Դեռահասի կողմից ապօրինի թմրամիջոցների օգտագործումն աննկարագրելի մեծ ազդեցություն է թողնում ձեր երեխայի ամբողջ կյանքի վրա: Իմացեք, թե ինչպես օգնել ձեր երեխային, որ նա կատարի առողջ ընտրություններ և խուսափի ապօրինի թմրամիջոցների օգտագործումից կամ չարաշահումից:
Դեռահասի գլխուղեղը հասունացման փուլում է: Ընդհանուր առմամբ, այն ավելի շատ կենտրոնացած է պարգևատրումների և ռիսկերի վրա, քան չափահասների ուղեղը: Միևնույն ժամանակ, իրենց անհատականությունը բացահայտելուն զուգընթաց դեռահասները ձգտում են ծնողներից ավելի անկախ և ազատ դառնալ:
Դա կարող է դժվար խնդիր դառնալ ծնողների համար:
Դեռահասները, ովքեր սկսում են փորձարկել ապօրինի թմրամիջոցներ և այլ հոգեներգործուն նյութեր, մեծ վտանգի տակ են դնում իրենց առողջությունն ու անվտանգությունը: Դեռահասների ուղեղը հատկապես խոցելի է այն նյութերի նկատմամբ, որոնք խախտում են ուղեղի պարգևատրման շղթաները:
Օգնե՛ք դեռահասների կողմից ապօրինի թմրամիջոցների չարաշահման կանխարգելմանը` խոսելով ձեր դեռահաս երեխայի հետ այս նյութերի օգտագործման հետևանքների և առողջ ընտրություն կատարելու կարևորության մասին:
Իմացե՛ք ավելին թմրամիջոցների չարաշահման մասին:
Ինչո՞ւ են դեռահասներն օգտագործում կամ չարաշահում ապօրինի թմրամիջոցներ
Բազմաթիվ գործոններ կարող են նպաստել դեռահասների կողմից ապօրինի թմրամիջոցների օգտագործմանը և չարաշահմանը: Ձեր դեռահաս երեխայի անհատականությունը, ձեր ընտանեկան փոխհարաբերությունները և ձեր երեխայի հարաբերություններն իր հասակակիցների հետ որոշ գործոններ են, որոնք կապված են ապօրինի թմրամիջոցների օգտագործման հետ:
Դեռահասների կողմից ապօրինի թմրամիջոցների չարաշահման ընդհանուր ռիսկի գործոններից են՝
- ապօրինի թմրամիջոցների չարաշահման ընտանեկան պատմություն (անամնեզ)
- հոգեկան կամ վարքաբանական առողջական խնդիրներ, ինչպիսիք են դեպրեսիան, անհանգստությունը կամ ուշադրության պակասի և գերակտիվության խանգարումը (ՈւՊԳԽ)
- իմպուլսիվ (չմտածված) կամ ռիսկային վարքագիծ
- տրավմատիկ իրադարձությունների պատմություն, օրինակ՝ ավտովթարի ենթարկվելը կամ ականատես լինելը, բռնության ենթարկվելը
- ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում:
Դեռահասներն ավելի հավանական է, որ առաջին անգամ փորձեն հոգեներգործուն նյութեր սոցիալական միջավայրում շփվելիս կամ ինքնահաստատվելիս:
Ալկոհոլը և նիկոտինը կամ ծխախոտը կարող են լինել դեռահասների համար առաջին, ավելի հեշտ ձեռք բերելի հոգեներգործուն նյութերից մի քանիսը: Ալկոհոլը և նիկոտինը կամ ծխախոտը օրինական են չափահասների համար, ուստի դրանք կարող են ավելի անվտանգ թվալ, թեև, ընդհանուր առմամբ, առավել ևս՝ դեռահասների համար երբեք անվտանգ ու անվնաս չեն:
Դեռահասները հիմնականում ցանկանում են հարմարվել հասակակիցների հետ: Ուստի, եթե նրանց ընկերներն օգտագործում են արգելված նյութեր, ձեր դեռահաս երեխային կարող է թվալ, որ ինքը նույնպես դրանց կարիքն ունի: Դեռահասները նաև կարող են հոգեներգործուն նյութեր օգտագործել հասակակիցների հետ հարաբերություններում իրենց ավելի վստահ կամ համարձակ զգալու համար:
Եթե այդ ընկերները տարիքով ավելի մեծ են, դեռահասները կարող են հայտնվել իրենց համար անսովոր՝ ռիսկային իրավիճակներում:
Այլ դեպքերում, եթե դեռահասներն իրենց զգում են միայնակ կամ սթրեսի մեջ են, կարող են հոգեներգործուն նյութեր օգտագործել՝ մեղմացնելու այդ տհաճ զգացումները:
Բացի այդ, դեռահասները կարող են հոգեներգործուն նյութեր փորձել, քանի որ բնատուր հետաքրքրասեր են: Նրանք կարող են փորձել որևէ ապօրինի թմրամիջոց՝ որպես ըմբոստացման կամ ընտանեկան կանոններին հակադրվելու միջոց:
Որոշ դեռահասներ կարող են զգալ, որ որևէ հոգեներգործուն նյութ փորձելուց հետո իրենց հետ տվյալ պահին ոչ մի վատ բան չի պատահում, և կարող են չհասկանալ նմանատիպ արարքների հետևանքները:
Իմացե՛ք ավելին ապօրինի թմրամիջոցների չարաշահման պատճառների և ռիսկի գործոնների մասին:
Ապօրինի թմրամիջոցների օգտագործման կամ չարաշահման հետևանքները
Դեռահասների կողմից ապօրինի թմրամիջոցների օգտագործման և չարաշահման բացասական հետևյանքները կարող են ներառել հետևյալը:
- Թմրամիջոցներից կախվածություն. որոշ դեռահասներ, ովքեր չարաշահում են ապօրինի թմրամիջոցներ, ենթարկվում են թմրամիջոցների օգտագործման խանգարման բարձր ռիսկի:
- Ոչ խելամիտ դատողություններ. դեռահասների շրջանում ապօրինի թմրամիջոցների օգտագործումը կապված է սոցիալական և անձնական փոխհարաբերությունների վերաբերյալ ոչ ճիշտ դատողության հետ:
- Սեռական ակտիվություն. ապօրինի թմրամիջոցների օգտագործումը կապված է բարձր ռիսկային սեռական ակտիվության, անպաշտպան սեռական հարաբերությունների և չնախատեսված կամ անցանկալի հղիության հետ:
- Հոգեկան առողջության խանգարումներ. թմրամիջոցների օգտագործումը կարող է բարդացնել կամ մեծացնել հոգեկան առողջության խանգարումների ռիսկը, ինչպիսիք են դեպրեսիան և անհանգստությունը (տագնապային խանգարումները):
- Ավտոճանապարհային պատահարներ. որևէ ապօրինի թմրամիջոցի ազդեցության տակ մեքենա վարելն ազդում է վարելու հմտությունների վրա: Այն վտանգի տակ է դնում վարորդին, ուղևորներին և անցորդներին:
- Խնդիրներ դպրոցում. ապօրինի հոգեներգործուն նյութերի օգտագործումը կարող է հանգեցնել ավելի ցածր գնահատականների, դասերի բաց թողման կամ դպրոցի և ուսման հետ կապված այլ խնդիրների:
Ապօրինի թմրամիջոցների առողջական հետևանքները
Այն հոգեներգործուն նյութերը, որոնք դեռահասները կարող են օգտագործել, ներառում են նյութերը, որոնք օրինական են չափահասների համար, օրինակ՝ ալկոհոլը կամ ծխախոտը: Դեռահասները նաև կարող են օգտագործել այլ մարդկանց նշանակված դեղամիջոցներ, օրինակ՝ իրենցից թմրամիջոցներ ներկայացնող օփիոիդներ (ափիոնատիպ նյութեր):
Կամ դեռահասները կարող են առցանց պատվիրել հոգեներգործուն նյութեր, որոնք խոստանում են օգնել մարզական մրցումներին կամ նպաստել քաշի կորստին:
