Ուտելու համար ոչ պիտանի առարկան կուլ տալը մանկահասակ տարիքի երեխաների շրջանում տարածված երևույթ է:
Որոշ դեպքերում այն կարող է պատճառել լուրջ բարդություններ և պահանջել անհետաձգելի բուժօգնություն:
Ի՞նչ է կուլ տված օտար մարմինը
Երեխաները սիրում են ամեն ինչ տանել դեպի իրենց բերանը: Կուլ տված փոքր ոչ թունավոր առարկաները կարող են անարգել անցնել մարսողական խողովակով և կղանքով դուրս գալ՝ առանց որևէ առողջական խնդիր առաջացնելու:
Այս առարկաները սովորաբար որևէ լուրջ խնդիր չեն առաջացնում՝
- փոքր կամ մանր քարեր կամ խճաքարեր
- մրգերի կորիզներ կամ սերմեր
- ինքնուրույն պոկված ատամներ:
Սակայն, որոշ առարկաներ կուլ տալուց հետո կարող են դառնալ խիստ վտանգավոր: Դրանցից են՝
- փոքր մարտկոցներ («կոճակ»)
- ավելի քան 6 սմ երկարության կամ 2,5 սմ լայնության մեծ առարկաներ
- մագնիս, հատկապես երկու և ավելի մագնիսներ
- կապարից պատրաստված առարկաներ:
Ե՞րբ է պետք զանգել 1-03 կամ շտապել անհետաձգելի բաժանմունք
Զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն, եթե օտար մարմին կուլ տված մարդը՝
- ունի ծանր շնչառական խնդիր՝ շնչահեղձություն, շնչարգելություն կամ հևոց
- անդադար հազում է
- շնչում է խզզոցներով կամ շնչելիս լսվում են սուլող աղմուկներ
- անընդհատ թքահոսում է
- կորցրել է գիտակցությունը
- կուլ է տվել փոքր փոքր մարտկոց:
Պետք է շտապ այցելել մոտակա անհետաձգելի բաժանմունք, եթե դուք կամ ձեր երեխան կուլ եք տվել մագնիսներ, մարտկոցներ կամ մեծ առարկաներ:
Սրածայր մարմինները (օրինակ՝ ատամփորիչներ կամ հավի կոտրված ոսկրեր) շատ հազվադեպ են կուլ տալուց անմիջապես հետո խնդիրներ առաջացնում: Առաջին օրերին կարող է որևէ գանգատ չլինել, սակայն մեկ կամ երկու օր անց ի հայտ գան մարսողական խողովակի ստորին հատվածների (ստամոքս կամ աղիքներ) վնասվածքի նշաններ: Եթե ձեր երեխան կուլ է տվել սրածայր կամ սուր եզրերով առարկա, տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին կամ այցելեք մոտակա հիվանդանոց:
Ի՞նչ անել մինչև շտապ օգնության ժամանելը
Մի՛ փորձեք ուտել կամ խմել ինչ-որ բան, քանի դեռ չեք խոսել բժշկի հետ: Չի բացառվում, որ կուլ տված առարկան հեռացնելու անհրաժեշտություն առաջանա, որի դեպքում ձեր ստամոքսը պետք է դատարկ լինի:
Շատ կարևոր է նաև, որ երբեք չփորձեք ինքնուրույն փսխում առաջացնել, քանի որ սա փսխման ընթացում օտար մարմինը կարող է ձեր կամ երեխայի վերին շնչուղիների խցանման և շնչահեղձության պատճառ դառնալ:
Որո՞նք են օտար մարմին կուլ տալու ախտանիշները
Օտար մարմին կուլ տված երեխան հաճախ կարող է որևէ գանգատ կամ նշան չդրսևորել: Սակայն դուք կարող եք կասկածել, եթե նա դժվարությամբ է սնունդ կուլ տալիս, անընդհատ թքահոսում է կամ դրսևորում է պարանոցի կամ կրծքոսկրի շրջանում ցավերի կամ տարօրինակ զգացողությունների առկայության նշաններ:
Եթե օտար մարմինը կանգ է առել ստամոքսում, կարող են ի հայտ գալ շարունակվող փսխումներ, որովայնի վերջին շրջանի ցավեր, աղիքային արտաթորանքներում՝ արյուն կամ ջերմություն:
Եթե վնասվել է երեխայի մարսողական խողովակը, կարող եք նկատել թքի մեջ արյան հետքեր կամ կղանքի սևացում:
