Քնի կաթվածը տեղի է ունենում, երբ քնից արթնանալիս կամ արթնացնելիս կարճ ժամանակի ընթացքում չեք կարողանում որևէ շարժում անել կամ խոսել։
Քնի կաթվածը բավականին հաճախ հանդիպող երևույթ է և որևէ ֆիզիկական վնաս չի առաջացնում, թեև, կարող է ուղեկցվել սուր վախի զգացմամբ։ Դուք կարող եք դիմել որոշ միջոցների, որ նվազեցնեք նման դրվագների առաջացման ռիսկը։
Ի՞նչ է քնի կաթվածը
Քնի որոշ փուլերում ձեր մարմինը հայտնվում է կաթվածահար վիճակում, որը կարող է կանխել երազ տեսնելիս որևէ շարժում անելը։ Քնած ժամանակ այսպիսի անշարժացած վիճակը նորմալ է, որի մասին դուք նույնիսկ չեք իմանում, քանի որ քնած եք։
Երբ կիսաանջատված վիճակն ի հայտ է գալիս ձեր արթնանալուց անմիջապես հետո և տևում մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե, կարող եք լիարժեք գիտակցել, որ կաթվածահար վիճակում եք։ Դուք կարող եք նաև խիստ լարվել՝ հասկանալով, որ չեք կարողանում շարժվել կամ խոսել, նույնիսկ երբ նորմալ լսում եք, թե ինչ է կատարվում շուրջբոլորը։
Քնի կաթվածը սովորաբար ի հայտ է գալիս արթնանալուց անմիջապես հետո, սակայն չի բացառվում, որ նույն վիճակի մեջ հայտնվեք քնելիս։ Քնի կաթվածի դրվագները կարող են ուղեկցվել ցնորքներով, ինչն արդեն կարող է ձեզ սարսափեցնել։ Օրինակ, ձեզ կարող է թվալ, որ սենյակում օտար մարդ կա։
Քնի կաթվածն ավելի հաճախ հանդիպում է դեռահասների մոտ և տարիքի հետ սովորաբար անցնում է։
Դեռ լիարժեք պարզ չէ, թե արդյոք նման վիճակը կապված է առողջական որևէ ռիսկի հետ։
Ի՞նչն է քնի կաթվածի պատճառը
Քնի կաթվածը կարող է առաջանալ ինքնուրույն՝ առանց որևէ պատճառի և պարտադիր չէ, որ լինի որևէ հիվանդության նշան։
Այնուամենայնիվ, քնի կաթվածը նաև կարող է կապված լինել առողջական որևէ խնդրի հետ, օրինակ՝ միգրեն, հոգեկան հիվանդություններ (օրինակ՝ տագնապի խանգարումներ), օբստրուկտիվ քնի ապնոէ, ինչպես նաև նարկոլեպսիա կոչվող գլխուղեղի քրոնիկ հիվանդություն։
Քնի կաթվածը նաև կարող է կապ ունենալ հետևյալ վիճակների հետ՝
- անբավարար քուն (քնի խանգարում կամ անքնություն) կամ քնի կանոնավոր խանգարումներ, օրինակ՝ հերթապահ աշխատանք
- անառողջ քնի սովորույթ, օրինակ՝ հերթապահ աշխատողներ, ուսանողներ կամ անհանգիստ ոտքերի պատճառով
- քնի կաթվածի ընտանեկան պատմություն (անամնեզ)։
Ինչպե՞ս է քնի կաթվածը բուժվում
Մարդկանց մեծ մասի մոտ քնի կաթվածն այնքան հազվադեպ է տեղի ունենում, որ բուժման անհրաժեշտություն չի առաջանում։
Բավարար քունը կարող է նվազեցնել այս վիճակի առաջացման հավանականությունը։ Չափահաս մարդկանց մեծ մասը 6-8 ժամ տևողությամբ գիշերային քնի կարիք ունի։ Քունը կանոնավոր դարձնելը, առաջին հերթին՝ մոտավորապես նույն ժամերին գիշերներն անկողին մտնելը և առավոտյան արթնանալը նույնպես օգտակար են։
Քնի սովորույթը բարելավելու այլ եղանակներից են՝
- սուրճի կամ կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործման սահմանափակում
- կանոնավար վարժանքներ, սակայն ոչ՝ անկողին մտնելուց անմիջապես առաջ
- քնելուց առաջ ալկոհոլի կամ սննդի օգտագործումից խուսափում
- ննջարանում թուլացնող և քնին նպաստող պայմանների ստեղծում։
Եթե քնի կաթվածն առաջ է գալիս որպես մեկ այլ հիվանդության ախտանշան, ձեր բժիշկը ձեզ կուղեգրի տարբեր մասնագետների խորհրդատվության, ինչպիսիք են քնի բժիշկը (քնաբան) կամ նյարդաբանը։
Հոդվածը հրապարակվել է՝ 22-05-2019
Վերջին վերանայում՝ 22-04-2024