Որոշ դեպքերում կենցաղային արտադրանքները, որոնք պարունակում են որոշակի ցնդող քիմիական նյութեր, ներշնչվում են թունավորման նշաններ և արբածություն ստանալու համար: Վերջապես, դեռահասները նաև կարող են օգտագործել ապօրինի թմրամիջոցներ, ինչպիսիք են կոկաինը կամ մեթամֆետամինը:
Այսպիսի նյութերի օգտագործումը կարող է հանգեցնել հակման և թմրամոլության, ծանր խանգարումների, հիվանդության և մահվան: Ստորև կներկայացվեն ավելի հաճախ օգտագործվող ապօրինի հոգեներգործուն նյութերը և թմրամիջոցները՝ իրենց բնորոշ առողջական հետևանքներով:
- Կոկաին. սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի և ցնցումների ռիսկ:
- Էքստազի (ՄԴՄԱ). լյարդային և սրտային անբավարարության ռիսկ:
- Ցնդող լուծիչներ (ինհալանտներ). երկարաժամկետ օգտագործման դեպքում սրտի, թոքերի, լյարդի և երիկամների ախտահարման ռիսկ:
- Մարիխուանա (կանեփ). հիշողության, ուսումնառության, խնդիրների լուծման և ուշադրության կենտրոնացման խանգարման ռիսկ, կյանքի ավելի ուշ փուլերում, հատկապես շատ վաղ կամ հաճախակի օգտագործելիս՝ փսիխոզների ռիսկ, ինչպիսիք են շիզոֆրենիան, ցնորքները (հալուցինացիա) կամ պարանոյան (զառանցանքներ): Որևէ հոգեկան խանգարում ունեցող դեռահասների կողմից մարիխուանայի օգտագործումը նաև կապված է դեպրեսիայի ռիսկի և ինքնասպանության բարձրացած ռիսկի հետ:
- Մեթամֆետամին. երկարաժամկետ կամ բարձր քանակների օգտագործման դեպքում փսիխոտիկ վարքաբանական խանգարումների ռիսկ:
- Օփիոիդներ. գերդոզավորման դեպքում շնչառության ընկճման և մահվան ռիսկ, ինչպես նաև կախվածության զարգացման ռիսկ:
- Էլեկտրոնային գլանակներ (վայփինգ). ծխախոտին կամ մարիխուանային անցնելու ավելի բարձր ռիսկ: Վնասակար նյութերի ազդեցության և նիկոտինային կախվածության ռիսկ:
Իմացե՛ք ավելին ապօրինի թմրամիջոցների օգտագործման հետ կապված բարդությունների մասին:
Դեռահասի հետ ապօրինի թմրամիջոցների մասին զրուցելը
Հավանաբար, ձեր դեռահաս երեխայի հետ շատ եք զրուցել ծխախոտի և ալկոհոլի օգտագործման վնասների մասին: Եթե զրույց եք սկսում ապօրինի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, ընտրեք մի վայր, որտեղ դուք և ձեր երեխան հարմարավետ եք զգում: Եվ ընտրեք մի ժամանակ, երբ դժվար թե ձեր զրույցն ընդհատվի: Դա նշանակում է, որ դուք երկուսդ էլ պետք է մի կողմ դնեք ձեր բջջայինները:
Կարևոր է նաև իմանալ, թե երբ պետք չէ զրույց նախաձեռնել:
Երբ ծնողները զայրացած են կամ դեռահասները հիասթափված են, ավելի լավ է հետաձգել զրույցը: Եթե պատրաստ չեք պատասխանել ձեր երեխայի հարցերին, ավելի լավ է հայտնել երեխային, որ դուք անպայման կանդրադառնաք այդ թեմային ավելի ուշ:
Իսկ եթե ձեր դեռահաս երեխան հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ է, համբերեք, մինչև նա լիարժեք սթափվի:
Ահա որոշ խորհուրդներ, որոնք ձեր զրույցը կդարձնեն ավելի արդյունավետ և նպատակասլաց:
- Հարցրեք ձեր դեռահաս երեխայի տեսակետների և պատկերացումների մասին. խուսափեք դասախոսությունների ոճից։ Դրա փոխարեն, լսեք թմրամիջոցների վերաբերյալ ձեր երեխայի կարծիքն ու հարցերը: Վստահեցրեք ձեր դեռահաս երեխային, որ նա լինել անկեղծ և քննարկի հարցերն առանց ներքին լարվածության:
