Հոգեկան առողջության բազմաթիվ խանգարումների նման, մի քանի գործոններ կարող են նպաստել թմրամիջոցների կախվածության զարգացմանը:
Հիմնական գործոնները հետևյալն են:
- Միջավայր. արտաքին միջավայրային գործոնները, ներառյալ ձեր ընտանիքի համոզմունքներն ու վերաբերմունքը, ինչպես նաև թմրամիջոցների օգտագործումը խրախուսող հասակակիցների խմբի հետ շփումը, հավանական է, որ դեր են խաղում թմրամիջոցների սկզբնական օգտագործման մեջ:
- Գենետիկա. երբ դուք սկսում եք թմրամիջոց օգտագործել, օգտագործման վերաճումը կախվածության կարող է ազդեցության ենթարկվել ժառանգական (գենետիկ) գործոնների կողմից, որոնք կարող են հետաձգել կամ արագացնել հիվանդության զարգացումը:
Գլխուղեղում ընթացող փոփոխություններ
Ֆիզիկական կախվածությունն, ըստ երևույթին, առաջանում է, երբ թմրամիջոցի կրկնակի օգտագործումը փոփոխում է այն, թե ինչպես ձեր գլխուղեղը զգում հաճույքը (էյֆորիան): Կախվածություն առաջացնող թմրամիջոցը ֆիզիկական փոփոխություններ է առաջացնում ձեր գլխուղեղի որոշ նյարդային բջիջներում (նեյրոններ): Նեյրոնները հաղորդակցվելու համար օգտագործում են քիմիական նյութեր, որոնք կոչվում են նյարդային հաղորդիչներ (նեյրոմեդիատորներ): Այս փոփոխությունները կարող են պահպանվել թմրամիջոցի օգտագործումը դադարեցնելուց հետո:
Ռիսկի գործոններ
Ցանկացած տարիքի, սեռի կամ սոցիալ-տնտեսական կարգավիճակի մարդիկ կարող են թմրամիջոցից կախված դառնալ: Որոշ գործոններ կարող են ազդել կախվածության զարգացման հավանականության և արագության վրա:
- Կախվածության ընտանեկան պատմություն (անամնեզ). թմրամիջոցներից կախվածությունն ավելի տարածված է որոշ ընտանիքներում և, հավանաբար, ներառում է գեների վրա հիմնված ռիսկի բարձրացում: Եթե ունեք արյունակից ազգական, օրինակ՝ ծնող, քույր կամ եղբայր, ովքեր կախված են ալկոհոլից կամ թմրամոլությունից, դուք թմրամիջոցից կախվածություն ձեռք բերելու ավելի մեծ ռիսկի տակ եք:
- Հոգեկան առողջության խանգարում. եթե ունեք հոգեկան առողջության խանգարումներ, ինչպիսիք են դեպրեսիան, ուշադրության պակասի և գերակտիվության խանգարումը (ՈւՊԳԽ) կամ հետտրավմատիկ սթրեսային խանգարումը, ավելի հավանական է, որ դուք կդառնաք թմրամիջոցներից կախված: Թմրամիջոցների օգտագործումը կարող է դառնալ ցավալի զգացմունքների դեմ պայքարի միջոց, ինչպիսիք են անհանգստությունը, դեպրեսիան և միայնությունը, և կարող է ավելի խորացնել այդ խնդիրները:
- Հասակակիցների ճնշում. հասակակիցների ճնշումը ուժեղ գործոն է թմրամիջոցների օգտագործումը և չարաշահումը սկսելու համար, հատկապես դեռահասների համար:
- Ընտանիքի ներգրավվածության բացակայություն. ընտանեկան դժվար իրավիճակները կամ ձեր ծնողների կամ քույրերի և եղբայրների հետ կապի բացակայությունը, ինչպես նաև ծնողների վերահսկողության բացակայությունը կարող են մեծացնել կախվածության ռիսկը:
- Վաղ տարիքից օգտագործում. վաղ տարիքում թմրամիջոցների օգտագործումը կարող է փոփոխություններ առաջացնել զարգացող գլխուղեղում և մեծացնել կախվածության առաջընթացի հավանականությունը:
- Բարձր կախվածություն առաջացնող (ադդիկտիվ) թմրամիջոց ընդունելը. որոշ թմրամիջոցներ, ինչպիսիք են խթանիչները, կոկաինը կամ օփիոիդային ցավազրկողները, կարող են հանգեցնել կախվածության ավելի արագ զարգացման, քան մյուս թմրամիջոցները: Ծխելը կամ թմրամիջոցների ներարկային օգտագործումը կարող է մեծացնել կախվածության հավանականությունը: Թմրամիջոցների օգտագործումը, որոնք համարվում են ավելի քիչ կախվածություն առաջացնող, այսպես կոչված, «թեթև թմրամիջոցներ», կարող են ձեզ դնել ավելի ուժեղ թմրամիջոցների օգտագործման և կախվածության ճանապարհին:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-03-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024