Եթե մտածում եք ձեր կյանքին վերջ տալու՝ սուիցիդի մասին, հիշեք, որ դուք մենակ չեք և ձեր իրավիճակը շտկելու հույս միշտ էլ կա։
Բազմաթիվ մարդկանց մոտ ժամանակ առ ժամանակ առաջանում են ինքնասպանության մտքեր, բայց նրանք հաղթահարում են անլուծելի թվացող խնդիրներն առանց իրենց վնաս տալու։ Օգնություն կա, և այն ձեր ձեռքում է։
Ինչո՞ւ եմ ես նման մտքերով լցվում
Ինքնասպանության մտքերը կարող են ձեզ պատել սարսափով։ Դուք կարող եք զգալ միայնակ և սկսել ինքներդ ձեզ համոզել, որ չկա աշխարհում գեթ մի մարդ, որ կարողանա հասկանալ ձեզ ու ձեր հուզական կամ հոգեկան տառապանքները։ Նման դեպքերում ձեզ կարող է օգնել այն փաստը, որ բազմաթիվ մարդիկ ժամանակ առ ժամանակ ունենում են նման մտքեր և այս իմաստով ձեր իրավիճակը եզակի չէ։
Հիշեք, որ մտքերի ու գործողությունների միջև մեծ տարբերություն կա։ Մտքերը կարող են հայտնվել ու անհետանալ, և դուք պարտավոր չեք դրանք դարձնել անդառնալի գործողություն։
Կան ինքնասպանությունն ավարտին հասցնելու բազմաթիվ մեթոդներ ու պատճառներ։ Սուիցիդի կարող է դրդել մեկ մեծ պատճառը կամ ավելի փոքր նշանակության տարբեր պատճառների համակցությունը։ Ինքնասպանության մտքեր առաջացնող ամենահաճախ հանդիպող պատճառներից են՝
- անձնական խնդիրներ, օրինակ՝ փոխհարաբերությունների խզում, բռնության զոհ կամ ծաղրի ու պարսավանքի առարկա դառնալը
- մեծ սթրես, օրինակ՝ ֆինանսական խնդիրներ, աշխատանքը կորցնելու մտահոգություն կամ աշխատանք գտնելու անհաջողություն
- հոգեկան առողջության խնդիրներ, օրինակ՝ ներուժը հյուծող դեպրեսիա կամ տագնապային խանգարումներ
- մեծ կորուստ կամ վիշտ, օրինակ՝ մտերիմի մահ
- ապօրինի թմրամիջոցների կամ ալկոհոլի հետ կապված խնդիրներ
- երկարատև (քրոնիկ) ցավ կամ անբուժելի հիվանդություն
- միայնակության և բոլորից օտարված լինելու զգացումներ։
Վերոնշյալ պատճառներից որևէ մեկը կամ դրանց զուգակցումը կարող է բերել մի իրավիճակի, երբ ձեզ թվում է, որ ապրելն այլևս անհնար կամ անիմաստ է, իսկ ապագան՝ անհույս կամ խորտակված։ Այսպիսի մտքերով լցվելիս հիշեք, որ օգնություն միշտ էլ կա և մի խուսափեք այլ մարդկանց օժանդակությունից։
Ի՞նչ պետք է ես անեմ
Եթե ունեք ինքնասպանության կամ սուիցիդալ մտքեր, կան որոշ քայլեր, որոնք կարող են ձեզ օգնել։
- Թույլ տվեք, որ ձեր մտատանջությունների մասին իմանա ձեր հավանական օգնականը, օրինակ՝ ձեր մոտիկ ընկերը, ընտանիքի անդամը, հոգեկան առողջության ոլորտի խորհրդատուն կամ մեկ այլ մասնագետ, ձեր բժիշկը։ Պատմեք նրանցից մեկնումեկին ձեր ապրումների մասին։
- Համոզվեք, որ անվտանգ վիճակում եք։ Եթե զգում եք, որ հայտնվել եք վտանգի եզրագծին, զանգեք 911 և կանչեք փրկարարներին կամ 1-03 և կանչեք շտապ օգնություն կամ 1-02 և կանչեք ոստիկաններին։ Եթե ի վիճակի չեք զանգ կատարել, օգնություն կանչեք շրջապատից և խնդրեք, որ նրանք զանգեն։ Մի՛ ամաչեք և մի՛ վարանեք օգնություն խնդրելուց:
- Ազատվեք այն ամենից, ինչ կարող է ձեզ վնասել և հեռու մնացեք այն վայրերից, որոնց մասին դուք մտածում եք, երբ ինքնասպանության մտքերով եք լցվում։
- Մի՛ կայացրեք հապճեպ կամ պահի ազդեցության տակ որոշումներ։ Հիշեք, որ ձեր մտքերն ու զգացումները ժամանակի ընթացքում անհետանալու են, սակայն ձեր անխոհեմ գործողությունը կարող է անդառնալի հետևանք թողնել։
- Խուսափեք ալկոհոլից կամ ապօրինի թմրամիջոցներից։ Դրանք կարող են էլ ավելի վատթարացնել ձեր բացասական հույզերը և թույլ չտալ, որ սթափ քայլեր ձեռնարկեք։
- Խուսափեք միայնակ մնալուց և, քանի դեռ վատ եք զգում, եղեք այն մարդու կողքին, ում հավատում եք։ Հակառակ դեպքում, եթե այդ մարդը չկա, զանգեք 911, 1-02, 1-03 կամ հոգեկան առողջության ծառայություն և զրուցեք աշխատակցի հետ՝ ազնվորեն ներկայացնելով ձեր վիճակը։
Իմացե՛ք ավելին ինքնասպանության մտքերը հաղթահարելու հմտությունների մասին։
Ինչպե՞ս ինչ-որ մեկին ներկայացնել ձեր ինքնասպանության մտքերը
Երբ լցված եք վատ զգացումներով, կարող է թվալ, թե դիմացինին ձեր վիճակը ներկայացնելը ահավոր դժվար գործ է։ Համաձայն ենք, սակայն նաև նկատի ունեցեք, որ, եթե դուք չպատմեք ձեր հույզերի ու մտքերի մասին, ձեր վիճակը կարող է էլ ավելի վատթարանալ։
Իհարկե, դուք կարող եք անհանգստանալ այն մտքից, թե ի՞նչ կարող է ձեր զրուցակիցը մտածել ձեր մասին և ինչպիսի՞ ռեակցիա կդրսևորի։ Այնուամենայնիվ, ձեր վիճակը թեթեևացնելու առաջին քայլը լիցքաթափվելն է՝ խոսելն ու պատմելը։
Ինչպե՞ս սկսել զրույցը։ Եթե որոշել եք զրուցել ձեր ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ, ապա՝
- եղեք համբերատար և մի՛ շտապեք
- սկսեք նրանից, որ ձեր զրուցակիցն իմանա, թե ինչու է այս զրուցը կարևոր ձեզ համար
- եղեք ազնիվ և հստակ, որ ձեր զրուցակիցը լիարժեք հասկանա և ամբողջապես պատկերացնի ձեր իրավիճակը
- պատրաստ եղեք նրա ռեակցիային (ձեր խոսքերը կարող են նրա համար մեծ անակնկալ լինել) և շարունակեք ձեր խոսքը նույնիսկ անցանկալի ռեակցիայի հանդիպելիս։
Եթե որոշել եք զրուցել բժիշկ-մասնագետի հետ, հայտնեք նրան՝
- որ դուք ունեք ինքնասպանության մտքեր
- ինչքա՞ն հաճախ և ի՞նչ մանրամասնությամբ եք մտածում ինքնասպանության մասին
- ունե՞ք արդյոք ինքնասպանության մտադրությունը կյանքի կոչելու համար օգտագործվող առարկաներ, գործիքներ և այլն
- փորձե՞լ եք արդյոք նախկինում ձեր մտքերը կյանքի կոչել կամ ձեզ վնասել։
Որտեղի՞ց հայցել օգնություն
Եթե օգնության կարիք ունեք, կախված իրավիճակից, փորձեք օգնության այս աղբյուրները՝
- ձեզ հոգեհարազատ մարդիկ, ում վստահում եք՝ ընկեր, ավագ ընկեր, զուգընկեր, գործընկեր, ընտանիքի անդամ և այլն
- ձեր բժիշկը
- փրկարարներ (զանգեք 911)
- ոստիկաններ (զանգեք 1-02)
- շտապբուժօգնություն (զանգեք 1-03)
- հոգեկան առողջության ծառայություն (խորհրդատու, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ կամ հոգեբույժ)
- մոտակա բժշկական կենտրոն:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-06-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024