- Քննարկեք թմրամիջոցներ չօգտագործելու պատճառները. խուսափեք վախեցնելու մարտավարությունից: Շեշտեք, թե ինչպես կարող է ապօրինի թմրամիջոցների օգտագործումն ազդել ձեր դեռահաս երեխայի համար կարևոր բաների վրա: Որոշ օրինակներ կարող են լինել մարզական հաջողությունները, ավտոմեքենա վարելը, առողջությունը կամ արտաքին տեսքը:
- Հաշվի առեք լրատվամիջոցների ուղերձները. սոցիալական լրատվամիջոցները, հեռուստատեսային հաղորդումները, ֆիլմերը և երգերը կարող են թմրանյութերի օգտագործումը ներկայացնել որպես սովորական, մոդայիկ կամ դյութիչ մի բան: Խոսեք այն մասին, թե ինչ է դիտում և լսում ձեր դեռահաս երեխան:
- Քննարկեք հասակակիցների ճնշմանը դիմակայելու ուղիները. «ուղեղային գրոհ» անցկացրեք ձեր դեռահաս երեխայի հետ, թե ինչպես մերժել ապօրինի թմրամիջոցների օգտագործման առաջարկները:
- Պատրաստ եղեք քննարկելու ձեր իսկ կողմից թմրամիջոցների օգտագործումը. մտածեք, թե ինչ կպատասխանեք, եթե ձեր դեռահասը հարցնի ձեր կողմից թմրանյութերի և ալկոհոլի օգտագործման մասին: Եթե դուք ինքներդ չեք օգտագործում թմրամիջոցներ, բացատրեք, թե ինչու: Իսկ եթե իրականում դուք օգտագործել, կիսվեք ձեր երեխայի հետ, թե ինչ է սովորեցրել ձեզ այդ փորձը:
Այլ կանխարգելիչ մոտեցումներ
Մտածեք դեռահասների կողմից թմրամիջոցների չարաշահումը կանխելու այլ մոտեցումների մասին:
- Իմացեք ձեր դեռահաս երեխայի գործերի մասին. ուշադրություն դարձրեք, թե որտեղ է ձեր երեխան դրսում ժամանակ անցկացնում: Պարզեք, թե չափահաս անձանց կողմից վերահսկվող ինչ գործունեություն է հետաքրքրում ձեր երեխային և խրախուսեք նրան, որ մասնակցի այդ գործերին:
- Սահմանեք կանոններ և հետևանքներ. բացատրեք ձեր ընտանեկան կանոնները, օրինակ՝ հեռանալ խնջույքից կամ այլ միջավայրերից, որտեղ ապօրինի թմրամիջոցներ են օգտագործում կամ չնստել այնպիսի մեքենա, որը վարում է ալկոհոլ կամ թմրամիջոցներ օգտագործող անձ: Միասին մշակեք նմանատիպ իրավիճակներից խելամիտ կերպով խուսափելու քայլեր: Եթե ձեր երեխան խախտում է կանոնները, հետևողականորեն կիրառեք ակնկալվող հետևանքները:
- Իմացեք ձեր դեռահաս երեխայի ընկերներին. եթե նրա ընկերներն ալկոհոլ կամ ապօրինի թմրամիջոցներ են օգտագործում, ձեր երեխան կարող է առնչվել նույն գործով զբաղվելու միջանձնային ճնշումների և ազդեցությունների հետ:
- Հսկեք ձեր տանն առկա դեղամիջոցները. հաշվարկեք և հսկեք ձեր տան բոլոր դեղատոմսով և առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերը:
- Աջակցեք. գովացեք և քաջալերեք ձեր դեռահաս երեխային, երբ նա հաջողությունների է հասնում: Ձեր և ձեր երեխայի միջև ամուր կապը կարող է օգնել նրան, որ հետևողականորեն զերծ մնա թմրամիջոցներից:
- Դարձեք լավ օրինակ. եթե ալկոհոլ եք խմում, արեք դա չափավոր քանակներով: Օգտագործեք ձեզ նշանակված դեղերն այնպես, ինչպես հրահանգել է ձեր բժշկը: Եվ մի՛ օգտագործեք ապօրինի թմրամիջոցներ:
Իմացե՛ք ավելին հոգեներգործուն նյութերի կամ ապօրինի թմրամիջոցների օգտագործման կանխարգելման մասին:
Դեռահասի կողմից ապօրինի թմրամիջոցների չարաշահման նախազգուշացնող նշանները
Տեղյակ եղեք հնարավոր «կարմիր դրոշների» մասին: Ահա որոշ օրինակներ՝
- ընկերների կամ շրջապատի, սնման սովորույթների, քնի բնույթի, արտաքին տեսքի, փող խնդրելու, գործերի կարգավորման կամ ուսումնական առաջադիմության հանկարծակի կամ կտրուկ փոփոխություն:
- անպատասխանատու վարքագիծ, վատ դատողություն և ընդհանուր հետաքրքրության նվազում
- կանոնների խախտում կամ ընտանիքից հեռացում
- ձեր դեռահաս երեխայի սենյակում դեղորայքի տարաների առկայություն՝ չնայած հիվանդության բացակայությանը, կամ թմրամիջոցների օգտագործման պարագաներ:
Ապօրինի թմրամիջոց չարաշահող դեռահասի համար օգնության դիմելը
Եթե կասկածում եք կամ գիտեք, որ ձեր դեռահաս երեխան ապօրինի թմրամիջոցներ է փորձարկում կամ չարաշահում, ձեռնարկեք հետևյալ քայլերը:
- Մշակեք գործողությունների ծրագիր. պարզելը կամ կասկածելը, որ ձեր դեռահաս երեխան թմրամիջոցներ է օգտագործում կարող է ուժեղ հույզեր առաջացնել: Նախքան նրա հետ խոսելը, համոզվեք, որ դուք և ցանկացած ոք, ով կիսում է դեռահասի խնամքի պատասխանատվությունը, պատրաստ եք անկեղծ զրույցին: Օգտակար կարող է լինել, որ նախապես սահմանեք ձեր զրույցի նպատակը և վերջնական արդյունքը: Ձեզ նաև կարող է օգնել, որ նախապես պատրաստվեք, թե ինչպես եք արձագանքելու նրա տարբեր պատասխաններին, ռեակցիաներին, մեկնաբանություններին կամ բացատրություններին:
- Խոսեք ձեր դեռահաս երեխայի հետ. եթե կարծում եք, որ դրա կարիքը կա, մի՛ ուշացրեք: Ապօրինի թմրամիջոցների պատահական օգտագործումը կարող է վերածվել չարաշահման կամ կախվածության: Սա կարող է հանգեցնել դժբախտ պատահարների, իրավական խնդիրների և առողջական հետևանքների:
- Խրախուսեք անկեղծությունը. խոսեք հանգիստ տոնով և հասկացնել տվեք, որ դուք խիստ մտահոգված եք: Կիսվեք կոնկրետ մանրամասներով՝ ձեր կասկածն ապացուցելու համար: Ստուգեք ձեր երեխայի ներկայացրած ցանկացած պնդումը կամ հակափաստարկը:
- Կենտրոնացեք վարքագծի, այլ ոչ թե անձի վրա. շեշտեք, որ ապօրինի թմրամիջոցների օգտագործումը վնասակար և վտանգավոր է, բայց դա չի նշանակում, որ ձեր դեռահաս երեխան վատ մարդ է:
- Պարբերաբար ստուգեք. ավելի շատ ժամանակ անցկացրեք ձեր դեռահաս երեխայի հետ: Իմացեք նրա գտնվելու վայրը և հարցեր տվեք զբոսանքի, զբաղմունքի կամ դրսի հետ կապված այլ գործերի մասին, երբ վերադառնա տուն:
- Ստացեք մասնագիտական օգնություն. եթե կարծում եք, որ ձեր դեռահաս երեխան ներգրավված է ապօրինի թմրամիջոցների օգտագործման մեջ, դիմեք նրա բժշկին կամ խորհրդատուին համապատասխան օգնության համար:
Երբեք շուտ չէ սկսել խոսել ձեր դեռահաս երեխայի հետ ապօրինի թմրամիջոցների չարաշահման մասին: Այսօրվա ձեր ունեցած զրույցները կարող են օգնել նրան, որ ապագայում կատարի առողջ ընտրություններ և կայացնի ճիշտ որոշումներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-05-2024
Վերջին վերանայում՝ 23-05-2024