Որովայնային տիֆը և պարատիֆը միմյանց շատ նման սուր աղիքային վարակներ են:
Ավելի հավանական է, որ դուք այս հիվանդություններով վարակվեք զարգացող այնպիսի երկերներում, որոնք ունեն մաքուր խմելու ջրի և վատ սանհիգիենիկ վիճակի հետ կապված խնդիրներ:
Ի՞նչ են որովայնային տիֆը և պարատիֆը
Որովայնային տիֆը և պարատիֆը հարուցվում են Սալմոնելլա բակտերիայի երկու տարբեր տեսակներով՝ համապատասխանաբար Salmonella typhi և Salmonella paratyphi: Վարակի աղբյուր է հանդիսանում միայն հիվանդ կամ բակտերիակիր մարդը, որի օրգանիզմից հարուցիչներն արտազատվում են արտաքին միջավայր արտաթորանքներով, մեզով և թքով:
Որովայնային տիֆը և պարատիֆը գլխավորապես տարածված են աշխարհի այն տարածաշրջաններում, որտեղ առկա է վատ սանիտարահիգիենիկ վիճակ և մաքուր ջրի սահմանափակ մատչելիություն, մասնավորապես՝ Հնդկաստանում, Աֆրիկայում, Ասիայում, Հարավային և Կենտրոնական Ամերիկայում և Միջին Արևելքում:
Այս երկու հիվանդություններն էլ ընթանում են ընդհանուր թունավորումով (ինտոքսիկացիա) և գլխավորապես զստաղու (բարակ աղու մի հատվածի) ախտահարման երևույթներով:
Ինչե՞ս են վարակվում որովայնային տիֆով և պարատիֆով
Մարդկանց մեծ մասը որովայնային տիֆով և պարատիֆով հիվանդանում են վարակված ջրի և սննդի միջոցով:
Այս երկու վարակները կարող են տարածվել նաև վարակված մեզի և կղանքի, սեռական հարաբերության, ինչպես նաև վարակված մակերևույթների հետ շփվելիս (օրինակ՝ ծորակներ, զուգարաններ, խաղալիքներ, տակդիրներ և այլն):
Ախտահանիչ նյութերի ազդեցության տակ որովայնային տիֆի և պարատիֆի հարուցիչները ոչնչանում են 30-40 րոպեի ընթացքում։
Որովայնային տիֆի և պարատիֆի ախտանիշները
Որովայնային տիֆը և պարատիֆն ունեն միմյանց նման ախտաններ, սակայն պարատիֆն ունի ավելի մեղմ ընթացք: Երկու դեպքում էլ գանգատները զարգանում են աստիճանաբար, ավելի հաճախ հայտնվելով վարակվելուց 1-3 շաբաթ անց:
Բնորոշ ախտանիշներն են՝
- բարձր ջերմություն (տենդ)
- որովայնային ցավեր
- գլխացավ
- փորկապություն կամ սուր և ծանր փորլուծություն
- ստամոքսի (որովայնի) փքվածություն
- որովայնի, կրծքավանդակի, հազվադեպ՝ վերջույթների վրա վարդացան
- ընդհանուր թուլություն և ինքնազգացողության վատացում
- քաշի կորուստ
- շփոթվածություն:
Այս նշանները նման են տարբեր այլ հիվանդությունների գանգատներին:
Հիվանդությունն ընթանում է 4 փուլով՝ սկզբնական երևույթների շրջան (4-7 օր), ծաղկման շրջան, ռեկովալենսացիայի շրջան և ելքի շրջան:
Որովայնային տիֆի և պարատիֆի բարդությունները
Բարդություններից են՝
- աղիքային արյունահոսություն
- աղիքի թափածակում (պերֆորացիա)
- ինֆեկցիոն-տոքսիկ (սեպտիկ) շոկի:
Որովայնային տիֆի և պարատիֆի ախտորոշումը
Եթե կասկածում եք, որ վարակվել եք որովայնային տիֆով կամ պարատիֆով, հատկապես, եթե վերջերս այցելել եք բարձր ռիսկային երկրներ կամ տարածաշրջաններ, ապա պետք է անհապաղ այցելել ձեր բժշկին: Ձեր մեզի, կղանքի կամ արյան նմուշերը կարող են հետազոտվել՝ հայտնաբերելու Salmonella typhiև Salmonella paratyphi բակտերիաները:
Որովայնային տիֆի և պարատիֆի բուժումը
Չբուժվելու դեպքում որովայնային տիֆը և պարատիֆը կարող են դառնալ կյանքին սպառնացող վիճակներ: Բուժումը ներառում է առատ ջուր, հեղուկներ կամ ռեհիդրատացիոն ընպելիքներ խմելը, ինչպես նաև բժշկի կողմից նշանակված հակաբիոտիկներ ընդունելը:
Որովայնային տիֆի և պարատիֆի կանխարգելումը
Դուք կարող եք նվազեցնել վարակման ռիսկը հետևյալ պարզ քայլերով՝
- ընդունեք միայն լավ լվացած կամ մաքրված սնունդ, խոհարարական մշակում անցած կերակուրներ
- խմեք միայն շշալցված կամ մաքրված-զտված ջուր
- խուսափեք հում մթերքներ, այդ թվում՝ ձկնեղեն և մսեղեն, չպաստերիզացված կաթնամթերքներ օգտագործելուց
- կանոնավոր կերպով օճառաջրով լվացեք ձեռքերը, հատկապես զուգարանից օգտվելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ:
Որովայնային տիֆի համար կան նաև պատվաստանյութեր՝ ինչպես խմելու, այնպես էլ ներարկման ձևով: Պարատիֆի պատվաստանյութ գոյություն չունի:
Որովայնային տիֆի դեմ պատվաստում
Պատվաստումը որովայնային տիֆից լավագույն պաշտպանությունն է: Ստորև աղյուսակում դուք կարող եք գտնել որովայնային տիֆի դեմ պատվաստման հետ կապված հաճախակի տրվող որոշ հարցերի պատասխաններ:
Ե՞րբ ստանալ պատվաստումը | Զրուցեք ձեր բժշկի հետ՝ բարձր ռիսկային երկիր կամ տարածաշրջան մեկնելուց 6-12 շաբաթ առաջ: |
Քանի՞ դեղաչափ է անհրաժեշտ | 1 ներարկում կամ 3-4 խմելու հաբ |
Ինչպե՞ս է պատվաստանյութը տրվում | Ներարկման կամ խմելու միջոցով |
Ավելի հաճախ հանդիպող կողմնակի ազդեցությունները | Պատվաստանյութը խիստ անվտանգ է: Հնարավոր անցանկալի ազդեցություններից են որովայնի շրջանում անհարմարավետության զգացումը (դիսկոմֆորտ), փորլուծություն, սրտխառնոց, փսխում կամ մաշկային ցանավորում: |
Հոդվածը հրապարակվել է՝ 26-03-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024