Առողջական խնդիրներ
Աղջիկների սեռահասունացումը

2 րոպե
Սեռահասունացումը տարիքային այն ժամանակաշրջանն է, երբ աղջնակը վերածվում է երիտասարդ կնոջ:
Բոլոր աղջիկներն էլ անցնում են մեծ փոփոխություններով լի կյանքի այս փուլը: Որոշ աղջիկների համար սա շատ հետաքրքիր և սպասված, մյուսների համար՝ բազմաթիվ հարցեր ծնող շրջան է: Ահա թե ինչ է պետք ակնկալել ձեր՝ որպես անհատի զարգացման այս տարիներին:
Ինչպե՞ս է մարմինը փոփոխվում
Սեռահասունացման շրջանում մարմինը սկսում է ձեռք բերել կնոջը հատուկ նշաններ:
Կան սեռահասունացման մասին վկայող բազմաթիվ նշաններ: Ահա դրանցից ամենատարածվածները:
- Դուք դառնում եք ավելի բոյով, և ձեր հասակը կարող է աճել շատ արագ:
- Կրծքերի պտուկները կարող են ստանալ այտուցած տեսք և շոշափելիս մեղմ պնդանալ, ինչը նախանշում է կրծքագեղձերի զարգացման սկիզբը (սովորաբար 8-13 տարեկանում):
- Մարմնի ներսում՝ փոքր կոնքում ձվարանները և արգանդը սկսում են մեծանալ:
- Հեշտոցի շրջանում սկսում են աճել ցայլքային մազեր: Մազեր կարող են հայտնվել նաև անութափոսերում (թևատակեր): Դուք կարող եք նկատել, որ ոտքերը նույնպես թեթև մազակալել են: Ցայլքի շրջանի մազերը նախ լինում են նուրբ և ուղիղ, բայց հետագա ամիսներին դառնում հաստ և ծռմռված:
- Ծլիկը (կլիտոր) դառնում է ավելի մեծ:
- Դուք տեսնում եք ձեր առաջին դաշտանը (սովորաբար 10-14 տարեկանում):
- Հեշտոցը սկսում է արտադրել անգույն կամ թույլ կաթնագույն հեղուկ (կոչվում է հեշտոցային արտադրուկ): Այս հեղուկի առկայությունը նորմալ երևույթ է (այն մաքրում է հեշտոցի պատերը):
- Մաշկը և մազերը կարող են դառնալ ավելի ճարպոտ, իսկ դեմքի և մարմնի այլ շրջանների մաշկի վրա կարող են հայտնվել «պզուկներ» (ակնե, կորյակ):
- Դուք կարող եք զգալ, որ սկսել եք ավելի շատ քրտնել:
- Դուք կարող եք դառնալ սովորականից ավելի էմոցիոնալ (հուզական) և այլ մարդկանց խոսքի նկատմամբ ավելի զգայուն:
Այս փոփոխությունները սովորաբար ընթանում են մոտավորապես 4 տարվա ընթացքում: Արդեն 16 տարեկան հասակում սեռահասունացման ֆիզիկական նշանների մեծ մասն ավարտվում է:
Ի՞նչ անել, եթե դաշտանը դեռ չի սկսվել
Աղջիկների մոտ դաշտանները հաճախ սկսվում են 10-14 տարեկանում: Եթե 16 տարեկան եք և դաշտան դեռ չեք տեսել, դիմեք բժշկին:
Բժիշկը կզրուցի ձեզ հետ, կզննի, գուցե արյան որոշ թեստեր նշանակի՝ ճշտելու տարբեր հորմոնների մակարդակները: Հազվադեպ բժիշկը նաև կարող է նշանակել լրացուցիչ հետազոտություններ, օրինակ՝ փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա):
Դաշտանի հետ կապված հարցերը քննարկելիս հավանաբար ավելի անկաշկանդ կզգաք, եթե բժշկը կին է:
Աղջիկների մոտ դաշտանները կարող են սովորականից ավելի ուշ սկսվել տարբեր պատճառներով, որոնցից ամենատարածվածներն են՝
- ժառանգական նախատրամադրվածություն, երբ որոշ ընտանիքներում դաշտաններն ավելի ուշ են սկսվում
- ֆիզիկական գերլարվածություն (օրինակ՝ ֆիզիկական մարզանքներով կամ աերոբիկայով չափից դուրս շատ զբաղվելը)
- թերսնուցում և պակասորդային քաշ
- սթրես
- որոշ դեղամիջոցների ընդունում
- ծանր քրոնիկ հիվանդություններ
- հորմոնային շեղումներ:
Հոդվածը տեղադրվել է՝ 17-04-2018 վերանայվել է՝ 25-05-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: