Առողջական խնդիրներ
Տղաների սեռահասունացումը

2 րոպե
Սեռահասունացումը տարիքային այն ժամանակաշրջանն է, երբ տղան դառնում է տղամարդ:
Բոլոր տղաներն էլ անցնում են մեծ փոփոխություններով լի կյանքի այս փուլը: Որոշ տղաների համար սա շատ հետաքրքիր և սպասված, մյուսների համար՝ բազմաթիվ հարցերի առաջ կանգնեցնող շրջան է:
Ինչպե՞ս է մարմինը փոփոխվում
Սեռահասունացման շրջանում ամորձիները («ձվեր») սկսում են արտադրել «տեստոստերոն» կոչվող արական հորմոն, որի ազդեցությամբ մարմինը սկսում է ենթարկվել տղամարդուն բնորոշ փոփոխությունների, օրինակ՝ հասակը սկսում է ավելի արագ աճել, սկսում են զարգանալ մկանները, փոխվում-կոպտանում է ձայնը, իսկ մարմինը, հատկապես սեռական օրգանների շրջանում սկսում է արագ մազակալել:
Կան սեռահասունացման մասին վկայող բազմաթիվ նշաններ: Ահա դրանցից ամենատարածվածները:
- Դուք դառնում եք ավելի բոյով և ավելի մկանեղ:
- Ադամախնձորը (պարանոցի վրա վահանաճառի դուրս ցցված մասը) մեծանում է, ձայնը սկսում է կոպտանալ, երբեմն՝ խզվել:
- Ամորձիները սկսում են սերմնահեղուկ (սպերմա) արտադրել:
- Օրգանիզմում սկսում են ավելի շատ հորմոններ արտադրվել: Դուք կարող եք էրեկցիա ունենալ նույնիսկ առանց որևէ պատճառի:
- Քնած ժամանակ կարող են սերմնաժայթքումներ լինել («երազխաբություն»), ինչն ընդհանուր առմամբ նորմալ երևույթ է:
- Մաշկը և մազերը կարող են դառնալ ավելի ճարպոտ, իսկ դեմքի և մարմնի այլ շրջանների մաշկի վրա հայտնվել «պզուկներ» (ակնե, կորյակ):
- Դուք կարող եք զգալ, որ սկսել եք ավելի շատ քրտնել:
- Անութափոսերը (թևատակ), առնանդամի և ամորձիների շրջանները սկսում են մազակալել: Նույն կերպ, մազեր կարող են հայտնվել նաև մարմնի այլ շրջաններում՝ կզակ (դունչ՝ ստորին ծնոտի կլորավուն դուրս ցցված ծայրը), վերին շրթունք (բեղեր), ձեռքեր և ոտքեր:
- Տրամադրությունը կարող է դառնալ անկայուն և սրվեն հուզական (էմոցիոնալ) զգացումները:
- Կրծքերի պտուկները կարող են այտուցվել կամ պնդանալ, ինչը նորմալ երևույթ է և մի քանի ամսվա մեջ անհետանում է:
Հոդվածը տեղադրվել է՝ 17-04-2018 վերանայվել է՝ 25-05-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: