Ամորձիների այտուց և ցավոտություն. ինքնօգնություն
25-04-2018
1 րոպե

Ամորձիների մեղմից մինչև չափավոր այտուցը և ցավը կարող են որոշակիորեն մեղմացվել տնային պայմաններում:
Ամորձիները գերզգայուն օրգաններ են, ուստի դրանց այտուցվածությունը և ցավը կարող են մեծ անհանգստություն պատճառել:
Դուք կարող եք դիմել որոշ միջոցների, որ մեղմացնեք առկա գանգատները: Սակայն նկատի ունեցեք, որ եթե ցավն ուժեղ է կամ առաջացել է հանկարծակի, պետք է ոչ թե ձեռնարկել ստորև ներկայացվող միջոցները, այլ շտապ այցելել մոտակա վիրաբուժական կենտրոն:
Մինչև բժշկի հետ կապ հաստատելը, ամորձիների ցավը և այտուցվածության հետ կապված անհարմարությունը (դիսկոմֆորտ) մեղմացնելու համար կարող եք ձեռնարկել հետևյալ պարզ միջոցառումները՝
- պառկեք և ձեր ոտքերի միջև, փոշտի տակ դրեք փաթաթված սրբիչ կամ այլ փափուկ բան այնպես, որ փոշտը ստանա վեր բարձրացած դիրք
- եթե ցավերի պատճառը վնասվածքն է և կա փոշտի վերք, լվացեք վնասված շրջանը գոլ ջրով և ծածկեք մաքուր սավանով կամ, եթե վերքն արյունահոսում է, մատներով սեղմեք և մոտ 10 րոպե սեղմած պահեք արյունահոսող մասը
- ամորձու այտուցվածության դեպքում դիմեք սառեցնող միջոցների (սառցեպարկ, սառույցի կտորներ՝ փաթաթված բարակ մաքուր սրբիչով), որոնք փոշտի շրջանում պետք է թողնել առնվազն 20 րոպե և օրվա ընթացքում կրկնել 4 անգամ
- առնանդամը կամ փոշտը մի փաթաթեք որևէ վիրակապով (բինտ) կամ կպչուն սպեղանիով
- փոխեք ձեր անդրավարտիքը, շալվարը և կրեք ավելի ազատ և ոչ սեղմող հագուստ
- հաճախակի ստուգեք ձեր ամորձիները՝ տեսնելու թե արդյոք այտուցի շատացում չկա:
Հոդվածը վերանայվել է՝ 21-01-2022