Վահանաձև գեղձի գործունեության լաբորատոր թեստերը նշանակվում են գեղձի հետ կապված տարբեր վիճակներն ախտորոշելիս։
Վահանաձև գեղձի հիմնական թեստերը ներառում են թիրեոխթանիչ (կամ թիրեոտրոպ) հորմոնը (TSH, ռուսերեն՝ ТТГ), թիրոքսինը (T4) և եռյոդթիրոնինը (T3)։
Ի՞նչն են հետազոտվում
TSH-ն արտադրվում է գլխուղեղում առկա փոքր գեղձի կողմից, որը կոչվում է մակուղեղ (հիպոֆիզ)։ Մտնելով արյան հուն, TSH-ը հասնում է մինչև վահանաձև գեղձ, որը տեղակայված է պարանոցի առջևի մասում (գրկում է կոկորդը ներքևից)։ Այստեղ TSH-ը ազդում է վահանաձև գեղձի վրա՝ խթանելով վերջինիս կողմից T4 և T3 հորմոնների արտադրությունը։ Ավելի պատկերավոր ասած, TSH-ը վահանաձև գեղձին հրահանգում է, թե ինչ քանակի T4 և T3 հորմոններ պետք է այն արտադրի և բաց թողնի արյան հուն։
TSH, T3 և T4 հորմոնների մակարդակները չափվում են արյան մեջ։ Ձեր բժիշկը հավանաբար սկզբից ձեզ կնշանակի TSH հորմոնի թեստ, և, եթե վերջինիս մակարդակը շեղված եղավ, կավելացնի T3 և T4-ի հետազոտությունները։
Ինչո՞ւ հանձնել այս թեստերը
Վահանաձև գեղձի հորմոնները մասնակցում են օրգանիզմի նյութափոխանակության կենսականորեն կարևոր օղակների հսկողությանը, ինչպիսիք են սրտի կծկումների հաճախականությունը, արյան ճնշումը, մարմնի ջերմաստիճանը և քաշը։ Եթե այս հորմոնները նորմայից բարձր կամ ցածր են, նյութափոխանակությունը գերակտիվանում է կամ հակառակը՝ թուլանում։
Վահանաձև գեղձի գործունեության թեստերը նշանակվում են, եթե՝
- ձեզ մոտ ի հայտ են եկել թիրեոտոքսիկոզի կամ հիպերթիրեոզի նշաններ (վահանաձև գեղձի գերակտիվություն)
- հակառակը, ձեզ մոտ գրանցվել են հիպոթիրեոզի նշաններ (նույն գեղձի թերակտիվություն)
- ձեզ մոտ ախտորոշված է հիպոթիրեոզ (կամ կատարվել է վահանաձև գեղձի մասնահատում) և դուք ստանում եք վահանաձև գեղձի հորմոնների փոխարինող բուժում
- դուք կին եք և հետազոտվում եք անպտղության պատճառները պարզելու համար։
Սովորաբար մի կողմից TSH-ի և մյուս կողմից T3 և T4-ի միջև գործում է որոշակի հակադարձ կապ։ Երբ ձեր վահանաձև գեղձի գործունեությունը թուլացած է (T3 և T4-ի մակարդակներն ընկած են), մակուղեղն արտադրում է ավելի շատ TSH, որ խթանի վահանաձև գեղձի գործունեությունը (TSH-ի մակարդակը բարձրացած է)։ Նույն հետադարձ կապը գործում է նաև վահանաձև գեղձի գերակտիվության պայմաններում, երբ T3 և T4-ի մակարդակների բարձրացումն ուղեկցվում է TSH-ի մակարդակի նվազեցմամբ։
Ինչպե՞ս պատրաստվել այս թեստերին
Որևէ լուրջ նախապատրաստության կարիք չկա։ Պարզապես պետք է հետազոտության նախորդ և արյունը հանձնելու օրը չլինեք ֆիզիկապես գերհոգնած և խուսափեք ուժեղ սթրեսից, ալկոհոլից և սննդային ծանրաբեռնվածությունից։
Ինչի՞ մասին են վկայում թեստի արդյունքները
TSH-ի բարձր արդյունք ստացվում է հետևյալ դեպքերում՝
- ձեզ մոտ առկա է վահանաձև գեղձի թերակտիվություն (պետք է հաստատել կամ ժխտել հիպոթիրեոզը)
- դուք ունեք հաստատված հիպոթիրեոզ և խմում եք վահանաձև գեղձի հորմոններ, ապա դրանց քանակը (դեղաչափը) բավարար չէ
- չի բացառվում, որ ձեր հիպոֆիզի հետ կապված խնդիրներ կան։
TSH-ի ցածր արդյունքը կարող է վկայել, որ՝
- ձեզ մոտ առկա է վահանաձև գեղձի գերակտիվություն (պետք է հաստատել կամ ժխտել թիրեոտոքսիկոզը)
- եթե ունեք հաստատված հիպոթիրեոզ և խմում եք վահանաձև գեղձի հորմոններ, ապա դրանց քանակը (դեղաչափը) չափից դուրս շատ է։
Վահանաձև գեղձի հորմոնների մակարդակների նույնիսկ թեթև շեղումների մասին տեղեկացրեք ձեր բժշկին, քանի որ դրանք կարող են վկայել գեղձի հիվանդությունների կամ այլ հիվանդություններից վերջինիս ախտահարման մասին։
Հոդվածը հրապարակվել է՝ 28-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024