Կեղծ պոդագրան կամ պսևդոպոդագրան հոդերի բորբոքման՝ արթրիտի տեսակ է, որը պատճառվում է հոդերի ներսում և շրջակա հյուսվածքներում կալցիումի պիրոֆոսֆատի բյուրեղների կուտակումից:
Ի՞նչ է կեղծ պոդագրան
Կեղծ պոդագրան իր անվանումը ստացել է, քանի որ իր ընթացքով և նշաններով նմանվում է «իսկական» պոդագրա հիվանդությանը:
Ինչպես պոդագրան, այնպես էլ պսևդոպոդագրան առաջացնում են հոդաբորբ (արթրիտ): Սակայն, եթե պոդագրայի դեպքում հոդերի բորբոքումը պատճառվում է ուրատային մոնոսոդիումի, ապա պսևդոպոդագրայի դեպքում՝ կալցիումի պիրոֆոսֆատի բյուրեղների ներհոդային և հարհոդային կուտակումից: Ընդ որում, երբ ներհոդային հեղուկը դիտվում է մանրադիտակով, ապա պարզվում է, որ այս երկու տեսակի բյուրեղներն ունեն միմյանցից տարբերվողվող արտաքին տեսք, ինչը թույլ է տալիս տարբերակել հոդաբորբի բուն պատճառը:
Հազվադեպ պսևդոպոդագրան ի հայտ է գալիս պոդագրայի հետ միասին. նման դեպքերում նույն հոդի ներսում առկա հեղուկում հայտնաբերվում են վերոնշյալ երկու տեսակի բյուրեղները: Այսպիսի զուգակցման ժամանակ շատ հաճախ ներհոդային հեղուկը կալցիֆիկացվում է, որը կարող է հայտնաբերվել ռենտգեն պատկերմամբ:
Կեղծ պոդագրայի պատճառները
Պսևդոպոդագրան գլխավորապես պատճառվում է ներհոդային տարածության մեջ կուտակվող կալցիումի պիրոֆոսֆատի դիհդրատի բյուրեղներից, ուստի հիվանդությունը երբեմն անվանում են «կալցիումի պիրոֆոսֆատի կուտակման հիվանդություն»:
Պսևդոպոդագրան հստակորեն կապված է տարիքի հետ և ավելի հաճախ է հանդիպում մեծ տարիքով անձանց շրջանում: Այն կապված է նաև դեգեներատիվ արթրիտի (օստեոարթրիտ) հետ: Պսևդոպոդագրայով պատճառված հոդաբորբի սրացումը կարող է կապված լինել ջրազրկման հետ. սա ավելի հաճախ դիտվում է վիրահատություններից հետո երկարատև վերականգնվող կամ երկարատև հիվանդանոցային բուժում ստացող պացիենտների շրջանում: Վերջապես, պսևդոպոդագրան կարող է պատճառվել նաև կալցիումի նյութափոխանակության հորմոնալ շեղումներով, օրինակ՝ հարվահանաձև գեղձի գերակտիվության ժամանակ (հիպերպարաթիրեոիդիզմ):
Ռիսկի գործոններ
Կեղծ պոդագրայի հիմնական ռիսկի գործոններից են՝
- մեծ տարիք
- հոդային տրավմա (վիրահատություն, դեպք):
Կեղծ պոդագրայի լրացուցիչ ռիսկի գործոններից են՝
- հիպերպարաթիրեոիդիզմ
- ամիլոիդոզ
- պոդագրա
- դեգեներատիվ արթրիտ (օստեոարթրիտ):
Կեղծ պոդագրայի ախտանիշները
Պսևդոպոդագրան կարող է առաջացնել բազմաթիվ հոդերի բորբոքումներ: Ավելի հաճախ ախտահարվում է ծնկան հոդը, սակայն հիվանդությունը կարող է ներառել նաև դաստակի մանր հոդերը, ուսահոդը, կոնքազդրային կամ սրունք-թաթային հոդերը: Սովորաբար միաժամանակ ախտահարվում են միայն մեկ կամ սակավաթիվ հոդեր:
Հոդի բորբոքման «նոպան» բնորոշվում է ախտահարված հոդի սուր այտուցվածությամբ, տեղային ջերմությամբ, կարկամվածությամբ և հոդացավով, որը կարող է տևել օրերից մինչև շաբաթներ և ինքնուրույն մեղմանալ: Հոդաբորբը բերում է նաև տվյալ հոդում շարժունակության սահմանափակման:
Պսևդոպոդագրան կարող է բարդանալ քայլելու կամ տեղաշարժման դժվարություններով և ախտահարված հոդում աճառի կամ ոսկրի վնասմամբ:
Կեղծ պոդագրայի ախտորոշումը
Կեղծ պոդագրայի առկայության մասին բժիշկը կասկածում է, երբ ռենտգենով հոդաճառների վրա հայտնաբերվում են ոչ նորմալ կալցիֆիկատներ: Վերջիններս դիտարկվում են որպես խոնդրոկալցինոզներ, և, եթե ուղեկցվում են նույն հոդի բորբոքման նշաններով, ապա պսևդոպոդագրայի հավանականությունը խիստ մեծանում է:
Ախտորոշումը հաստատվում է, եթե հոդապարկից արտածծված հեղուկի մանրադիտակային հետազոտությամբ (կոչվում է «պոլյարիզացնող միկրոսկոպիա») առանձնացվում են կալցիումի պիրոֆոսֆատի ռոմբաձև բյուրեղներ:
Ախտորոշմանը կարող է օգնել նաև պացիենտի տարիքը և հնարավոր ջրազրկման առկայությունը (հետվիրահատական շրջան կամ երկարատև հիվանդանոցային բուժում):
Կեղծ պոդագրայի բուժումը
Պսևդոպոդագրայի բուժումն ուղղված է հոդաբորբի մեղմացմանը: Տեղային սառեցնող միջոցառումները և հանգիստը կարող են օգնել: Բժիշկները սովորաբար նշանակում են նաև ոչ ստերոիդ հակաբորբոքայիններ, օրինակ՝ Իբուպրոֆեն և այլ դեղեր:
Ախտահարված հոդից բյուրեղներ պարունակող հեղուկի արտածծումը նույնպես կարող է մեղմացնել ցավը և նպաստել բորբոքման ավելի արագ մեղմացմանը: Նույն կերպ օգտակար կարող է լինել նաև Կորտիզոնի ներհոդային ներարկումը:
Պոդագրայի բուժման մեջ նշանակվող Կոլխիցինը կարող է օգտակար լինել նաև պսևդոպոդագրայի ժամանակ: Կորտիկոստերոիդային հաբեր կարող են նշանակվել, եթե պացիենտը լավ չի տանում Կոլխիցինը կամ ոչ ստերոիդ հակաբորբոքայինները:
Կրկնվող հոդաբորբերի սրացումները հաճախ հնարավոր է լինում երկարատև կանխարգելել Կոլխիցինի փոքր օրական դեղաչափերի երկարատև ընդունմամբ և ջրի (հեղուկների) բավարար քանակներ ստանալով:
Կեղծ պոդագրայի կանխարգելումը
Պսևդոպոդագրայի վերջնական կանխարգելում գոյություն չունի: Հիվանդության առկայության դեպքում հոդաբորբի սրացումները կարող են կանխարգելվել բավարար հեղուկների ստացմամբ և ախտահարված հոդը հանգիստ պահելով:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-08-2020
Վերջին վերանայում՝ 03-05-2024