Անցողիկ գլոբալ ամնեզիայի հիմնական ախտանիշը նոր հիշողություններ ստեղծելու և ոչ վաղ անցյալը վերհիշելու անկարողությունն է:
Երբ այս ախտանիշը հաստատվի, կարևոր է բացառել հիշողության կորստի (ամնեզիայի) այլ հնարավոր պատճառները:
Անցողիկ գլոբալ ամնեզիայի ախտորոշում ստանալու համար դուք պետք է ունենաք այս գանգատներն ու ախտանիշները՝
- շփոթվածության հանկարծակի սկիզբ, որը ներառում է հիշողության կորուստ՝ հաստատված վկա անձի կողմից
- արթուն և զգոն լինելը և իմանալը, թե ով եք դուք՝ չնայած հիշողության կորստին
- նորմալ ճանաչողության առկայություն, ինչպիսին է ծանոթ առարկաները ճանաչելու և անվանելու կամ պարզ հրահանգներին հետևելու ունակությունը
- գլխուղեղի որոշակի հատվածի վնասման կամ ախտահարման նշանների բացակայություն, ինչպիսիք են ձեռքը կամ ոտքը շարժելու անկարողությունը, անկառավարելի շարժումները կամ բառերը հասկանալու հետ կապված խնդիրները:
Անցողիկ գլոբալ ամնեզիայի ախտորոշմանը կարող են օգնել որոշ լրացուցիչ ախտանիշներ և հիվանդության պատմությունը, օրինակ՝
- ախտանիշները տևում են ոչ ավելի, քան 24 ժամ, սովորաբար՝ ավելի կարճ
- հիշողության աստիճանական վերականգնում
- վերջերս գլխի վնասվածքի պատմության բացակայություն
- ամնեզիայի ընթացքում ցնցումային ախտանիշների բացակայություն
- ակտիվ էպիլեպսիայի պատմության բացակայություն:
Նոր հիշողություններ ստեղծելու անկարողության պատճառով անցողիկ գլոբալ ամնեզիայի մեկ այլ ընդհանուր նշան է կրկնվող հարցադրումները, սովորաբար՝ նույն հարցերի բարձրացմամբ, օրինակ՝ «ի՞նչ եմ ես անում այստեղ» կամ «ինչպե՞ս հայտնվեցինք այստեղ»:
Ե՞րբ դիմել բժշկին
Անմիջապես դիմեք բուժօգնության, եթե ձեր ներկայությամբ որևէ մեկը սովորական գիտակցական վիճակից արագորեն անցնում է մինչև խորը շփոթվածություն՝ չհասկանալով, թե ինչ է տեղի ունեցել այդ ընթացքում: Եթե հիշողության կորուստ ունեցող անձը չափազանց շփոթված է շտապ օգնություն կանչելու համար, ինքներդ զանգեք 1-03:
Անցումային գլոբալ ամնեզիան վտանգավոր չէ: Սակայն այն դժվար է տարբերակել կյանքին սպառնացող հիվանդություններից, որոնք նույնպես կարող են առաջացնել հանկարծակի հիշողության կորուստ:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-08-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024