Ստամոքսի խոց
21-04-2018
2 րոպե
Ստամոքսի խոցը առաջանում է ստամոքսի պատի ներսային մակերևույթի՝ լորձաթաղանթի վրա։
Ստամոքսի չբարդացած խոցը սովորաբար ենթարկվում է բուժման, բայց ոչ հազվադեպ այս հիվանդությունը մնում է չախտորոշված և բերում լուրջ բարդությունների։ Հիվանդության ախտանիշները ճանաչելը և վաղ ախտորոշումը թույլ են տալիս, որ խոցն անհետևանք բուժվի։
Ի՞նչ է ստամոքսի խոցը
Ստամոքսի խոցը ստամոքսի լորձաթաղանթի բաց և բորբոքված եզրերով դեֆեկտ է։ Այն նաև անվանում են «գաստրիկ խոց»։ Խոց կարող է առաջանալ նաև բարակ աղիների սկզբնամասում՝ 12-մատնյա աղիքում, որոնց անվանում են նաև «դուոդենալ խոց»։ Երբեմն այս երկու տեղակայման խոցերը միավորվում են ընդհանուր «խոցային հիվանդության» ներքո:
Ստամոքսի խոցի ամենահաճախ հանդիպող պատճառներն են՝
- Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori), որը բակտերիայի մի տեսակ է
- ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերի ընդունում, օրինակ՝ Ասպիրին և Իբուպրոֆեն։
Չնայած տարածված կարծիքին, կծու սննդամթերքները ստամոքսի խոցի պատճառ չեն կարող լինել, թեև կարող են սրացնել արդեն իսկ առկա հիվանդության ընթացքը։
Ստամոքսի խոցի ախտանիշները
Ստամոքսի խոց ունեցող մարդկանց մեծ մասը կարող է որևէ գանգատ չի նշում։ Սամոքսի խոցի ամենահաճախ հանդիպող համախտանիշը որովայնի վերջին շրջանի այրոցանման ցավն է։ Որովայնի այս շրջանը (կոչվում է նաև «էպիգաստրալ շրջան») համընկնում է ստամոքսի անատոմիական տեղադրության հետ։ Սկսվելով այս շրջանից, ցավերը կարող են տարածվել վերև՝ դեպի կրծքավանդակ և պարանոց, ներքև՝ դեպի պորտ կամ ետ՝ դեպի թիկունք։
Ստամոքսի խոցի ավելի հազվադեպ հանդիպող նշաններն են՝
- մարսողության խանգարում կամ այրոցք (изжога)
- ախորժակի կորուստ
- փսխում
- վքնածություն (մետեորիզմ)՝ ստամոքսում գազերի առկայության և փքվածության զգացում
- ճարպոտ սնունդը մարսելու անկարողություն
- սրտխառնոց։
Երբեմն, եթե զարգանում են ստամոքսի խոցի սուր բարդություններ, կարող են առաջանալ ավելի սուր ախտանիշներ, օրինակ՝
- ստամոքսի շրջանում սուր «դաշույնի հարվածի» ցավ, որն ուղեկցվում է ինքնազգացողության կտրուկ վատացմամբ, որը հաճախ խոցի թափածակման նշան է (պերֆորացիա)
- արյունային փսխում, որը խոցային սուր արյունահոսության նշան է
- կղանքի մգացում և սևացում, որը վկայում է կայացած խոցային արյունահոսության մասին։
Վերջին երեք ախտանիշներից մեկնումեկի առկայության դեպքում անհրաժեշտ է զանգել 1-03 և կանչել շտապբուժօգնություն կամ դիմել մոտակա վիրաբուժական կենտրոն։
Ինչպե՞ս է ստամոքսի խոցն ախտորոշվում
Ստամոքսի խոցն ավելի հաճախ ախտորոշվում է իրենից էնդոսկոպիկ հետազոտություն ներկայացնող գաստրոսկոպիայով, որի ժամանակ բժիշկը ազատ ծայրում լուսավորվող տեսախցիկ ունեցող ճկուն խողովակը ձեր բերանի միջոցով զգուշությամբ ներհրում է դեպի ձեր ստամոքս և դիտում-նկարահանում դրա լորձաթաղանթը։
Բժիշկը հավանաբար ձեզ կնշանակի նաև Helicobacter pylori վարակի ստուգման հետազոտություն։
Ստամոքսի խոցի բուժումը
Եթե ձեզ մոտ ախտորոշվել է ստամոքսի խոց, բժիշկը ձեզ հավանաբար կնշանակի՝
- որոշ հակաբիոտիկների զուգակցում՝ ուղղված Helicobacter pylori բակտերիաների ոչնչացմանը (եթե վերջինս հայտնաբերվել է)
- դեղեր, որոնք նվազեցնում են ստամոքսի կողմից արտադրվող թթու ստամոքսահյութի քանակը, օրինակ՝ պրոտոնային պոմպի արգելակիչներ:
Եթե ստամոքսի խոցը բարդացել է թափածակումով կամ արյունահոսությամբ, նման դեպքերում ցուցված է անհետաձգելի, ոչ հազվադեպ՝ նաև շտապ վիրաբուժական բուժում։
Եթե կարծում եք, որ ձեզ մոտ կա ստամոքսի խոց, դիմեք ձեր բժշկին։
Հոդվածը վերանայվել է՝ 07-06-2021