Հոգեթերապիան կամ փսիխոթերապիան ոչ դեղորայքային բուժումների առանձնահատուկ մի խումբ է, որը տրամադրվում է հոգեթերապևտի (փսիխոթերապևտ), խորհրդատուի կամ հոգեբույժի կողմից:
Ի՞նչ է հոգեթերապիան
Հոգեթերապիայի նպատակն է հատուկ և տարատեսակ մեթոդների և տեխնիկաների (հնարքների) միջոցով մարդուն ազատել տարաբնույթ անձնային, հուզական, վարքաբանական, սոցիալական և այլ տեսակի խնդիրներից և խանգարումներից։ Այն չի ենթադրում դեղամիջոցների ընդունում, թեև կարող է հաջողության զուգակցվել դեղորայքային բուժման հետ:
Հոգեթերապիան, որը հայտնի է նաև որպես խոսակցական թերապիա, բացահայտում է ձեզ անհանգստացնող զգացողությունները, հույզերը, մտքերն ու վարքագծերը և փորձում է վերափոխել դրանք՝ ի շահ ձեր ինքնազգացողության և հոգեկան վիճակի բարելավման: Այն կարող է հաջողությամբ կիրառվել հոգեկան առողջության խնդիրներ կամ որոշ հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ, ինչպես նաև այն դեպքերում, երբ մարդիկ ցանկանում են իրենց անձն ավելի լավ ճանաչել:
Արևմտյան երկրներում հոգեկան առողջության ոլորտի մասնագետները հաճախ թերապիա ասելով նկատի ունեն հենց հոգեթերապիան՝ որպես ոչ դեղորայքային բուժում՝ ի հակադրություն դեղորայքային բուժման: Oրինակ, երբ ասում են, որ ինչ-որ մեկը դեղամիջոցներ է ընդունում և անցնում թերապիա, վերջին արտահայտությամբ նկատի ունեն հենց հոգեթերապիան (կամ մեկ այլ ոչ դեղորայքային բուժումը):
Հոգեթերապիան հարկավոր է տարբերակել հոգեբուժությունից և հոգեբանությունից, թեև, երկրորդի առումով, երբեմն կիրառում են նաև կլինիկական հոգեբանություն արտահայտությունը: Հոգեթերապիան կարելի է օգտագործել հետևյալ հիվանդությունների բուժման մեջ՝
- դեպրեսիա
- բիպոլյար խանգարում
- տագնապային խանգարում
- կպչուն-սևեռուն խանգարում
- շիզոֆրենիա և այլ փսիխոտիկ խանգարումներ
- հետտրավմատիկ սթրեսային խանգարում
- սահմանային անձնային խանգարում կամ այլ անձնային խանգարումներ
- ֆոբիաներ
- խուճապի խանգարումներ
- կախվածություններ (ներառյալ՝ ալկոհոլիզմ, թմրամիջոցների չարաշահում և խաղամոլություն)
- սնման խանգարումներ (օրինակ՝ նյարդային անորեքսիա և բուլիմիա):
Պարտադիր չէ, որ հոգեթերապիայի կարիք առաջանա միայն հոգեկան հիվանդության առկայության դեպքում: Այս թերապիաները նաև կարող են օգտակար լինել սթրեսային կամ դժվարին իրավիճակները հաղթահարելուն ուղղված առողջ հմտություններ սովորելու հարցում:
Հոգեթերապիայի հիմնական տեսակները
- Կոգնիտիվ-վարքաբանական թերապիա (ԿՎԹ). սա պարզաբանում է անձի մտքերի, հույզերի և մտքերի միջև կապերը և փորձում բացահայտել, թե դրանցից յուրաքանչյուրն ինչպես կարող է վնասաբեր ազդեցություն թողնել նրա ընկալումների և ինքնազգացողության վրա: ԿՎԹ-ի հիմքում ընկած է այն մոտեցումը, որ հոգեբանական խաթարումներն առաջանում են կեղծ պատկերացումների և համոզմունքների արդյունքում, որոնց վերափոխումը կարող է դրական ազդեցություն թողնել մարդու հոգեկան առողջության վրա: Մասնավորապես, կոգնիտիվ թերապիայի շրջանակներում փորձ է արվում փոփոխել մարդու մտածողության ձևն ու վարքը:
- Գիտակցվածություն-հիմնված կոգնիտիվ թերապիա. սա նախորդ թերապիայի մասնավոր մի տեսակ է, որը ներառում է նաև գիտակցվածությունը:
