում է:
Անկախ այն հանգամանքից, թե դուք արյունահոսում եք թե ոչ, բժիշկը հավանաբար ձեզ կառաջարկի միշտ ձեր կողքին ունենալ մարդ, ով կարող է ցանկացած պահին ձեզ օգնել:
Ձեզ նաև կարող են խորհուրդ տալ, որ խուսափեք ֆիզիկական ակտիվ գործերից կամ ծանրաբեռնվածությունից:
Բժիշկը նաև կարող է առաջարկել, որ ծննդատուն ընդունվեք մինչև ծննդաբերության սկիզբը, որ ձեզ նախապատրաստեն հավանական կեսարյան հատմանը:
Օգտակար կարող են լինել նաև առողջ սննդակարգը, ներառյալ՝ երկաթով հարուստ մթերքները, ինչպես նաև հանգիստ կամ անկողնային ռեժիմը:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-04-2019
Վերջին վերանայում՝ 17-05-2024