Օտար մարմինը կուլ տալու պատճառները
Դեպքերի գերակշռող մեծամասնության ժամանակ ուտելու համար ոչ պիտանի առարկան կամ իրը կարող է կուլ տրվել պատահականորեն: Օրինակ, ամեն ինչով հետաքրքրվող և բերանը տանող> մանկահասակ երեխան կարող է օտար մարմինը մտցնել իր բերանը՝ հասկանալու համը: Այս առումով ամենավտանգավոր տարիքը 6 ամսականից մինչև 4 տարեկանն է:
Որոշ մարդիկ ինքնակամ կարող են որևէ առարկա կուլ տալ, որ իրենք իրենց վնաս պատճառեն: Ինքնավնասման այսպիսի փորձը կամ արարքը պահանջում է հոգեկան առողջության ոլորտի մասնագետի խորհրդատվություն:
Ինչպե՞ս է կուլ տված օտար մարմինը հայտնաբերվում
Հիվանդանոցում բժիշկները կարող են հարցերի միջոցով նախնական պատկերացում կազմել, թե ինչ առարկա եք դուք կամ ձեր երեխան պատահաբար կուլ տվել: Եթե նրանք կարծում են, որ պատկերային հետազոտություններով կուլ տված մարմինը կերևակվի, նաև կարող են նշանակել ռենտգեն:
Ի՞նչ բուժում կարող է առաջարկվել կուլ տված օտար մարմնի ժամանակ
Եթե որևէ ցավ, շնչառության հետ կապված խնդիր չկա կամ երեխան ի վիճակի է ազատորեն ուտել կամ խմել, բժիշկը կարող է առաջարկել հետագա հսկողություն՝ առանց որևէ միջամտություն նախաձեռնելու: Եթե հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ի հայտ են գալիս գանգատներ, պետք է կրկնակի այցելել հիվանդանոց:
Սովորաբար օտար մարմինը կղանքով հեռանում է 4-6 օրվա ընթացքում, և այս ժամանաշրջանում դուք պետք է ուշադրություն դարձնեք ձեր կամ երեխայի աղիների գործունեությանը և մանրակրկիտ զննեք կղանքային արտաթորանքները՝ փորձելով գտնել կուլ տված առարկան: Եթե երկու շաբաթվա ընթացքում որևէ բան չեք գտնում, այցելեք ձեր բժշկին լրացուցիչ խորհուրդներ ստանալու համար: Իսկ եթե կուլ տված օտար մարմինը մրգի կորիզ կամ շատ փոքր ոչ սրածայր առարկա է, կղանքը զննելու կարիք չկա:
Այնուամենայնիվ, կուլ տված որոշ օտար մարմիններ կարող են հեռացվել միայն վիրահատական միջամտությամբ:
Ինչպե՞ս կանխարգելել օտար մարմնի կուլ տալը
Դուք կարող եք որոշակիորեն կանխարգելել ձեր մանկահասակ երեխայի կողմից որևէ առարկա կուլ տալը հետևյալ մեթոդներով՝
- սնունդ տալ միայն նստած վիճակում
- հիշեցնել և խրախուսել երեխային, որ նա սնունդը կուլ տա միայն լավ ծամելուց հետո
- մինչև 5 տարեկան երեխաների համար սնունդը մանրացնել փոքր կտրոների և խուսափել պինդ մրգերից և ընկուզեղենից
- փոքր առարկաներն ու իրերը պահել երեխայի տեսադաշտից և հասանելիությունից հեռու
- համոզվել, որ երեխայի խաղալիքները չեն կարող բաժանվել փոքր մասերի
- փոքր մարտկոցները պահել երեխայի տեսադաշտից և հասանելիությունից հեռու
- համոզվել, որ խաղալիքների և այլ սարքերի մարտկոցները չեն կարող հեշտությամբ բնիկից հանվել:
Բարդություններ
Երբեմն կուլ տված առարկաները կարող են «քարանալ» կերակրափողում՝ առանց տեշարժվելու դեպի ստամոքս: Փոքր մարտկոցները կարող են այրել կերակրափողի լորձաթաղանթը՝ առաջացնելով ծանր վնասում կամ մահ:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-04-2020
Վերջին վերանայում՝ 09-05-2023