- Դիալեկտիկ վարքաբանական թերապիա. սա սովորեցնում է դրական վարքաբանական հմտություններ, որոնք կարող են օգնել ձեր սթրեսը, հույզերը դիմակայելու և մարդկանց հետ դրական փոխհարաբերություններ զարգացնելու գործում: Իրականում սա ԿՎԹ-ի մի տեսակ է:
- Միջանձնային թերապիա. սա օգնում է, որ արդյունավետ կերպով հաղթահարեք շրջապատի մարդկանց հետ դժվարին փոխհարաբերությունները կամ իրավիճակները:
- Օժանդակող հոգեթերապիա. սա օգնում է, որ հասկանաք հոգեկան ներաշխարհը վնասող սթրեսային դրվագները և հոգեթերապևտի օգնությամբ զարգացնեք ճիշտ որոշումներ կայացնելու հմտությունները:
- Ընտանեկան թերապիա. սա օգնում է ընտանիքի անդամների հետ փոխհարաբերությունների և ընտանիքի՝ որպես ամբողջականության գործունեության բարելավմանը: Ընտանեկան թերապիան նախատեսում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հետ առանձնահատուկ աշխատանք:
- Ճանաչելու և ներգրավվելու թերապիա. սա օգնում է հասկանալու կամ ճանաչելու սթրեսային դրվագները և ներգրավելու դրանց դեմ դրական վերաբերմունքի ստեղծմանը և ներկա պահի վրա կենտրոնանալը:
- Հոգեդինամիկ հոգեթերապիա. սա բարձրացնում է տեղեկացվածությունն այն մասին, թե ինչպես են սթրեսային մտքերը և զգացողությունները հասունանում:
- Գեշտալտ թերապիա. սա կոչված է ընդլայնելու մարդու գիտակցությունն ու դրա միջոցով հավելելու ներանձնային ամբողջականությունը, կյանքի լեցունությունն ու արտաքին աշխարհի և մարդկանց հետ հաղորդակցման կարողությունը։ Գեշտալտ-թերապիայի գլխավոր նպատակը սեփական մտքերի, ցանկությունների, նպատակների, ինչպես նաև արտաքին աշխարհի հնարավորինս լավ գիտակցումն է, որն օգնում է մարդկանց սեփական անձի մեջ անընդհատ նոր ռեսուրսներ փնտրելուն ու գտնելուն, ինչպես նաև շրջապատող աշխարհի և սեփական ներաշխարհի նոր եզրեր հայտնաբերելուն։ Այդ պատճառով գեշտալտը ոչ թե ուղղակի հոգեթերապևտիկ մեթոդ է, այլ աստիճանաբար փոխակերպվող կենսակերպ:
Հոգեթերապիայի օգուտները
Հոգեթերապիան ինքնին չի վերացնում կամ մեղմացնում սթրեսային միջադեպերը, սակայն տալիս է դրանք առողջ կերպով դիմագրավելու կամ հաղթահարելու հմտություններ: Այն նաև կարող է օգնել, որ ինքներդ ձեզ ավելի լավ ճանաչեք:
Ինչպե՞ս կարող եմ հոգեթերապիայից ստանալ առավելագույն օգուտ
- Եղեք հնարավորինս անկեղծ ձեր հոգեթերապևտի հետ: Ազնվորեն ներկայացրեք նրան ձեր մտքերը, զգացումները և ապրումները:
- Դարձեք ձեր բուժման ակտիվ մասնակիցը: Հոգեթերապիան արդյունավետ է, երբ վերածվում է գործընկերության: Հոգեթերապևտն ունի նույն աշխատանքի իր բաժինը, իսկ դուք՝ ձեր բաժինը:
- Ժամանակին կատարեք հոգեթերապևտի ցուցումները: Եթե նա ձեզ տնային աշխատանք է հանձնարարել, դարձրեք այն ձեր առօրյայի մի մասը: Սկզբից սա կարող է արհեստածին և դժվար թվալ, սակայն մինչև երեք ամսվա ընթացքում թերապևտիկ միջոցառումները կձուլվեն ձեր ընդհանուր գործերի մեջ:
- Եթե կարծում եք, որ հոգեթերապևտիկ միջոցառումներն արդյունք չեն տալիս, կարելի է փորձել մեկ այլ մեթոդ: Զրուցեք ձեր հոգեթերապևտի հետ այլընտրանքային մոտեցման մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2020
Վերջին վերանայում՝ 03-05-2024