Ճառագայթային թերապիան կամ ռադիոթերապիան ռենտգենյան ճառագայթների օգտագործմամբ քաղցկեղի բուժման մեթոդներից մեկն է:
Բուժման այս մեթոդի էությունը բարձր էներգիայով ռենտգենյան ճառագայթների միջոցով քաղցկեղային բջիջները ոչնչացնելն է կամ դրանց արագացած աճն արգելակելը: Այն կարող է կիրառվել առանձին՝ որպես քաղցկեղի առաջնային բուժման մեթոդ, սակայն ավելի հաճախ զուգակցվում է քաղցկեղի բուժման այլ մեթոդների հետ:
Ճառագայթումը երբեմն կարող է բուժել քաղցկեղը, սակայն ավելի հաճախ նշանակվում է քաղցկեղային ախտահարման օջախը փոքրացնելու կամ կրճատելու, դրա աճը և տարածումը դանդաղեցնելու կամ դադարեցնելու նպատակով:
Ինչպե՞ս է ճառագայթումն ազդում
Ռենտգենյան ճառագայթները վնասում կամ ոչնչացնում են քաղցկեղային բջիջները՝ դրանով իսկ դադարեցնելով այդ բջիջների աճը: Դուք կարող եք ճառագայթում ստանալ հետևյալ մեթոդներից մեկնումեկով՝
- հեռահար կամ ճառագայթային թերապիա արտաքին փնջով, երբ բարձր էներգիայի ճառագայթման աղբյուրը (սարքը) օրգանիզմից դուրս է
- կոնտակտային, երբ ռադիոակտիվ իմպլանտը ներդրվում է անմիջապես ձեր օրգանիզմի ներսում՝ քաղցկեղային հյուսվածքներին մոտ
- ռադիոնուկլեիդային (ռադիոիզոտոպային), երբ կուլ եք տալիս կամ ներերակային ճանապարհով ստանում եք ռադիոակտիվ նյութ, որն օժտված լինելով թիրախային հյուսվածքների նկատմամբ ընտրողականությամբ, կլանվում է դրանց կողմից և տեղում՝ այդ հյուսվածքներում ապահովում իրենց իսկ ճառագայթումը:
Որո՞նք են ճառագայթային թերապիայի կողմնակի ազդեցությունները
Որոշ մարդկանց մոտ ճառագայթումն առաջացնում է տարբեր կողմնակի ազդեցություններ, օրինակ՝
- բերանի չորություն
- կոկորդի չորություն և ցավեր
- ճառագայթման ենթարկված մաշկի չորություն, կարմրություն և քոր կամ նույն շրջանի այտուց
- թուլություն և հոգնածություն
- սրտխառնոց կամ մարսողական խնդիրներ
- հազ, օդի պակասի զգացում և հևոց
- ախորժակի անկում
- մազաթափություն:
Այս անցանկալի նշանների մեծ մասը զարգանում է ճառագայթային թերապիան մեկնարկելուց մեկից երկու շաբաթ հետո, սակայն բուժումն ավարտելուց հետո աստիճանաբար մեղմանում է:
Սեռական օրգանների կամ դրանց հարող շրջանների ճառագայթային թերապիան ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ կարող է առաջացնել պտղաբերության հետ կապված խնդիրներ՝ ընդհուպ մինչև անդառնալի անպտղություն: Զրուցեք այս թեմայի շուրջ ձեր բժշկի հետ:
Որոշ դեպքերում ճառագայթումը վնասում է ոչ միայն քաղցկեղային, այլև առողջ հյուսվածքները: Սակայն, բուժումն ավարտելուց հետո առողջ հյուսվածքները սովորաբար աստիճանաբար վերականգնվում են:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-05-2018
Վերջին վերանայում՝ 30-04-2024