Թոքերի ֆիբրոզը տերմին է, որն օգտագործվում է նկարագրելու հազվադեպ հանդիպող մի շարք հիվանդություններ, որոնք ընթանում են թոքերի սպիացմամբ:
Սպիական հյուսվածքի վերածվող թոքերը ծավալով աճում ու պնդանում են՝ հարաճուն կերպով բերելով շնչառական խնդիրների:
Ի՞նչ է թոքերի ֆիբրոզը
Թոքերի ֆիբրոզը թոքային հիվանդություն է, երբ դրանց մանր օդախոռոչները՝ ալվեոլները վնասվում, հաստանում և սպիանում են: Սպիացած և կոշտացած թոքերը առաջացնում են շնչառության հետ կապված խնդիրներ, որի պատճառով զարգանում է քրոնիկ թթվածնաքաղց (հիպօքսիա), երբ արյունը չի հասցնում ստանալ բավարար քանակով թթվածին:
Թոքերի ֆիբրոզի պատճառները
Ավելի հաճախ ֆիբրոզի պատճառը մնում է անհայտ: Նման դեպքերում բժիշկները ձեր հիվանդությունն անվանում են իդիոպաթիկ թոքերի ֆիբրոզ (իդիոպաթիկը նշանակում է, որ պատճառն անհայտ է):
Որոշ մարդկանց մոտ ֆիբրոզի պատճառը կարող է հայտնաբերվել: Դրանցից են՝
- ճառագայթային թերապիա (ռադիոթերապիա)
- աշխատավայրում կամ միջավայրում վնասաբեր փոշիների շնչում
- որոշ դեղերի երկարատև ընդունում, ինչպիսիք են քիմիոթերապիայի դեղերը և հակաբիոտիկները, ինչպես նաև ժամանցային (ակումբային) թմրամիջոցներ
- գենետիկ գործոններ
- թռչնաղբի կամ կենդանական աղբի հետ մշտական շփում:
Թոքերի ֆիբրոզի ռիսկի գործոնները
Ձեզ մոտ թոքերի ֆիբրոզի զարգացման հավանականությունը մեծանում է, եթե դուք՝
- 60-ն անց եք
- ծխում եք կամ ծխող եք եղել
- ապրում եք ֆերմայում
- աշխատում եք գյուղատնտեսական կամ անասնապահական ոլորտում
- աշխատում եք այնպիսի միջավայրում, որտեղ շնչում եք փայտի, մետաղի, քարի կամ ավազի ծուխ կամ փոշի
- ունեք թոքերի ֆիբրոզով ընտանիքի անդամ:
Թոքերի ֆիբրոզի ախտանիշները
Թոքային ֆիբրոզի ախտանիշներից են՝
- շնչարգելություն, սկզբում՝ ֆիզիկապես ակտիվ պայմաններում, իսկ ավելի ուշ՝ նույնիսկ հանգիստ վիճակում
- շարունակվող չոր, խեղդող հազ
- կայուն ընդհանուր թուլություն
- քաշի կորուստ
- մատների ծայրային ֆալանգների կամ եղունգների հաստացում:
Քանի դեռ ֆիբրոզի բերող պատճառը չի բուժվում, հիվանդությունը հակում ունի աստիճանաբար վատթարանալու:
Թոքերի ֆիբրոզի ախտորոշումը
Եթե բժիշկը կասկածում է, որ ձեզ մոտ զարգացել է թոքերի ֆիբրոզ, կարող է ձեզ հետ զրուցել այն ամենի մասին, որոնք կարող են բացասաբար ազդել ձեր թոքերի առողջության վրա՝ աշխատանք և արտադրական արտանետումներ, ծխախոտի օգտագործում և այլն: Բժիշկը կարող է նշանակել տարբեր հետազոտություններ, այդ թվում՝
- արյան թեստեր
- կրծքավանդակային ռենտգեն
- թոքի ֆունկցիոնալ թեստեր
- թոքերի համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) կամ ՄՌՏ:
Ըստ անհրաժեշտության, բժիշկը նաև կարող է առաջարկել բրոնխոսկոպիա, որի միջոցով հնարավոր կլինի նաև վերցնել մանրադիտակային հետազոտության համար անհրաժեշտ թոքային հյուսվածքի կամ բջիջների նմուշ: Այս միջամտությունն անցկացվում է թույլ քնաբերների կամ ընդհանուր անզգայացման ներքո:
Թոքերի ֆիբրոզի բուժումը
Թոքերի ֆիբրոզ ախտահարումը ենթադրում է տարբեր մասնագետներից կազմված բուժանձնակազմի կողմից բուժման նշանակում և հսկողություն: Բուժումը կարող է ներառել՝
- դեղեր, օրինակ՝
- սպիական փոփոխությունների զարգացումը դանդաղեցնող հաբեր
- բորբոքումը վերահսկող դեղեր
- շնչառությունը բարելավող աերոզոլներ
- շնչառությանն օժանդակող թթվածնաբուժում
- խիստ ծանր դեպքերում՝ թոքերի փոխպատվաստում:
Թոքային վերականգնողական ծրագիրը կարող է օգտակար լինել բազմաթիվ մարդկանց: Նման ծրագիրը ներառում է վարժանքներ, տեղեկատվություն, խորհրդատվություն և կարող է անցկացվել ֆիզիոթերապևտի, զբաղվածության թերապևտի կամ այլ հարակից մասնագետների կողմից:
Եթե ունեք տագնապ կամ դեպրեսիա, կարևոր է այցելել կլինիկական հոգեբանին (հոգեթերապևտ):
Օգտակար կարող է լինել նաև թոքերի ֆիբորզի բերող պատճառի բուժումը: Օրինակ, դեղերի երկարատև օգտագործմամբ պայմանավորված ֆիբրոզի դեպքում (Բլեոմիցին, Ցիկլոֆոսֆամիդ, Ամիոդարոն, Պրոկաինամիդ, Պենիցիլամին, ոսկու պատրաստուկներ, Նիտրոֆուրանտոին և այլն) պետք է հրաժարվել այդ դեղի օգտագործումից կամ բժշկի հետ խորհրդակցելով գտնել ավելի անվտանգ այլընտրանք:
Պալիատիվ օգնությունը կարող է օգնել ծանր թոքային ֆիբրոզով անձանց ախտանիշները կառավարելու և կյանքի որակը բարելավելու հարցում:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-02-2021
Վերջին վերանայում՝ 30-04-2024