Սպոնդիլոլիսթեզ

Սպոնդիլոլիսթեզը ողնաշարի խնդիր է, որը կարող է առաջացնել մեջքի ցավեր:
Կան այս վիճակի հետ կապված ցավերի և մյուս գանգատների մեղմացման տարբեր մեթոդներ:
Սպոնդիլոլիսթեզի պատճառները
Ձեր ողնաշարը կազմված է միմյանց վրա «նստած» բազմաթիվ ողներից:
Սպոնդիլոլիսթեզի ժամանակ, ձեր ողներից մեկն իր տակն ընկած ողնի համեմատ շեղվում-տեղաշարժվում է առաջ, որի պատճառով այս երկու ողների արանքից դուրս եկող նյարդը սեղմվում-ճնշվում է:
Նման վիճակը կարող է առաջացնել գոտկատեղի շրջանի ցավեր, մկանային լարվածություն, ոտքերի թուլություն կամ լարվածություն, ազդրերի կամ հետույքի շրջանում ծակծկոցների և թմրածության զգացողություններ:
Չափահաս մարդկանց մոտ սպոնդիլոլիսթեզի հիմնական պատճառներից են ողնաշարի գոտկային շրջանում տեղակայված հոդաբորբը (արթրիտ), օստեոպորոզը և ողնի կոտրվածքը կամ ողնաշարի հանկարծակի վնասվածքը կամ տրավման:
Երեխաների մոտ սպոնդիլոլիսթեզը սովորաբար բնածին արատի կամ գոտկային շրջանի վնասվածքի արդյունք է:
Սպոնդիլոլիսթեզի ախտանիշները
Հաճախ սպոնիդլոլիսթեզով մարդիկ որևէ գանգատ չեն նշում:
Սակայն այլ մարդիկ կարող են զգալ՝
- գոտկատեղի շրջանում ցավ կամ լարվածություն
- ազդրերի հետին շրջաններում մկանային լարվածություն կամ սպազմ
- հետույքի, ստորին վերջույթների կամ ոտնաթաթերի շրջանում ցավ, թմրածություն կամ ծակծկոցներ
- ոտքերի թուլություն:
Սպոնդիլոլիսթեզի ախտորոշումը
Սպոնդիլոլիսթեզն ախտորոշելու համար բժիշկը սովորաբար իրականացնում է արտաքին զննում և կարող է նշանակել ձեր ողնաշարի գոտկային շրջանի ռենտգեն հետազոտություն, որպեսզի ստուգի, թե արդյոք կա իր նորմալ տեղից շեղված որևէ ողն: Երբեմն առաջանում է նաև պատկերման այլ հետազոտությունների կարիք, օրինակ՝ համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ):
Սպոնդիլոլիսթեզի բուժումը
Սպոնդիլոլիսթեզով մարդկանց մեծ մասը կարող է իր ինքնազգացողությունը բարելավել գոտկատեղի մկաններն ամրապնդող հատուկ վարժությունների միջոցով:
Եթե ձեզ ախտորոշել են սպոնդիլոլիսթեզ, բժիշկը կարող է առաջարկել մի շարք բուժումներ և խորհուրդներ, օրինակ՝
- ծանր ֆիզիկական աշխատանքից, մարզումներից և վարժանքներից խուսափում
- որոշ դեղերի ընդունում, օրինակ՝ սովորական ցավազրկողներ, օրինակ՝ Պարացետամոլ կամ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղեր (ՈՍՀԲԴ)
- ֆիզիոթերապիա, օրինակ՝ որովայնային մկանների ուժը բարելավող վարժություններ
- վիրահատություն, որի նպատակը ողնաշարից դուրս եկող նյարդերի վրա ճնշման կամ սեղմման վերացումն է և ախտահարված ողների միմյանց միաձուլումը, որպեսզի բացառվի դրանց հետագա տեղաշարժը և նյարդի վնասումը:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021