Ուղիղաղիքային արյունահոսություն
19-05-2018
2 րոպե

Ուղիղաղիքային արյունահոսությունն այն է, երբ զուգարանում աղիները դատարկելիս (կղելիս) դուք կղանքում նկատում եք արյուն կամ հետանցքից արյունահոսություն։
Նման իրավիճակներում արյունը ձեր օրգանիզմից դուրս է գալիս հետանցքով, ուստի արյունահոսության այս ձևերն անվանում են նաև հետանցք-ուղիղաղիքային։
Ուղիղաղիքային արյունահոսության պատճառները
Ուղիղաղիքային արյունահոսությունն ունի տարբեր պատճառներ։ Դրանցից ամենահաճախ հանդիպողներն են՝
- փորկապություն
- թութք (հեմոռոյ)
- հետանցքի ճաք կամ խուղակ (հետանցքի և մաշկի միջև փոքր խողովակի առաջացում)
- հետանցքի կամ ուղիղաղիքային վնասվածք (օրինակ՝ դժբախտ պատահար, սեռական ոտնձգություն կամ ինքնավնասում)
- աղիքային վարակներ և գաստրոէնտերիտներ
- աղիքային հիվանդություններ, օրինակ՝ պոլիպներ, դիվերտիկուլ, աղիների քաղցկեղ, Կրոնի հիվանդություն կամ խոցային կոլիտ
- աղիներ ներթափանցած սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ
- ստամոքսի կամ 12-մատնյա աղու խոց։
Ուղիղաղիքային արյունահոսության ախտանիշները
Ինչպես հուշում է անվանումը, այս վիճակի գլխավոր նշանը հետանցք-ուղիղաղիքային արյունահոսությունն է կամ կղանքում արյան հայտնվելը։
Արյան գույնը կարող է հուշել, թե ստամոքս-աղիքային խողովակի որ շրջանում է ծագել արյունահոսությունը։
- Թարմ և բաց կարմիր գույնի արյունահոսությունը վկայում է աղիների ստորին՝ վերջնային և հետանցքին մոտ շրջաններում սկսված արյունահոսության մասին՝ թութք, հետանցքի ճաք և տեղային այլ խնդիրներ։
- Թարմ կամ մուգ կարմիր գույնի և կղանքի հետ խառնված արյունահոսությունն ավելի հաճախ վկայում է վերջինիս հաստաղիքային ծագման մասին՝ առաջացած հաստ աղիներում տեղակայված պոլիպներից, աղիքի պատի այլ գերաճերից կամ վնասումից (օրինակ՝ հաստաղիքային քաղցկեղներ)։
- Երբ կղանքը սևացած ու մազութանման է, սա կարող է վկայել մարսողական ուղու վերջին բաժիններում սկսված արյունահոսության մասին, օրինակ՝ ստամոքսի կամ 12-մատնյա աղու խոցային արյունահոսություններ։
Ե՞րբ դիմել բժշկին
Ուղիղաղիքային արյունահոսությունը կարող է լինել աննշան կամ մեղմ, սակայն կարող է դառնալ նաև առատ և կյանքին սպառնացող։
Եթե ուղիղաղիքային արյունահոսությունը թույլ է, ինքնուրույն անհետացող կամ կղանքում արյունն աննշան է, միևնույն է, դրանց հիմքում կարող են ընկած լինել լուրջ և ծանր հիվանդություններ, ուստի դուք պետք է բոլոր դեպքերում տեղեկացնեք ձեր բժշկին։
Ուղիղաղիքային արյունահոսությունը կարող է լինել նաև բավականին առատ և ուղեկցվել արյան սուր պակասին բնորոշ այլ նշաններով (ընդհանուր թուլություն, սրտխառնոց, գլխապտույտ, ուշագնացություն և այլն)։ Նման իրավիճակներում դուք պետք է անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն կամ այցելեք մոտակա անհետաձգելի կամ վիրաբուժական բաժանմունք։
Հոդվածը վերանայվել է՝ 22-04-2021