Ձեզ մոտ անցողիկ գլոբալ ամնեզիան ախտորոշելու համար, ձեր բժիշկը նախ պետք է բացառի ավելի լուրջ հիվանդություններն ու առողջական խնդիրները:
Ինսուլտը, ցնցումը կամ գլխի վնասվածքը նույնպես կարող են առաջացնել նմանատիպ հիշողության կորուստ:
Ֆիզիկական քննություն (բուժզննում)
Ախտորոշումը սկսվում է նյարդաբանական քննությունից, որի ընթացքում բժիշկը ստուգում է ձեր ռեֆլեքսները, մկանային տոնուսը, մկանային ուժը, զգայական գործառույթները, քայլվածքը, կեցվածքը, կորդինացիան և հավասարակշռությունը: Բժիշկը նաև կարող է հարցեր տալ՝ ստուգելու ձեր մտածողությունը, դատողությունը և հիշողությունը:
Գլխուղեղի և պատկերային հետազոտություններ
Հաջորդ քայլը գործիքային հետազոտություններն են՝ ուղղված գլխուղեղի էլեկտրական ակտիվության և արյան հոսքի շեղումների հայտնաբերմանը: Ձեր բժիշկը կարող է առաջարկել այս հետազոտություններից մեկնումեկը կամ մի քանիսը:
- Համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ). օգտագործելով հատուկ ռենտգեն սարքավորում, ձեր բժիշկը ստանում է տարբեր տեսանկյուններից ստացված և ավտոմատ կերպով միավորված պատկերներ, որոնք կարող են բացահայտել գլխուղեղի կառուցվածքային շեղումները, ներառյալ արյունատար անոթների նեղացումը, գերձգվածությունը կամ պատռվածքները և նախկին ինսուլտները:
- Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). այս մեթոդն օգտագործում է մագնիսական դաշտ և ռադիոալիքներ՝ գլխուղեղի մանրակրկիտ, խաչաձև հատված պատկերներ ստեղծելու համար: ՄՌՏ մեքենան կարող է միավորել այս տվյալները՝ ստեղծելով եռաչափ (3D) պատկերներ, որոնք կարող են դիտվել տարբեր անկյուններից: ՄՌՏ-ի կարիքը կարող է չլինել, եթե դուք դրվագի պահին ԿՔ սքան եք անցել, որը գլխուղեղում որևէ խնդիր չի ցույց տվել:
- էլեկտրոէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ). սա անցավ հետազոտություն է, որի ընթացքում հատուկ սարքը գլխամաշկին փակցված էլեկտրոդների միջոցով գրանցում է ձեր գլխուղեղի էլեկտրական ակտիվությունը: Այն սովորաբար նշանակվում է, եթե ունեցել եք անցողիկ գլոբալ ամնեզիայի մեկից ավելի դրվագներ կամ բժիշկը ձեզ մոտ կասկածում է որևէ ցնցումային հիվանդություն (օրինակ՝ էպիլեպսիա):
Հոդվածը հրապարակվել է՝ 04-08-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024