Թմրամիջոցներից կախվածությունը կանխելու լավագույն միջոցը ընդհանրապես թմրամիջոց չօգտագործելն է. սա կոչվում է առաջնային կանխարգելում:
Եթե ձեր բժիշկը ձեզ նշանակել է որևէ դեղամիջոց, որը կարող է կախվածություն առաջացնել, զգույշ եղեք դեղն ընդունելիս և հետևեք ձեր բժշկի նշանակումներին և հրահանգներին:
Բժիշկները, որպես կանոն, այսպիսի դեղամիջոցները նշանակում են անվտանգ դեղաչափերով և չափաքանակներով և վերահսկում են դրանց օգտագործումը, որ ձեզ չափազանց մեծ քանակներ չտրամադրեն կամ բուժումը չշարունակվի երկար ժամանակ: Եթե կարծում եք, որ ձեզ նշանակված դեղամիջոցի սահմանված դեղաչափից ավելի մեծ դեղաչափի կարիք ունեք, զրուցեք ձեր բժիշկի հետ:
Թմրամիջոցների չարաշահման կանխարգելումը դեռահասների շրջանում
Ձեր դեռահասների մոտ թմրամիջոցների չարաշահումը կանխելու համար կատարեք հետևյալ քայլերը:
- Շփվեք և հաղորդակցվեք. զրուցեք ձեր երեխաների հետ թմրամիջոցների օգտագործման և չարաշահման վտանգների մասին:
- Լսեք և հասկացեք. լավ ունկնդիր եղեք, երբ ձեր երեխաները խոսում են հասակակիցների ճնշման մասին և աջակցեք դրան դիմակայելու նրանց ջանքերին:
- Եղեք լավ օրինակ. մի՛ չարաշահեք ալկոհոլ կամ կախվածություն առաջացնող թմրամիջոցներ: Թմրամիջոցներ չարաշահող ծնողների երեխաները թմրամիջոցներից կախվածության ավելի մեծ վտանգի տակ են:
- Ամրացրեք կապը և փոխհարաբերությունները. աշխատեք ձեր երեխաների հետ փոխհարաբերությունների վրա: Ձեր և ձեր երեխայի միջև ամուր, կայուն կապը կնվազեցնի նրա կողմից թմրամիջոցներ օգտագործելու կամ չարաշահելու ռիսկը:
Թմրամիջոցների օգտագործման կրկնության (ռելափսի) կանխարգելում
Երբ ձեզ մոտ թմրամիջոցներից կախվածություն է զարգացել, դուք մեծ ռիսկի տակ եք, որ կրկին թմրամիջոց կօգտագործեք: Եթե դուք վերսկսեք օգտագործել թմրամիջոց, հավանական է, որ կրկին կորցնեք վերահսկողությունը դրա օգտագործման նկատմամբ, նույնիսկ եթե բուժում եք անցել և որոշ ժամանակ չեք օգտագործել թմրամիջոց:
- Հետևեք ձեր բուժման ծրագրին. մշտապես հետևեք ձեր հակումները: Կարող է թվալ, թե դուք ապաքինվել եք, և ձեզ հարկավոր չէ շարունակել քայլեր ձեռնարկել՝ թմրամիջոցներից զերծ մնալու համար: Սակայն թմրամիջոցներից վերջնական հրաժարվելու ձեր շանսերը շատ ավելի մեծ կլինեն, եթե շարունակեք այցելել ձեր թերապևտին կամ խորհրդատուին, մասնակցեք խմբային հանդիպումներին և ընդունեք ձեզ նշանակված դեղամիջոցները:
- Խուսափեք բարձր ռիսկային իրավիճակներից. մի՛ վերադարձեք այն շրջապատը, որտեղից ձեռք էիք բերում ձեր թմրամիջոցները: Եվ հեռու մնացեք թմրամիջոցների հետ կապ ունեցող ձեր հին ծանոթներից և ընկերներից:
- Անմիջապես բուժօգնության դիմեք, եթե նորից օգտագործեք թմրամիջոց. եթե նորից սկսեք օգտագործել թմրամիջոց, զրուցեք ձեր բժշկի, ձեր հոգեկան առողջության մասնագետի կամ մեկ ուրիշի հետ, ով կարող է անմիջապես օգնել ձեզ:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-03-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024