Տրախոման աչքի վարակ է, որը կարող է հանգեցնել կուրության:
Պատճառների և ախտանիշների իմացությունը կարող է օգնել տրախոմայի կանխարգելմանը:
Ի՞նչ է տրախոման
Տրախոման աչքի վարակ է՝ հարուցված Chlamydia trachomatis բակտերիայով: Չբուժվելու դեպքում վարակը կարող է հանգեցնել աչքերի կոպեզրերի ներշրջման (էնտրոպիոն) և թարթիչների անկանոն աճի (տրիխիազ)՝ բերելով ակնագնդի մակերևույթի մշտական վնասման և սաստիկ ցավերի:
Կրկնակի վարակները հիվանդության ուշ շրջանում բերում են կոպերի և ակնագնդի լորձաթաղանթի կպումների, արցունքագեղձերի ծորանների սպիացումների, աչքերի առաջային հատվածի չորացման և արցունքապարկի բորբոքումների, որոնք ի վերջո կարող են հանգեցնել կուրության, հատկապես, եթե ախտահարվում է նաև եղջերաթաղանթը (խոցային կերատիտ և եղջերենու պղտորում):
Տրախոմայի պատճառները
Տրախոմա հարուցող բակտերիան տարածվում է ուղղակի շփմամբ՝ վարակված մարդկանց աչքերի և քթի արտադրուկներով: Բակտերիան կարող է հայտնաբերվել նաև անձնական հիգիենիկ միջոցների, օրինակ՝ դեմքի սրբիչների կամ թաշկինակների վրա: Վարակված աչքերի հետ շփում ունեցած ճանճերը նույնպես կարող են տեղափոխել վարակը հիվանդից դեպի առողջ մարդկանց:
Տրախոման հեշտությամբ է տարածվում երեխաների միջև, ուստի հիվանդությունը հաճախ սկսվում է մանկական տարիքում, սակայն վարակումը կարող է տեղի ունենալ ցանկացած տարիքում։ Կրկնակի վարակումները կարող են արդեն մինչև 30 տարեկան հասակը բերել կուրության:
Տրախոման ավելի տարածված է այն տարածաշրջաններում (հիմնականում՝ Ասիա և Աֆրիկա), որտեղ բնորոշ է՝
- իրար մոտ ապրող մարդկանց հոծ բազմություն
- մաքուր ջրի, և, ընդհանուր առմամբ, ջրի անբավարար մատչելիություն
- զուգարանների անբավարար առկայություն
- սանիտարա-հիգիենիկ անբավարար պայմաններ:
Տրախոմայի ախտանիշները
Վարակված աչքերը կարող են դառնալ կպչուն, գրգռված և ցավոտ, կարող է ի հայտ գալ աչքերում քոր և քթային արտադրություն: Ավելի ուշ փուլերում առաջանում է աչքերում ավազի զգացողություն: Այս նշաններն ուղեկցվում են աչքի շաղկապենու բորբոքային հաստացմամբ, իսկ ուշ փուլերում՝ նաև սպիական փոփոխություններով:
Երեխաների մոտ տրախոման կարող է երկար ժամանակ ընթանալ առանց որևէ գանգատի կամ նշանի:
Տրախոմայի ախտորոշումը
Բժիշկները կարող են ախտորոշել տրախոման՝ օգտագործելով խոշորացույցներ և լապտերներ: Նրանք կարող են նաև լուսանկարահանել աչքերը:
Տրախոմայի բուժումը
Ընդունված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության SAFE մոտեցումը՝
- վիրահատություն (Surgery)՝ ներթեքված կոպի ուղղում
- հակաբիոտիկներ (Antibiotics)` ուղղված վարակի բուժմանը
- դեմքի մաքրություն (Facial cleanliness)` ուղղված կրկնակի վարակման կամ վարակի տարածման կանխարգելմանը
- միջավայրի բարելավում (Environmental improvements)` կենցաղային և համայնքային ջրամատակարարման և սանիտարա-հիգիենիկ պայմանների բարելավում:
Տրախոմայի կանխարգելումը
Տարբեր երկրներ ընդունել են տրախոմայի կանխարգելման և վարման ազգային ուղեցույցներ:
Կան վարակի տարածումը կանխարգելող պարզ քայլեր, որոնցից են՝ երեխաներին հիգիենայի կանոնները սովորեցնելը (օրինակ՝ ձեռքերի և դեմքի լվացում), անձնական հիգիենայի պարագաների (սրբիչներ, թաշկինակներ) համատեղ օգտագործման բացառում և այլն:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-02-2021
Վերջին վերանայում՝ 30-04-2024